ՅԵՍՈՒ. Chapter 20

1 Ղեւտացիների նահապետները մօտեցան Եղիազար քահանային, Նաւէի որդի Յեսուին եւ Իսրայէլի որդիների ցեղերի ու տոհմերի նահապետներին,
2 խօսեցին նրանց հետ Սելովում, քանանացիների երկրում եւ ասացին. Տէրը Մովսէսի միջոցով հրամայել է, որ մեզ բնակուելու համար քաղաքներ եւ մեր անասունների համար նրանց արտերը տրուեն։
3 Եւ իսրայէացիները Տիրոջ հրամանով ղեւտացիներին ժառանգութիւն տուին այս քաղաքներն ու դրանց արտերը։
4 Վիճակը դուրս եկաւ Կահաթի տոհմին. եւ Ահարոնի որդիներին՝ ղեւտացի քահանաներին վիճակով հասան տասներեք քաղաքներ Յուդայի ցեղից, Շմաւոնի ցեղից եւ Բենիամինի ցեղից։
5 Իսկ Կահաթի միւս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմից, Դանի ցեղից եւ Մանասէի կէս ցեղից վիճակով բաժին հասան տասը քաղաքներ։
6 Գեթսոնի որդիներին Իսաքարի ցեղի ազգատոհմից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից եւ Բասանի մէջ եղող Մանասէի կէս ցեղից վիճակով հասան տասներեք քաղաքներ։
7 Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբէնի ցեղից, Գադի ցեղից եւ Զաբուղոնի ցեղից վիճակով հասան տասներկու քաղաքներ։
8 Իսրայէլացիները վիճակով ղեւտացիներին տուին այս քաղաքները եւ դրանց արտերը, ինչպէս որ Տէրը պատուիրել էր Մովսէսին։
9 Յուդայի, Շմաւոնի եւ Բենիամինի որդիների ցեղերը իրենց անունով կոչուած այս քաղաքները տուին
10 Ահարոնի որդիներին, որոնք Ղեւիի որդիներից՝ Կահաթի տոհմից էին, քանի որ առաջին վիճակը նրանց էր դուրս եկել։
11 Նրանց տուին Ենակի քաղաքամայր Կարիաթարբոկը, այսինքն՝ Քեբրոնը Յուդայի լերան վրայ, նրա շուրջը եղած արտերը,
12 նրա ագարակները եւ աւանները։ Դրանք Յեսուն որպէս կալուածք տուեց Յեփոնիի որդի Քաղէբին։
13 Ահարոնի որդիներին՝ քահանաներին տուին նաեւ սպանողի համար ապաստանի քաղաքներ՝ Քեբրոնը եւ նրա արուարձանները, Ղեբնան եւ նրա արուարձանները,
14 Յեթերը եւ նրա արուարձանները, Յեսթեմովը եւ նրա արուարձանները,
15 Աղոնը եւ նրա արուարձանները, Դաբիրը եւ նրա արուարձանները,
16 Այինը եւ նրա արուարձանները, Յետտան եւ նրա արուարձանները, Բեթսամիւսը եւ նրա արուարձանները՝ ինը քաղաքներ այդ երկու ցեղից։
17 Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբաւոնը եւ նրա արուարձանները,
18 Անաթոթը եւ նրա արուարձանները, Սաղմոնը եւ նրա արուարձանները, Գաբեէն եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։
19 Ահարոնի որդիների՝ քահանաների բոլոր քաղաքները տասներեքն էին իրենց արտերով։
20 Կահաթի որդիների տոհմի ղեւտացիներին՝ Կահաթի մնացած որդիներին, քաղաքներ բաժին հասան Եփրեմի ցեղից։
21 Նրանց տուին սպանողի համար ապաստանի քաղաքներ՝ Սիւքէմը եւ նրա արուարձանները Եփրեմի լերան վրայ, Գազերը եւ նրա արուարձանները,
22 Կաբսեմը եւ նրա արուարձանները, Վերին Բեթորոնը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։
23 Դանի ցեղից՝ Եղթեկովը եւ նրա արուարձանները, Գեբեթոնը եւ նրա արուարձանները,
24 Յաղոնը եւ նրա արուարձանները, Գեթրեմոնը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։
25 Մանասէի կէս ցեղից՝ Թանաքը եւ նրա արուարձանները, Բեթսանը եւ նրա արուարձանները՝ երկու քաղաքներ։
