ՍԱՂՄՈՍ. Chapter 24

1 Այսուհետեւ՝ Սաղմոս Դաւթի
2 Դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս։
3 Աստուա՛ծ իմ, քեզ վրայ դրի յոյսն իմ, թող ամօթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրայ։
4 Բոլոր նրանք, ովքեր յոյսով սպասում են քեզ, ամօթով պիտի չմնան, այլ ամօթով պիտի մնան անօրէններն իրենց ունայնութեան մէջ։ Տէ՛ր, ցո՛յց տուր ինձ քո ճանապարհները եւ քո շաւիղները սովորեցրո՛ւ ինձ։
5 Ինձ առաջնորդի՛ր քո ճշմարտութեան մէջ եւ ուսուցանի՛ր ինձ, քանզի դու ես փրկիչ Աստուածն իմ, ու ես հանապազ քեզ եմ սպասում։
6 Յիշի՛ր, Տէ՛ր, քո գթութիւններն ու ողորմութիւնները, որոնք յաւիտենական են։
7 Իմ մանկութեան եւ տհասութեան մեղքերը մի՛ յիշիր, այլ յիշի՛ր ինձ, Տէ՛ր, քո ողորմութեամբ՝ ըստ քո բարութեան,
8 քանզի դու քաղցր եւ ուղիղ ես, Տէ՛ր։ Դրա համար էլ մեղաւորներին դնում ես օրէնքի գիտութեան ճանապարհի վրայ։
9 Հեզերին առաջնորդում ես դատաստանի մէջ, հեզերին սովորեցնում քո ճանապարհները։
10 Տիրոջ բոլոր ուղիները ողորմութիւն ու ճշմարտութիւն են նրանց համար, ովքեր պահում են նրա ուխտն ու վկայութիւնը։
11 Յանուն քո անուան, Տէ՛ր, քաւութի՛ւն տուր իմ մեղքերին, քանզի շատացան դրանք։
12 Ո՞վ է այն մարդը, որ վախենում է Տիրոջ ից, Տէրը նրան սովորեցնելու է Իր ընտրած ուղին։
13 Նա բարութեան մէջ պիտի հանգչի, եւ նրա սերունդը երկիրը պիտի ժառանգի։
14 Տէրը զօրացուցիչն է իր երկիւղածների եւ իր ուխտը նրանց է սովորեցնում։
15 Աչքերն իմ մշտապէս Տիրոջն են ուղղուած, եւ նա՛ պիտի հանի ոտքերս թակարդից։
16 Նայի՛ր ինձ եւ ողորմի՛ր ինձ, քանզի միամօրիկ եմ ես եւ աղքատ։
17 Սրտիս նեղութիւնները խիստ շատացան, ազատի՛ր ինձ իմ վշտերից։
18 Տե՛ս իմ նուաստացումն ու տառապանքը եւ թողութի՛ւն արա իմ բոլոր մեղքերին։
19 Տե՛ս՝ թշնամիներս որքա՜ն բազմացան եւ անիրաւ ատելութեամբ ինձ ատեցին։
20 Պահպանի՛ր ինձ ու փրկի՛ր ինձ, եւ թող ամօթով չմնամ, որ յոյսս դրի քեզ վրայ։
21 Անբիծներն ու արդարներն ինձ կցորդ եղան, եւ ես սպասեցի քեզ։
22 Փրկի՛ր, Աստուա՛ծ, Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից։