ՍԱՂՄՈՍ. Chapter 36

1 Սաղմոս Դաւթի
2 Մի՛ նախանձիր չարամիտներին եւ ոչ էլ նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում,
3 քանզի նրանք խոտի պէս իսկոյն կը չորանան, դալար խոտի պէս արագ կ՚անցնեն։
4 Յոյսդ դի՛ր Տիրոջ վրայ ու բարութի՛ւն գործիր, բնակուի՛ր երկրում եւ արածի՛ր նրա ընդարձակութեան մէջ։
5 Պաղատի՛ր Տիրոջը, եւ նա քեզ կը տայ սրտիդ ուզածները։
6 Յայտնի՛ դարձրու քո ճանապարհները Տիրոջըեւ դի՛ր յոյսդ նրա վրայ։
7 Նա այնպէս կ՚անի, որ արդարութիւնդ երեւայ ինչպէս լոյս, եւ իրաւունքդ՝ ինչպէս ցերեկ։
8 Հնազա՛նդ եղիր Տիրոջն ու ծառայի՛ր նրան. մի՛ նախանձիր նրանց, որոնց ճանապարհը նշաւակելի է, ոչ էլ այն մարդուն, որ անօրէնութիւն է գործում։
9 Դադարի՛ր բարկանալուց, հանդարտուի՛ր սրտմտութիւնիցեւ մի՛ նախանձիր չարամիտներին։
10 Չարագործները շուտով կը վերանան, իսկ Տիրոջն սպասողները կը ժառանգեն երկիրը։
11 Եւս մի փոքր ժամանակ, եւ այլեւս ամբարիշտ չի մնայ, կը փնտռես նրա տեղն ու չես գտնի։
12 Իսկ ովքեր հեզ են, նրանք կը ժառանգեն երկիրը եւ կը զուարճանան մեծ խաղաղութեան մէջ։
13 Մեղաւորը հետապնդում է արդարին եւ իր ատամներն է կրճտացնում նրա վրայ։
14 Բայց Տէրը կը ծիծաղի նրա վրայ, քանզի նախապէս գիտէ, որ հասել է նրա օրը։
15 Մեղաւորները սուր քաշեցին եւ լարեցին իրենց աղեղները՝ աղքատին ու տնանկին հարուածելու, սրտով խոնարհներին սպանելու համար։
16 Նրանց սրերը կը մխուեն իրենց սրտերը, եւ նրանց աղեղները կը փշրուեն։
17 Արդարի քիչն աւելի լաւ է, քան մեղաւորների մեծ հարստութիւնը։
18 Ամբարիշտների բազուկները կը խորտակուեն, եւ Տէրն արդարներին հաստատ կը պահի։
19 Նա գիտէ անմեղների օրերը, նրանց ժառանգութիւնը յաւիտեան կը լինի։
20 Փորձանքի ժամանակ նրանք ամօթով չեն մնայ, իսկ սովի օրերին կը յագենան։
21 Արդ, մեղաւորները կորստեան կը մատնուեն, եւ Տիրոջ թշնամիներն իրենց փառքի ու վերելքի ժամին կը սպառուեն, ինչպէս ծուխն է սպառւում։
22 Մեղաւորը փոխ է առնում ու չի վճարում, իսկ արդարը ողորմում է ու տալիս։
23 Ովքեր օրհնում են Տիրոջը, կը ժառանգեն երկիրը, իսկ ովքեր անիծում են, կը ջնջուեն Տիրոջ ձեռքով։
24 Տէրն ուղղում է այն մարդու ընթացքը, ով շատ է սիրում իր ճանապարհը։
25 Եթէ անգամ նա սայթաքի, չի կործանուի, քանզի Տէրը բռնել է նրա ձեռքը։
26 Մանուկ էի ես եւ ծերացայ, բայց արդարին արհամարհուած չտեսայ կամ նրա զաւակին՝ հաց մուրալիս։
27 Ամէն օր նա ողորմում ու փոխ է տալիս, նրա սերունդը յաւիտեան օրհնեալ կը լինի։
28 Խուսափի՛ր չարից ու բարութի՛ւն արա եւ յաւիտեան կ՚ապրես երկրի վրայ։
29 Տէրը սիրում է իրաւունքը, եւ իր սրբերին երեսի վրայ չի թողնում, այլ յաւիտեան պահպանում է նրանց։ Անօրէնները կը քշուեն կը գնան միասին, եւ ամբարիշտների սերունդը կ՚ոչնչանայ։
30 Իսկ արդարները կը ժառանգեն երկիրը եւ յաւիտեանս յաւիտենից կը բնակուեն նրա մէջ։
31 Արդարի բերանն իմաստութիւն է բարբառում, իսկ լեզուն արդարութիւն է խօսում։
32 Նրա սրտում իր Աստծու օրէնքն է, ուստի նրա երթն անսայթաք կը լինի։
33 Մեղաւորը նայում է արդարին եւ ձգտում սպանել նրան։
34 Սակայն Տէրը նրա ձեռքում չի թողնի նրան եւ դատաստանի ժամանակ նրան չի դատապարտի։
35 Սպասի՛ր Տիրոջն ու պահի՛ր նրա ճանապարհները, նա քեզ կը բարձրացնի՝ երկիրը ժառանգելու, եւ դու կը տեսնես մեղաւորների կործանումը։
36 Տեսայ ամբարշտին մեծացած ու բարձրացած, ինչպէս Լիբանանի մայրիները։
37 Ես մօտով անցայ, եւ ահա նա չկար, փնտռեցի՝ ու նրա տեղը չերեւաց։
38 Անարա՛տ ապրիր եւ նայի՛ր արդարութեանը, քանզի խաղաղասէր մարդը ժառանգութիւն կ՚ունենայ։
39 Անօրէնները կը քշուեն կը գնան գլխովին, եւ ամբարիշտների սերունդը կորստեան կը մատնուի։
40 Արդարների փրկութիւնը Տիրոջից է, նեղութեան ժամանակ նա է նրանց օգնականը։
41 Տէրը կ՚օգնի ու կը փրկի նրանց, կ՚ազատի մեղաւորներից ու կը պահպանի նրանց,քանզի նրանք իրենց յոյսը դրել են Նրա վրայ։