ՍԱՂՄՈՍ. Chapter 43

1 Այսուհետեւ՝ Կորխի որդիների իմաստութիւնը.սաղմոս Դաւթի
2 Աստուա՛ծ, մեր ականջներով լսեցինք, մեր հայրերը մեզ պատմեցին այն գործը, որ կատարեցիր նրանց օրերում՝ հին օրերում։
3 Քո ձեռքն արմատախիլ արեց հեթանոսներին,եւ նրանց փոխարէն մե՛զ տնկեցիր, հաստատեցիր. չարչարեցիր ժողովուրդներին ու արտաքսեցիր նրանց։
4 Նրանք երկիրն իրենց սրով չժառանգեցին, ոչ էլ իրենց բազուկն էր, որ նրանց փրկեց, այլ՝ քո աջը, քո բազուկը եւ քո երեսի լոյսը, քանզի դու բարեհաճ եղար նրանց հանդէպ։
5 Դու ինքդ ես իմ թագաւորն ու իմ Աստուածը, որ Յակոբի փրկութեան հրամանն արձակեց։
6 Քեզնո՛վ պիտի կործանենք մեր թշնամիներին, եւ քո անուամբ արհամարհենք մեր դէմ ելնողներին։
7 Յոյսս չեմ դրել իմ աղեղի վրայ, եւ ոչ էլ սուրս պիտի փրկի ինձ։
8 Այլ դու փրկեցիր մեզ մեր թշնամիներից եւ մեզ ատողներին ամօթահար արեցիր։
9 Հանապազ Աստուծով պարծենանք եւ յաւիտեան գոհութիւն մատուցենք նրա անուանը։
10 Սակայն դու մերժեցիր ու խայտառակեցիր մեզ եւ մեր զօրքերի հետ մարտի չելար, ո՛վ Աստուած։
11 Մեզ յետ մղեցիր մեր թշնամիներից, եւ մեզ ատողները մեզ կողոպտեցին։
12 Մեզ ոչխարի պէս մորթելու յանձնեցիր եւ մեզ ցրեցիր հեթանոսների մէջ։
13 Քո ժողովրդին վաճառեցիր ոչինչ գնով, եւ մեր աղաղակը չափ չունեցաւ։
14 Մեր հարեւանների նախատինքին արժանացրիր մեզ եւ մեր շուրջը գտնուողների խայտառակ ծաղրուծանակին։
15 Մեզ խաղք դարձրիր հեթանոսների մէջ, եւ ժողովուրդները գլուխ թափ տուեցին։
16 Ամէն օր իմ նախատինքն առջեւս է, եւ երեսիս ամօթը պատել է ինձ՝
17 նախատողի ու չարախօսի ձայնից, թշնամու եւ հալածողի երեսից։
18 Այս ամէնը մեզ վրայ եկաւ, բայց մենք քեզ չմոռացանք,չդրժեցինք քո ուխտը,
19 եւ մեր սրտերով յետ չդարձանք քեզանից. դու շեղեցիր մեր շաւիղը քո ճանապարհից։
20 Տաժանավայրում մեզ ծնկի բերիր, եւ մահուան ստուերները պատեցին մեզ։
21 Միթէ մոռացե՞լ ենք մեր Աստծու անունը կամ ձե՞ռք ենք մեկնել օտար աստուածների.
22 չէ՞ որ Աստուած դա կ՚իմանայ, քանի որ նա քննում է գաղտնիքները մեր սրտի։ Մենք ամէն օր զոհւում ենք քեզ համար, կարծես մորթելու ոչխարներ լինենք։
23 Զարթնի՛ր, ինչո՞ւ ես ննջում, Տէ՛ր. ելիր եւ մի՛ մերժիր մեզ իսպառ։
24 Ինչո՞ւ ես երեսդ շրջում մեզանից, մոռանում մեր աղքատութիւնն ու նեղութիւնները։
25 Մեր անձերը մինչեւ գետին կորացան, եւ մեր մէջքը դիպաւ հողին։
26 Ելի՛ր, Տէ՛ր, օգնի՛ր եւ փրկի՛ր մեզ յանուն քո անուան։