ՍԱՂՄՈՍ. Chapter 26

1 Տէրն իմ լոյսն է ու կեանքը, ո՞ւմից վախենամ. Տէրն իմ կեանքի ապաւէնն է, ո՞ւմից ես դողամ։
2 Երբ չարագործ նեղիչներս ու թշնամիներս մօտեցան ինձ՝ մարմինս ուտելու, նրանք թուլացան ու ընկան։
3 Եթէ իմ դէմ պատերազմ պատրաստուի, սիրտս չի սոսկայ. եթէ իմ դէմ ճակատամարտի ելնեն, միեւնոյն է, Տէ՛ր, յոյսս քեզ վրայ եմ դնելու։
4 Մի բան եմ խնդրել Տիրոջից, եւ նոյնն եմ աղաչում, որ կեանքիս բոլոր օրերին բնակուեմ Տիրոջ տանը, տեսնեմ Տիրոջ վայելչութիւնը եւ վերահսկեմ նրա տաճարում։
5 Չար օրերին նա ինձ թաքցրեց իր վրանում, պատսպարեց ինձ իր վրանի ծածկի տակ։
6 Ժայռից բարձր պահեցիր ինձ, այժմ էլ գլուխն իմ բարձրացրո՛ւ թշնամիներիս վրայ։ Շրջեմ եւ օրհնութեան պատարագ մատուցեմ Նրա վրանում, օրհներգեմ եւ սաղմոս երգեմ Տիրոջը։
7 Լսի՛ր ձայնն իմ, Տէ՛ր, քանզի քեզ կանչեցի, ողորմի՛ր ինձ եւ ակա՛նջ դիր,
8 քանզի սիրտն իմ քեզ դիմեց, եւ հայեացքն իմ փնտռեց, փնտռեց քո երեսը, Տէ՛ր։
9 Մի՛ դարձրու երեսդ ինձնից եւ բարկութեամբ մի՛ շրջուիր քո ծառայից։ Իմ օգնականն եղիր, Տէ՛ր, եւ մի՛ անարգիր ինձ ու մի՛ լքիր, փրկիչ Աստուա՛ծ իմ։
10 Իմ հայրն ու մայրը լքեցին ինձ, բայց Տէրն ինձ ընդունեց։
11 Սովորեցրո՛ւ ինձ, Տէ՛ր, քո ճանապարհը եւ առաջնորդի՛ր ինձ քո ուղիղ շաւիղներով։
12 Իմ թշնամիների պատճառով ինձ նեղողների ձեռքը մի՛ մատնիր. Իմ դէմ մեղսագործ վկաներ ելան եւ չարախօսեցին ինձ իրենց անիրաւութեամբ։
13 Հաւատում եմ, որ կը տեսնեմ Տիրոջ բարութիւնը ողջերի երկրում։
14 Սպասի՛ր Տիրոջն ու քաջալերուի՛ր, սիրտդ թող ամրապնդուի, Տիրո՛ջն սպասիր։