ՍԱՂՄՈՍ. Chapter 65

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի. յարութեան մասին
2 Աղաղակեցէ՛ք Աստծուն, բոլո՛ր երկրներ, սաղմո՛ս երգեցէք նրա անուանը եւ փա՛ռք տուէք նրա օրհնութեանը։
3 Ասացէ՛ք Աստծուն. Որքա՜ն ահեղ են քո գործերը. ի տես քո մեծ զօրութեանքո թշնամիները ստեցին քո դէմ։
4 Ողջ աշխարհը պիտի երկրպագի քեզ, սաղմոս պիտի երգի քեզ ու քո անուանը սաղմոս ձօնի։
5 Եկէ՛ք եւ տեսէ՛ք գործերն Աստծու, թէ որքան ահեղ են խորհուրդներով՝ քան գործերը մարդկանց բոլոր որդիների։
6 Նա էր, որ ծովը ցամաք դարձրեց, եւ մարդիկ ոտքով անցան գետի միջով։
7 Ահա պիտի ցնծանք նրանով, որ յաւէտ տիրում է իր զօրութեամբ։ Նրա աչքերը նայում են հեթանոսներին, որոնք դառնացրին իրեն. թող նրանք չպարծենան իրենց հոգում։
8 Օրհնեցէ՛ք, հեթանոսնե՛ր, մեր Աստծուն եւ լսելի՛ դարձրէք նրա օրհնութեան ձայնը։
9 Նա իմ հոգին դարձրեց կեանքին եւ թոյլ չտուեց, որ ոտքերս դողան։
10 Քննեցիր մեզ, Աստուա՛ծ, ու փորձեցիր, ինչպէս արծաթն է փորձւում։
11 Մեզ որոգայթի մէջ գցեցիր, նեղութիւն դրիր մեր թիկունքին,
12 եւ մարդկանց անցկացրիր մեր գլխի վրայով։ Մենք անցանք հրի ու ջրի միջով, բայց դու մեզ անդորր տուիր։
13 Զոհաբերութիւններով պիտի մտնեմ տունը քո եւ քեզ պիտի հատուցեմ իմ ուխտերը,
14 որ խոստացան քեզ իմ շրթունքները, եւ բերանն իմ խօսեց նեղութեան մէջ։
15 Պարարտ ողջակէզներ պիտի մատուցեմ քեզ՝ խոյերով ու խնկերով, քեզ պիտի մատուցեմ արջառներ ու նոխազներ։
16 Եկէ՛ք ու լսեցէ՛ք ինձ, Աստծու բոլո՛ր երկիւղածներ, որ ձեզ պատմեմ, թէ ինչ արեց նա իմ անձի համար։
17 Ես նրան դիմեցի իմ բերանով, եւ լեզուովս մեծարեցի նրան։
18 Եթէ սրտումս մեղք տեսնէի, Տէրն ինձ չէր ունկնդրի։
19 Դրա համար Աստուած լսեց ինձ եւ ուշ դարձրեց իմ խնդրանքի ձայնին։
20 Օրհնեալ է Աստուած, որ չվանեց աղօթքն իմ, ոչ էլ ողորմութիւնն իր՝ ինձնից։