1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ

1 Պօղոսը՝ Աստծու կամքով Յիսուս Քրիստոսի առաքեալը լինելու կոչուածը, եւ Սոսթենէս եղբայրը,
2 Աստծու այդ եկեղեցուն, որ Կորնթոսում է, Քրիստոս Յիսուսին նուիրուածներիդ, սուրբ լինելու կոչուածներիդ, բոլորի հետ միասին, որոնք ամէն տեղ պաշտում են անունը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ նրանց եւ մեր Տէրն է,
3 շնո՜րհ ձեզ եւ խաղաղութիւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։
4 Ամէն ժամ գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն ձեզ համար եւ Աստծու շնորհների համար, որ տրուած են ձեզ Քրիստոս Յիսուսով.
5 որովհետեւ ամէն բանի մէջ դուք նրանով հարստացաք՝ ամէն խօսքով եւ ամենայն գիտութեամբ,
6 ինչպէս որ Աստծու վկայութիւնն իսկ հաստատուեց ձեր մէջ։
7 Դուք պակաս չլինէք եւ ոչ մի շնորհից՝ սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի յայտնութեանը։
8 Նա, որ հաստատ կը պահի ձեզ մինչեւ վախճանը, անարատ՝ մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի գալու օրը։
9 Հաւատարիմ է Աստուած, որից կանչուեցիք հաղորդակից լինելու նրա Որդուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսին։
10 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նոյն խօսքը ունենաք. եւ ձեր մէջ բաժանումներ չլինեն. քանզի հաստատ էիք նոյն մտքի եւ նոյն մտածման մէջ։
11 Եղբայրնե՛ր, ձեր մասին Քղուէի տնեցիներից ինձ տեղեկացուեց, թէ հակառակութիւններ կան ձեր մէջ։
12 Եւ արդ, ասում եմ. ձեզնից իւրաքանչիւրն ասում է՝ ես Պօղոսեան եմ, եւ միւսը, թէ՝ ես Ապողոսեան, եւ միւսը, թէ՝ ես՝ Կեփասեան, եւ միւսը թէ՝ ես՝ Քրիստոսեան.
13 իսկ արդ, միթէ բաժանուա՞ծ է Քրիստոս. միթէ Պօղո՞սը խաչուեց ձեզ համար. կամ՝ Պօղոսի՞ անունով մկրտուեցիք։
14 Գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն, որ ձեզնից ոչ ոքի չմկրտեցի, այլ միայն՝ Կրիսպոսին եւ Գայիոսին,
15 որպէսզի ոչ ոք չասի, թէ իմ անունով էք մկրտուել։
16 Ստեփանոսի ընտանիքն էլ մկրտեցի։ Չգիտեմ ամենեւին ուրիշ մէկին, որ մկրտած լինեմ։
17 Քանզի Քրիստոս ինձ չուղարկեց մկրտելու, այլ՝ աւետարանելու, ոչ թէ խօսքերի ճարտարութեամբ, որպէսզի Քրիստոսի խաչը ընդունայն չլինի.
18 որովհետեւ կորստեան մատնուածների համար խաչի քարոզութիւնը յիմարութիւն է, իսկ մեզ՝ փրկուածներիս համար՝ Աստծու զօրութիւն.
19 քանի որ գրուած է. Պիտի կործանեմ իմաստունների իմաստութիւնը եւ հանճարեղների մտածումները պիտի արհամարհեմ։
20 Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր՝ բանգէտը, ո՞ւր՝ այս աշխարհի քննողը։ Չէ՞ որ Աստուած յիմարացրեց այս աշխարհի իմաստութիւնը. քանզի աշխարհն իր իմաստութեամբ չճանաչեց Աստծուն նրա իմաստութեամբ։
21 Աստուած էլ հաճեց փրկել հաւատացեալներին այդ քարոզութեան յիմարութեամբ։
22 Իսկ որովհետեւ հրեաները նշան են հայցում, եւ հեթանոսները իմաստութիւն են փնտռում,
23 մենք քարոզում ենք խաչուած Քրիստոսին՝ ի գայթակղութիւն հրեաների եւ ի յիմարութիւն հեթանոսների.
24 բայց նրանց համար, որ կանչուած են, հրեաներ թէ հեթանոսներ, Քրիստոսը Աստծու զօրութիւնն ու Աստծու իմաստութիւնն է.
25 որովհետեւ Աստծու յիմարն աւելի իմաստուն է, քան մարդկային իմաստութիւնը, եւ Աստծու տկարն աւելի զօրեղ է, քան մարդկային զօրութիւնը։
26 Իրաւ որ, եղբայրնե՛ր, ձեր իսկ կոչումին նայեցէ՛ք. ըստ մարմնի՝ ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզօրներ եւ ոչ շատ ազնուականներ կանչուեցին.
27 բայց Աստուած ընտրեց այս աշխարհի յիմարներին, որպէսզի ամաչեցնի իմաստուններին. եւ Աստուած ընտրեց այս աշխարհի տկարներին, որպէսզի ամաչեցնի հզօրներին.
28 եւ Աստուած աշխարհի ոչ-տոհմիկներին, արհամարհուածներին եւ ոչինչներին ընտրեց, որպէսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի.
29 որպէսզի ոչ մի մարդկային էակ չպարծենայ Աստծու առաջ.
30 որովհետեւ նրանո՛վ դուք կաք Քրիստոս Յիսուսի մէջ, որը եղաւ մեզ համար Աստծուց եկած իմաստութիւն, արդարութիւն, սրբութիւն եւ փրկութիւն,
31 որպէսզի, ինչպէս գրուած էլ է. Նա, ով պարծենում է, թող պարծենայ Տիրոջով։