ՍԱՂՄՈՍ. Chapter 101

1 Բորոտի աղօթքը, երբ նա իր անձկութեան մէջ Տիրոջ առաջ դրեց իր խնդրանքները
2 Տէ՛ր, լսի՛ր իմ աղօթքը, աղաղակս թող հասնի քեզ։
3 Մի՛ շրջիր երեսդ ինձնից, նեղութեանս օրը ի՛նձ մօտեցրու ականջը քո. երբ ձայն տամ քեզ՝ իսկոյն լսի՛ր ինձ։
4 Ծխի պէս սպառուեցին օրերն իմ, եւ ոսկորներս չորացան ինչպէս խռիւ։
5 Սիրտս խոցուեց եւ ցամաքեց խոտի պէս, հեծութեանս ձայնից հաց ուտելս մոռացայ։
6 Ոսկորս մարմնիս կպաւ, եւ նմանուեցի անապատի հաւալուսնին։
7 Եղայ ինչպէս բու աւերակներում, տքնեցի ու դարձայ ինչպէս մենաւոր ճնճղուկ տանիքում։
8 Թշնամիներս ամէն օր նախատեցին ինձ, եւ ինձ գովողներն ինձնով երդուեցին։
9 Մոխիր կերայ հացի տեղ,եւ ըմպելիքս արտասուքով խառնեցի
10 քո բարկութեան ու զայրոյթի պատճառով, քանզի դու ինձ բարձրացրիր եւ վայր գցեցիր։
11 Օրերս անցան ստուերի պէս, եւ ես ցամաքեցի ինչպէս խոտ։
12 Դու, Տէ՛ր, յաւերժ ես, եւ սերնդից սերունդ է յիշատակը քո։
13 Դու պիտի ելնես, որ գթաս Սիոնին.ժամանակն է գթալու նրան, հասել է ժամը։
14 Ծառաներդ նրա քարերը հաւանեցին,ու գթացին նրա հողին։
15 Հեթանոսները պիտի սոսկան քո անունից, եւ երկրի բոլոր թագաւորները՝ քո փառքից։
16 Տէրը պիտի Սիոնը վերաշինի, եւ իր փառքով երեւայ այնտեղ։
17 Ուշ դարձրեց նա խեղճերի աղօթքին,եւ չարհամարհեց խնդրանքը նրանց։
18 Սա պիտի գրուի այլ սերնդի համար, որպէս ժառանգութիւն ստացած նրա ժողովուրդը պիտի օրհնի Տիրոջը։
19 Նայեց նա իր սրբութեան բարձրութիւնից, Տէրն երկնքից երկիր նայեց՝
20 բանտարկեալների հառաչանքը լսելու եւ մահապարտների որդիներին ազատ արձակելու համար,
21 որ Սիոնում պատմեն անունը Տիրոջ,եւ Երուսաղէմում՝ գովքը նրա,
22 որ ժողովուրդներն իրար մօտ հաւաքուեն, եւ թագաւորները Տիրոջը ծառայեն։
23 Նա պատասխանեց նրան իր հզօրութեան ճանապարհին. Ասա՛ ինձ սակաւութիւնն իմ օրերի,
24 եւ ինձ մի՛ վերցրու օրերիս կէսին, քանզի յաւերժ են տարիները քո։
25 Ի սկզբանէ, Տէ՛ր, երկրի հիմքերն հաստատեցիր, եւ երկինքն էլ գործն է քո ձեռքերի։
26 Կ՚անցնեն դրանք, բայց դու կաս եւ կը մնաս յաւիտեան. ամէն ինչ ձորձի պէս կը մաշուի, դու վերարկուի պէս կը փոխես դրանք, ու դրանք կը փոխուեն։
27 Բայց դու նոյնը կը մնաս, եւ քո տարիները չեն անցնի։
28 Քո ծառաների որդիները կը բնակուեն այնտեղ, եւ նրանց սերնդին յաւիտեան յաջողութիւնը կ՚ուղեկցի։