ՍԱՂՄՈՍ. Chapter 61

1 Այսուհետեւ՝ Իդիթոմի մասին սաղմոս Դաւթի
2 Միայն Աստծո՛ւն հնազանդ եղիր, հոգի՛ իմ, քանզի նրանից է փրկութիւնս։
3 Նա է Աստուածն իմ ու փրկիչն իմ, ապաւէնն իմ, որ էլ չսասանուեմ։
4 Մինչեւ ե՞րբ ամէնքդ պիտի յարձակուէք մարդու վրայ՝ կործանելու նրան թեքուած պարսպի ու խախտուած ցանկապատի պէս։
5 Նրանք ինձ պատուից զրկելու մասին էին մտածում միայն՝ տոչորուելով նախանձից։ Իրենց բերանով օրհնում էին, բայց իրենց սրտով անիծում։
6 Սակայն իմ հոգին հնազանդ կը մնայ Աստծուն, քանզի նրանի՛ց է իմ համբերութիւնը։
7 Նա է Աստուածն իմ ու փրկիչն իմ, ապաւէնն իմ, որ չսասանուեմ։
8 Աստծուց է զօրութիւնն ու փառքն իմ, Աստուած է օգնականն իմ եւ Աստծու վրայ է յոյսն իմ։
9 Ձեր յոյսը դրէ՛ք նրա վրայ, ժողովուրդների ո՛ղջ բազմութիւններ, բացէ՛ք նրա առջեւ սրտերը ձեր, քանզի Աստուած օգնականն է մեր յաւիտեանս յաւիտենից։
10 Հանգիստ
11 Սակայն ունայն են մարդկանց որդիները, սուտ են որդիները մարդկանց, իրենց կշռով անարդար ենեւ իրենք ամէնքն էլ ունայնութեան մէջ են։
12 Յոյս մի՛ դրէք անիրաւութեան վրայ, յափշտակութիւն մի՛ ցանկանաք, եթէ հարստութիւնն առուի պէս իսկ հոսի,թող ձեր սրտերը չցանկանան։
13 Մի անգամ խօսեց Աստուած, եւ երկու անգամ լսեցինք այս բանը։
14 Աստծունն է զօրութիւնը, եւ քոնն է, Տէ՛ր, ողորմութիւնը, դու ես հատուցում իւրաքանչիւրին ըստ իր գործերի։