ՍԱՂՄՈՍ. Chapter 44

1 Այսուհետեւ՝ անցած ժամանակի մասին.Կորխի որդիների իմաստութիւնը. օրհնութեան սաղմոս սիրելիի մասին
2 Սրտիցս քո բարի պատգամներն են բխում, եւ իմ գործերը պատմում եմ թագաւորին։ Լեզուս նման է արագ գրող դպրի գրչի։
3 Տեսքով գեղեցիկ ես բոլոր մարդկանց որդիներից, շրթունքներիցդ շնորհք է թափւում. դրա համար Աստուած օրհնեց քեզ յաւիտեան։
4 Մէջքիդ սո՛ւր կապիր, ո՛վ հզօր, քո վայելչութեամբ ու գեղեցկութեամբ։
5 Լարի՛ր աղեղդ, ուղղի՛ր եւ թագաւորի՛ր յանուն ճշմարտութեան, հեզութեան ու արդարութեան, եւ քո աջը թող սքանչելապէս առաջնորդի քեզ։
6 Քո նետերը սրուած են, ո՛վ հզօր, ընդդէմ թագաւորի թշնամիների. եւ ժողովուրդները պիտի ընկնեն ոտքերիդ տակ։
7 Քո գահը յաւիտեանս յաւիտենից է, Աստուա՛ծ. քո արքայական գաւազանն արդարութեան գաւազան է։
8 Սիրեցիր արդարութիւնն ու ատեցիր անօրէնութիւնը, դրա համար Աստուած՝ քո՛ Աստուածն օծեց քեզ ուրախութեան իւղով՝աւելի, քան քո ընկերներին։
9 Քո զգեստներից ու փղոսկրեայ պալատներից զմուռս, հալուէ եւ կինամոն է բուրում։
10 Արքայադուստրերն ուրախացնում ու պատւում են քեզ։ Թագուհին կանգնած է քո աջից՝ զարդարուած ու պաճուճուած ոսկեհուռ զգեստներով։
11 Դո՛ւստր, լսի՛ր ու տե՛ս, մօտեցրո՛ւ ականջը քո, մոռացի՛ր քո ժողովրդին եւ քո հօր տունը, քանզի թագաւորը ցանկացաւ քո գեղեցկութիւնը։
12 Նա ինքն է քո Տէրը, որին պիտի երկրպագես. նրան պիտի երկրպագի եւ դուստրը Տիւրոսի,
13 եւ ժողովրդի մեծամեծները պիտի պաշտեն նրան ընծաներով։
14 Արքայադստեր ողջ փառքը իր մէջ է՝ ոսկեհուռ զգեստների զարդարանքի ու պաճուճանքի տակ։
15 Թագաւորի մօտ նրա հետ կոյսեր պիտի տարուեն, իր ընկերուհիները պիտի տարուեն նրա մօտ։
16 Ցնծութեամբ եւ ուրախութեամբ պիտի բերեն նրանց, եւ պիտի տարուեն թագաւորի պալատը։
17 Եւ քո հայրերի փոխարէն որդիներ պիտի լինեն քեզ, որոնց իշխան պիտի կարգես ողջ երկրի վրայ։
18 Քո անունը պիտի յիշուի սերնդից սերունդ. դրա համար ժողովուրդները քեզ պիտի գովեն յաւիտեան, եւ յաւիտեանս յաւիտենից։