ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 12

1 Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ողորմութեամբ Աստծու, որ պատրաստէք ձեր մարմինները որպէս զոհ կենդանի, սուրբ, աստուածահաճոյ. ա՛յդ է ձեր բանական պաշտամունքը։
2 Եւ այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք, այլ նորոգուեցէ՛ք ձեր մտքի նորոգութեամբ, որպէսզի դուք քննէք լաւը, եւ թէ ի՛նչ է Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը։
3 Աստծու ինձ տուած շնորհով այս եմ ասում ձեզնից իւրաքանչիւրին. դուք ձեզ աւելի մի՛ գնահատէք, քան ինչ որ է ձեր արժանիքը. այլ իւրաքանչիւրդ ձեր մասին խորհեցէ՛ք զգաստութեամբ, այն հաւատի չափով, որ Աստուած բաժանեց։
4 Ինչպէս մի մարմնի մէջ բազում անդամներ ունենք, եւ բոլոր անդամները նոյն գործը չեն անում,
5 այդպէս եւ մենք, թուով շատ, մի մարմին ենք Քրիստոսով, բայց իւրաքանչիւրս միմեանց անդամ ենք։
6 Բայց մենք ունենք տեսակ-տեսակ պարգեւներ, ըստ այն շնորհների, որ տրուած են մեզ. եթէ մարգարէութեան շնորհ է՝ ըստ հաւատի չափի.
7 եթէ ծառայութեան՝ թող ծառայի. եթէ մէկն ուսուցանում է, թող ուսուցանի.
8 եթէ յորդորում է՝ թող յորդորի. ով առատաձեռն է՝ թող անի զուարթութեամբ. ով վերակացու է՝ փութաջանութեամբ. ով ողորմում է՝ խնդութեամբ։
9 Սէր՝ առանց կեղծիքի. ատելով չարը՝ ընթանալ բարու յետեւից.
10 եղբայրասիրութեան մէջ՝ միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ՝ միմեանց գերազանցել.
11 ջանասիրութեան մէջ չլինել թուլասիրտ. հոգո՛վ եռացէք. Տիրո՛ջը ծառայեցէք.
12 յոյսո՛վ ուրախացէ՛ք. նեղութեան համբերեցէ՛ք, յաճախակի աղօթեցէ՛ք.
13 հաղորդակի՛ց եղէք սրբերի կարիքներին. հետամո՛ւտ եղէք հիւրասիրութեան։
14 Օրհնեցէ՛ք ձեզ հալածողներին. օրհնեցէ՛ք եւ մի՛ անիծէք.
15 ուրախացողների հետ ուրախանալ. լացողների հետ լալ.
16 համերա՛շխ եղէք միմեանց հետ. մի՛ մեծամտացէք, այլ խոնա՛րհ եղէք խոնարհների հանդէպ. դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրէք.
17 մէկի չարի փոխարէն չար մի՛ հատուցէք. խորհեցէ՛ք բարին՝ բոլոր մարդկանց առաջ.
18 ինչ չափով հնարաւոր է ձեզ համար, բոլոր մարդկանց հետ խաղաղութիւն պահեցէ՛ք.
19 ինքներդ վրէժխնդիր մի՛ եղէք, սիրելինե՛ր, այլ թո՛յլ տուէք, որ Աստծու բարկութիւնը կատարի այն. որովհետեւ գրուած է. Իմն է վրէժխնդրութիւնը, եւ ես կը հատուցեմ, - ասում է Տէրը.
20 այլեւ՝ Եթէ քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եւ եթէ՝ ծարաւ, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կը կուտակես նրա գլխին։
21 Թոյլ մի՛ տուր, որ չարը յաղթի քեզ, այլ բարիո՛վ յաղթիր չարին։