ՍԱՂՄՈՍ. Chapter 55

1 Այսուհետեւ՝ ժողովրդի մասին, որը հեռացել էր սրբերից. արձանագիր սաղմոս Դաւթի, երբ այլազգիները նրան բռնել էին Գէթում.
2 Ողորմի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի մարդն ինձ կոխոտեց, ամենօրեայ պատերազմներն ինձ նեղեցին։
3 Թշնամիներս գիշեր-ցերեկ ինձ ոտնատակ արին, եւ շատերն իմ դէմ մարտնչեցին բարձունքից։
4 Օրը ցերեկով չեմ վախենայ, քանզի յոյսս դրել եմ Տիրոջ վրայ։
5 Աստծու խօսքով պիտի կատարեմ իմ գովաբանութիւնը. Աստծու վրայ դրի իմ յոյսը ու չեմ սոսկալու. մարդն ինձ ի՞նչ կարող է անել։
6 Ամէն օր խօսքերս անարգեցին, նրանց չար խորհուրդներն իմ դէմ եղան։
7 Նրանք պանդուխտ կը լինեն ու գաղտագողի կը շրջեն։Նրանք հետապնդում են ինձ, ինչպէս իմ մահը ցանկացող մարդիկ։
8 Որպէս ոչնչութիւն դու կը մերժես նրանց, քո բարկութեամբ հնազանդ կը դարձնես ժողովուրդներին։
9 Աստուա՛ծ, կեանքս քեզ կը պատմեմ, արցունքներս առջեւդ կը դնեմ, ինչպէս դու ինձ խոստացար։
10 Թշնամիներս ետ կը դառնան այն օրը, երբ օգնութեան կանչեմ քեզ. ահա իմացայ, որ դու իմ Աստուածն ես։
11 Աստծուն պիտի օրհնեմ իմ բերանով եւ բառերովս Տիրոջը պիտի գովեմ իմ խօսքերով։ Աստծու վրայ դրի իմ յոյսը եւ վախ չունեմ. մարդն ինձ ի՞նչ կարող է անել։
12 Ինձնից է ուխտն իմ, որ օրհնութեամբ քեզ պիտի մատուցեմ, Աստուա՛ծ։
13 Ինձ փրկեցիր մահուանից, աչքս՝ արտասուքից, եւ ոտքս՝ գայթակղութիւնից. ողջերի երկրում ես հաճելի կ՚երեւամ Տիրոջ առջեւ։