ՍԱՂՄՈՍ. Chapter 38

1 Այսուհետեւ՝ օրհնութիւն Իդիթոմին
2 Ասացի՝ Զգուշանամ իմ ճանապարհին, որ լեզուովս չմեղանչեմ։ Բերանիս պահպանակ դրի, երբ մեղաւորը հակառակուեց ինձ։
3 Խուլ եղայ եւ խոնարհ դարձայ, բարիքս լռութեան մատնեցի, եւ ցաւերս նորոգուեցին իմ մէջ։
4 Սիրտս կրակ կտրեց իմ ներսում, եւ մտքիս մէջ հուր բորբոքուեց։
5 Խօսեցի լեզուովս եւ ասացի. Տէր, ցո՛յց տուր ինձ, թէ ե՞րբ է իմ վախճանը, եւ որքան է կեանքիս օրերի թիւը, որպէսզի իմանամ, թէ ինչքան կորուստ եմ ունեցել։
6 Ահա սահման դրիր իմ օրերին, եւ կարողութիւնս ոչինչ է իմ աչքում, բոլորովին ոչնչութիւն է ամէն մարդ, որ մարմին ունի։
7 Արդարեւ, մարդ շրջում է ինչպէս մի ուրուական. բայց իզուր է նա տագնապում, գանձ կուտակում՝ չիմանալով, թէ ում համար։
8 Իսկ արդ, ո՞վ է իմ համբերութիւնը, եթէ ոչ դու, Տէ՛ր, կամ իմ ուժն ու կարողութիւնը քեզնից չէ՞ միթէ։
9 Բոլոր յանցանքներիցս փրկեցիր եւ անզգամների համար նախատինք դարձրիր ինձ։
10 Ես խուլ եղայ եւ չբացեցի բերանն իմ, քանզի դու էիր գործում։
11 Հեռացրո՛ւ ինձնից իմ տանջանքները, որովհետեւ քո ձեռքի զօրութիւնից հիւծուեցի ես։
12 Մեղքերի համար կշտամբելով՝ խրատեցիր դու մարդուն, սարդոստայնի պէս մաշեցիր նրան, բայց սուտ է ամէն մարդ։ Հանգիստ։
13 Տէ՛ր, լսի՛ր իմ աղօթքը, ակա՛նջ դիր խնդրանքներիս եւ արտասուքս լռութեան մի՛ մատնիր։ Պանդուխտ եմ ես քո առաջ, օտարական եւ անցորդ, ինչպէս իմ բոլոր նախնիները։
14 Թո՛յլ տուր ինձ, որ հանգստանամ, մինչեւ իմ գնալն այնտեղ, ուր այլեւս չեմ լինի։