ՍԱՂՄՈՍ. Chapter 59

1 Այսուհետեւ անցած ժամանակների մասին ուսանելու համար.
2 արձանագիր սաղմոս Դաւթի, երբ նա հրի մատնեց Միջագետքն ու Սոբողի Ասորեստանը, իսկ ետ դառնալիս Յովաբն Աղի ձորում կոտորեց տասներկու հազար մարդ։
3 Աստուա՛ծ, մեզ լքեցիր ու քարուքանդ արիր, բարկացար, բայց պիտի գթաս մեզ։
4 Ցնցեցիր երկիրն ու խռովութեան մատնեցիր այն, բուժի՛ր նրա ստացած հարուածները, քանզի նա սասանուեց։
5 Քո ժողովրդին խստութիւն ցոյց տուիր եւ մեզ թմրութեան գինի խմեցրիր։
6 Երկիւղածներիդ նշան դու տուիր, որ փրկութիւն գտնեն աղեղից։
7 Ինչպէս որ քո սիրելիները փրկուեցին, այնպէս էլ քո աջով պահպանի՛ր եւ լսի՛ր մեզ։
8 Աստուած խօսեց իր սրբարանից. Ես պիտի ցնծամ ու բարձրանալով՝ բաժանեմ Սիւքէմը եւ վրանների հովիտը չափեմ։
9 Իմն է Գաղաադն ու իմն է Մանասէն, Եփրեմն իմ գլխի սաղաւարտն է։
10 Յուդան թագաւորս է, Մովաբը՝ յոյսիս աւազանը։ Դէպի Եդոմէ պիտի ուղղեմ երթն իմ, քանզի այլազգիներն ինձ հնազանդուեցին։
11 Ո՞վ ինձ կը տանի բերդաքաղաք, կամ ո՞վ ինձ կ՚առաջնորդի մինչեւ Եդոմէ,
12 եթէ ոչ դու, Աստուա՛ծ, որ լքեցիր մեզ եւ մեր զօրքերի հետ չելար, Աստուա՛ծ։
13 Նեղութեան մէջ օգնութիւն ցո՛յց տուր մեզ, քանզի ունայն է փրկութիւնը մարդու։
14 Աստուծով քաջութիւն կը գործենք, եւ նա կ՚արհամարհի մեզ նեղողներին։