26 Կահաթի որդիների մնացած տոհմերի բոլոր քաղաքներն իրենց արուարձաններով թուով տասն էին։
27 Գեթսոնի որդիներին՝ Ղեւտացիների ազգականներին, Մանասէի կէս ցեղից տուին սպանողի համար առանձնացուած ապաստանի քաղաքներ Գողանը Բասանաստանում ու նրա արուարձանները եւ Բէեստարան ու նրա արուարձանները՝ երկու քաղաքներ։
28 Իսաքարի ցեղից՝ Կեսիոնը եւ նրա արուարձանները, Դաբրաթը եւ նրա արուարձանները,
29 Երիմոթը եւ նրա արուարձանները, Նամակաց աղբիւրը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։
30 Ասերի ցեղից՝ Մասաաղը եւ նրա արուարձանները, Աբդոնը եւ նրա արուարձանները,
31 Քեղկաթը եւ նրա արուարձանները, Ռոբը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։
32 Նեփթաղիմի ցեղից՝ սպանողի համար առանձնացուած ապաստանի քաղաքներ՝ Կադէսը Գալիլիայում եւ նրա արուարձանները, Եմաթդորը եւ նրա արուարձանները, Նոյեմոնը եւ նրա արուարձանները՝ երեք քաղաքներ։
33 Գեթսոնի բոլոր քաղաքներն ըստ իրենց տոհմերի տասներեքն էին՝ իրենց արուարձաններով հանդերձ։
34 Մերարիի որդիների տոհմին, այսինքն՝ մնացած ղեւտացիներին տուին Զաբուղոնի որդիների ցեղից՝ Յեկնամը եւ նրա արտերը, Կադէսը եւ նրա արտերը, Կարթան եւ նրա արտերը,
35 Դեմնան եւ նրա արտերը, Նաաղողը եւ նրա արտերը՝ հինգ քաղաք։
36 Յորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց, Ռուբէնի ցեղից, որպէս ապաստանի քաղաքներ, սպանողի համար տուին Բոսորը Միսորի անապատում եւ նրա արտերը, Յազերը եւ նրա արտերը,
37 Կեդսոնը եւ նրա արտերը, Մասփան եւ նրա արտերը՝ չորս քաղաք։
38 Գադի ցեղից, որպէս ապաստանի քաղաքներ, սպանողի համար տուին Ռամոթը Գաղաադում եւ նրա արտերը, Մանայամը եւ նրա արտերը,
39 Եսեբոնը եւ նրա արտերը, Ազերը եւ նրա արտերը՝ ընդամէնը չորս քաղաք։
40 Ղեւիի ցեղից մնացած Մերարիի որդիների բոլոր քաղաքները, ըստ իրենց տոհմերի, եղան տասներկուսը։
41 Իսրայէլացիների կալուածքների մէջ ղեւտացիների բոլոր քաղաքներն ընդամէնը քառասունութն էին՝ այդ քաղաքների շուրջը եղած իրենց արտերով հանդերձ։
42 Այդ քաղաքներն իրենց շուրջն ունէին արտեր. այդպէս էին այդ բոլոր քաղաքները։ Եւ Յեսուն աւարտեց երկրի բաժանումն իր սահմաններով։ Իսրայէլացիները Տիրոջ հրամանի համաձայն Յեսուին բաժին տուին այն քաղաքը, որ նա խնդրեց՝ Թամնասաքարը Եփրեմի լերան վրայ։ Յեսուն շինեց քաղաքը եւ բնակուեց նրա մէջ։ Եւ Յեսուն վերցրեց այն քարէ սրերը, որոնցով թլփատել էր անապատի ճանապարհին ծնուած իսրայէլացիներին, քանի որ նրանք չէին թլփատուել անապատում։ Յեսուն այդ քարերը վար դրեց Թամնասաքարում։
43 Եւ Տէրն իսրայէլացիներին տուեց այն ամբողջ երկիրը, որ երդուել էր տալ նրանց հայրերին. եւ նրանք ժառանգեցին այն ու բնակուեցին նրա մէջ։
44 Տէրը նրանց հանգիստ տուեց երկրի բոլոր սահմաններում, ինչպէս երդուել էր նրանց հայրերին. եւ նրանց թշնամիներից ոչ ոք դուրս չեկաւ նրանց դէմ, որովհետեւ նրանց բոլոր թշնամիներին Տէրը մատնել էր նրանց ձեռքը։
45 Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խօսքերից, որ ասել էր Տէրն իսրայէլացիներին, այլ ամէն բան կատարուեց։