ՍԱՂՄՈՍ. Chapter 9

1 Այսուհետեւ՝ որդու գաղտնիքների մասին, սաղմոս Դաւթի
2 Իմ ամբողջ սրտով գոհութիւն կը մատուցեմ քեզ, Տէ՛ր, կը պատմեմ բոլոր հրաշագործութիւններդ։
3 Կ՚ուրախանամ ու կը ցնծամ քեզնով, սաղմոս կ՚երգեմ քո անուանը, ո՛վ Բարձրեալ։
4 Թշնամիներս ետ դառնալով՝ կը թուլանան ու կը կորչեն քո առաջից։
5 Դատաստանս եւ իրաւունքս դու տեսար, բազմեցիր աթոռին, ո՛վ դատաւոր արդար։
6 Սաստեցիր հեթանոսներին, եւ ամբարիշտն անհետացաւ. նրանց անունները ջնջեցիր յաւիտեանս յաւիտենից։
7 Եւ թշնամու զէնքը իսպառ վերացաւ. դու քաղաքներ աւերեցիր, եւ յիշատակը դրանց կորաւ աղաղակով։
8 Բայց Աստուած մնում է յաւիտեան, նա պատրաստեց իր աթոռը դատաստանի համար։
9 Ինքն է դատում աշխարհն այս արդարութեամբ, եւ իր ժողովրդին՝ ուղղամտութեամբ։
10 Տէրն եղաւ տնանկի ապաւէնը եւ նեղութեան ժամանակ օգնականը։
11 Քեզ վրայ թող յոյս դնեն բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո, քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտռում են քեզ, Տէ՛ր։
12 Սաղմո՛ս երգեցէք Տիրոջը, որ բնակւում է Սիոնում. հեթանոսների մէջ պատմեցէ՛ք գործերը նրա։
13 Տնանկների արեան համար վրէժխնդիր լինելիս՝ Տէրը յիշեց եւ չմոռացաւ աղօթքը նրանց։
14 Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, եւ տե՛ս իմ նուաստացումն իմ թշնամիներից։
15 Դու բարձրացրիր ինձ մահուան դռներից, որ պատմեմ քո բոլոր օրհներգութիւնները Սիոնի քաղաքի դռներին, եւ ցնծամ քո փրկագործութեամբ։
16 Հեթանոսներն ընկղմուեցին իրենց գործած ապականութեան մէջ, եւ իրենց լարած թակարդն իրենց իսկ ոտքերն է բռնելու։
17 Տէրն իրեն ճանաչեցրեց դատաստան անելով, եւ մեղաւորները կը պատժուեն ըստ իրենց ձեռքի գործերի։
18 Մեղաւորները կրկին դժոխք կ՚ընկնեն, նաեւ բոլոր հեթանոսները, որոնք մոռացան Աստծուն։
19 Տէրն ամենեւին չի մոռանայ աղքատին, եւ տնանկների համբերութիւնը երբեք չի սպառուի։
20 Ելի՛ր, Տէ՛ր, եւ թող մարդը չզօրանայ, թող հեթանոսները դատուեն քո առջեւ։
21 Նրանց վրայ օրէնսդի՛ր կարգիր, Տէ՛ր, եւ թող հեթանոսներն իմանան, թէ իրենք մարդիկ են։
22 Ինչո՞ւ, Տէ՛ր, հեռու մնացիր, անտարբեր եղար նեղութեան ժամանակ։
23 Ամբարշտի յոխորտալուց տոչորում է աղքատը. թող խափանուեն այն հնարքները, որ խորհեցին նրանք,
24 քանզի գովաբանւում է մեղաւորն իր ցանկութիւնների համար, գովաբանւում է եւ նա, ով զրկում է։
25 Իսկ մեղաւորն ինչո՞ւ բազում դառնութեամբ զայրացրեց Աստծուն,թէ չի ստանայ հատուցում։
26 Չկայ Աստուած նրա աչքերի առջեւ, մշտապէս պիղծ են նրա ճանապարհները։ Իրաւունք ասուածը վերացել է նրա մտքից, նա կը տիրի իր բոլոր հակառակորդներին։
27 Նա ասում է իր սրտում, թէ չի սասանուի, դարէդար կ՚ապրի առանց փորձանքի։
28 Անէծքով, դառնութեամբ ու նենգութեամբ լի է բերանը նրա, իսկ լեզուի տակ ցաւ է ու տառապանք։
29 Մեծամեծների հետ դարան է մտնում, որ գաղտնաբար սպանի անմեղին։
30 Նրա աչքն աղքատի վրայ է, դարանակալում է թաքստոցում՝ ինչպէս առիւծն իր որջում, դարանակալում է յափշտակելու աղքատին, յափշտակելու աղքատին եւ ճանկելու նրան։
31 Նրան կը գցի իր որոգայթը, բայց տիրելով տնանկներին՝ նա կը խոնարհուի ու կ՚ընկնի։
32 Նա ասում է իր սրտում, թէ Աստուած մոռացել է, շրջել է երեսն իր՝ բնաւ չտեսնելու համար։
33 Ելի՛ր, Տէ՛ր իմ Աստուած, թող բարձրանայ քո ձեռքը, եւ մի՛ մոռացիր տնանկներին։
34 Իսկ ամբարիշտն ինչո՞ւ բարկացրեց Աստծուն՝ ասելով իր սրտում, թէ ինքը չի քննուի։
35 Տէ՛ր, տեսնում ես դու աղքատին՝ նայելով նրա ցաւին ու սրտմտութեանը՝ նրան քո ձեռքը վերցնելու համար։ Քեզ է ապաւինել աղքատը, եւ դու ես որբի օգնականը։
36 Թող խորտակուի մեղաւորի ու չարագործի բազուկը, թող փնտռուեն նրա մեղքերն ու այլեւս չգտնուեն։
37 Տէրը թագաւոր է յաւիտեանս յաւիտենից. թող կորչեն հեթանոսները նրա երկրից։
38 Տնանկների ցանկութիւնը լսեցիր, Տէ՛ր, քո ականջը ուշ դարձրեց նրանց սրտի պատրաստակամութեանը՝
39 տեսնելու որբի ու տնանկի դատաստանը, որպէսզի մարդը չշարունակի իր յոխորտանքը երկրի երեսին։