ՍԱՂՄՈՍ. Chapter 83

1 Այսուհետեւ՝ հնձանների մասին. սաղմոս Կորխի որդիներին
2 Որքա՜ն հաճելի է քո յարկի տակ, զօրութիւնների՛ Տէր. իմ հոգին քո գաւիթն է ցանկանում ու փափագում։
3 Սիրտս ու մարմինս ցնծում են կենդանի Աստուծով.
4 քանզի ճնճղուկը գտաւ տունն իր, տատրակն իր բոյնը, որտեղ ձագեր պիտի դնի.գտաւ քո սեղանը, զօրութիւնների՛ Տէր, թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ։
5 Երանի բոլոր նրանց, ովքեր բնակւում են Տիրոջ տանը, նրանք յաւիտեանս յաւիտենից պիտի օրհնեն քեզ։
6 Երանի այն մարդուն, որի օգնութիւնը քեզնից է, եւ որը մտքում դրեց ելնել
7 տրտմութեան հովտից այն վայրը, ուր ուխտ արեց։ Նա օրհնութիւն պիտի մատուցի օրէնսդրին։
8 Զօրութիւնից զօրութիւն պիտի ընթանայ, եւ Աստուած պիտի երեւայ Սիոնում։
9 Զօրութիւնների Տէ՛ր Աստուած, լսի՛ր իմ աղօթքը, ակա՛նջ դիր, Յակոբի՛ Աստուած։
10 Դու ապաւէն ես մեր. տե՛ս, Աստուա՛ծ, ու նայի՛ր քո օծեալի երեսին,
11 քանզի ինձ համար քո գաւթում լինելու մէկ օրը հազար օր արժէ։ Ես նախընտրեցի ընկեցիկ լինել Աստծու տան մէջ, քան մեղաւորների յարկի տակ բնակուել։
12 Ողորմութիւն ու ճշմարտութիւն է սիրում Տէր Աստուածը մեր, որը շնորհք ու փառք պիտի տայ։
13 Տէրն իր ողորմութիւնը չի զլանայ նրանց, ովքեր անմեղութեամբ են ընթանում։ Զօրութիւնների՛ Տէր Աստուած, երանելի է այն մարդը, ով յոյսը քեզ վրայ է դրել։