ՍԱՂՄՈՍ. Chapter 31

1 Երանի նրան, ում մեղքերին թողութիւն տրուեց եւ ում բոլոր յանցանքները ծածկուեցին։
2 Երանի այն մարդուն, որին Տէրն այլեւս մեղաւոր չի համարում, եւ որի բերանում նենգութիւն չկայ։
3 Ես լռեցի, եւ իմ բոլոր ոսկորները մաշուեցին՝ ամէն օր գիշեր-ցերեկ Տիրոջը կանչելուց։
4 Քո ձեռքը ծանրացաւ ինձ վրայ. ես կրկին ընկայ թշուառութեան մէջ, քանզի փշերն ինձ ծակեցին։
5 Մեղքերս քեզ ցոյց կը տամ, եւ անօրէնութիւնս չեմ ծածկի քեզնից։ Ասացի, թէ կը խոստովանեմ մեղքերն իմ, եւ դու թողութիւն կը տաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտութեանը։Հանգիստ։
6 Դրա համար բոլոր սրբերն յարմար ժամին աղօթքի կը կանգնեն քո առջեւ, եւ սաստիկ ջրհեղեղների ժամանակ նրանց ոչինչ չի պատահի։
7 Դու ես իմ յենարանն այն նեղութեան մէջ, որը շուրջս պատեց։ Ո՜վ ցնծութիւն իմ, փրկի՛ր ինձ նրանցից, ովքեր պաշարեցին ինձ։
8 Քեզ կ՚իմաստնացնեմ ու խելամիտ կը դարձնեմ քո ընթացած ճանապարհին եւ աչքերս վրադ կը պահեմ, ասում է Տէրը։
9 Մի՛ եղէք ձիերի եւ ջորիների պէս, որոնք գիտակցութիւն չունեն. սանձով ու պախուրցով պէտք է նրանց կզակը ճմլել, որ քեզ չմօտենան։
10 Շատ են մեղաւորների տանջանքները, բայց ովքեր իրենց յոյսը դրել են Տիրոջ վրայ, Տիրոջ ողորմութիւնը կը պարուրի նրանց։
11 Ուրա՛խ եղէք եւ ցնծացէ՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. պարծեցէ՛ք բոլորդ, որ ուղիղ էք սրտով։