ՍԱՂՄՈՍ. Chapter 77

1 Ժողովուրդնե՛ր, ո՛ւշ դարձրէք իմ օրէնքներին, եւ մօտեցրէ՛ք ձեր ականջները բերանիս խօսքերին։
2 Առակով պիտի բացեմ բերանն իմ, սկզբից եւեթ առակներով պիտի խօսեմ,
3 ինչպէս լսեցինք ու իմացանք դրանք, եւ ինչպէս մեր հայրերը պատմեցին մեզ։
4 Մենք ոչինչ չթաքցրինք նրանց որդիներից,միւս սերնդին պատմեցինք օրհնութիւնն ու զօրութիւնը Տիրոջեւ այն սքանչելագործութիւնները, որ նա արեց։
5 Յակոբի համար հաստատեց իր վկայութիւնը, եւ օրէնքներ դրեց Իսրայէլի վրայ, մէկ անգամ ընդմիշտ պատուիրելով մեր հայրերին, որ նրանք այդ բոլորը ցոյց տան իրենց որդիներին, որ սովորեցնեն միւս սերնդին։
6 Որդիները, որ ծնուելու են, պիտի ելնեն եւ պատմեն դա իրենց զաւակներին,
7 որպէսզի իրենց յոյսը դնեն Աստծու վրայեւ չմոռանան Աստծու գործերը՝հետեւելով նրա պատուիրաններին,
8 որ իրենց հայրերի պէս չար եւ դառնացող ազգ չլինեն, ազգ՝ որ չուղղեց սիրտն իր, եւ իր հոգին չհաստատեց Աստծու վրայ։
9 Եփրեմի որդիները ուժեղ աղեղնաւորներ էին,բայց պատերազմի օրը իրենց կապարճները ետ դարձրին.նրանք չմնացին Տիրոջ ուխտի մէջեւ չուզեցին ընթանալ ըստ նրա օրէնքների։
10 Մոռացան նրա երախտիքներն ու այն սքանչելագործութիւնները,
11 որ գործեց նրանց հայրերի առջեւ, եգիպտացիների երկրում եւ Տայանի դաշտում։
12 Նա ճեղքեց ծովը եւ անցկացրեց նրանց, ջրերը պահեց ինչպէս տիկերի մէջ։
13 Ցերեկն ամպով առաջնորդեց նրանց, իսկ ողջ գիշեր՝ հրեղէն լոյսով։
14 Պատռեց ժայռն անապատում, եւ նրանց խմեցրեց ինչպէս մեծ անդնդից։
15 Ժայռից ջուր բխեցրեց, եւ ջրերն հոսեցրեց գետերի պէս։
16 Սակայն նրանք շարունակեցին մեղանչել, եւ աւելի եւս բարկացրին Բարձրեալին անապատում։
17 Փորձեցին Աստծուն իրենց սրտերում՝ կերակուր խնդրելով իրենց համար։
18 Տրտնջացին Աստծուց ու ասացին. Միթէ Աստուած կարո՞ղ է սեղան պատրաստել անապատում։
19 Ճիշտ է, որ նա հարուածեց ժայռին, եւ ջրեր հոսեցին ու վտակներ բխեցին դրանից։ Բայց կարո՞ղ է նաեւ հաց տալ մեզ կամ իր ժողովրդի համար սեղան պատրաստել։
20 Դրա համար էլ Տէրը լսեց այս ու յապաղեց. հուր բորբոքուեց Յակոբի սերնդի մէջ, եւ բարկութիւն իջաւ Իսրայէլի վրայ։
21 Նրանք Աստծուն չհաւատացին ու յոյս չդրին նրա փրկութեան վրայ։
22 Տէրը վերեւից հրաման տուեց ամպերինու բացեց դռները երկնքի։
23 Եւ մանանայ տեղացրեց նրանց վրայ որպէս կերակուր։
24 Երկնքի հացը տուեց նրանց, մարդիկ հրեշտակների հացը կերան. եւ նա լիուլի ուտելիք իջեցրեց նրանց համար։
25 Հանեց հարաւի հողմը, եւ իր զօրութեամբ բերեց հիւսիսի կողմը։
26 Նրանց վրայ հողի պէս միս տեղացրեց, եւ ծովի աւազի պէս՝ թեւաւոր թռչուններ։
27 Նա դրանք նետեց նրանց բանակատեղիի մէջ եւ նրանց վրանների շուրջը։
28 Կերան եւ լիապէս յագեցան, իրենց ցանկացածը տուեց նրանց։
29 Եւ նրանք իրենց ցանկութիւնից ոչնչով զուրկ չմնացին։ Մինչ դեռ կերակուրն իրենց բերանում էր,
30 Աստծու բարկութիւնն իջաւ նրանց վրայ. նրանցից շատերին նա սպանեց եւ Իսրայէլի ընտրեալներին ոչնչացրեց։
31 Հակառակ այս բոլորի, նրանք նորից մեղանչեցին ու չհաւատացին նրա հրաշագործութիւններին։
32 Նրանց օրերն ունայնաբար սպառուեցին, եւ նրանց տարիներն արագ անցան։
33 Երբ Տէրն սպանում էր նրանց,նրանք փնտռում էին իրեն, դարձի էին գալիս եւ փութով դիմում էին Աստծուն։
34 Նրանք յիշեցին, որ Աստուած իրենց օգնականն էր, Բարձրեալն Աստուած փրկիչն էր իրենց։
35 Սիրեցին նրան իրենց բերաններով, բայց իրենց լեզուներով ստեցին նրան։
36 Նրանց սրտերը շիտակ չէին նրա հանդէպ, եւ նրանք չհաւատացին նրա ուխտին։
37 Բայց ինքը գթասիրտ էր, քաւութիւն էր տալիս նրանց մեղքերին ու չէր կործանում նրանց։ Յաճախ զսպում էր իր բարկութիւնը եւ չէր թափում իր ողջ զայրոյթը։
38 Յիշում էր, որ նրանք մարմին են՝ շունչ, որ, դուրս ելնելով, այլեւս ետ չի դառնում։
39 Քանի՜-քանի՜ անգամ դառնացրին նրան անապատում, բարկացրին Բարձրեալին անջրդի վայրում,
40 վերադարձան փորձեցին Աստծուն, եւ Իսրայէլի սրբին զայրացրին։
41 Չյիշեցին նրա ձեռքը, ձեռք, որ մի օր փրկեց նրանց իրենց նեղողներից։
42 Չյիշեցին, թէ նա ինչպէս սքանչելիքներ ու զարմանահրաշ գործներ արեց եգիպտացիների երկրում եւ Տայանի դաշտում։
43 Նրանց գետերն ու անձրեւներն արիւն դարձրեց, որ չխմեն։
44 Նրանց վրայ շնաճանճեր ուղարկեց, որոնք յօշոտեցին նրանց, եւ գորտերով նրանց ապականեց։
45 Նրանց բերքը որդնոտութեան մատնեց, եւ նրանց վաստակը բաժին դարձրեց մարախի։
46 Նրանց այգիները կարկտահար արեց, եւ նրանց թզենիները ծածկեց եղեամով։
47 Նրանց անասուններին կարկտահար արեց, եւ նրանց ունեցուածքը հրոյ ճարակ դարձրեց։
48 Նրանց դէմ ուղղեց իր սաստիկ բարկութիւնը՝ բարկութիւնը, զայրոյթն ու նեղուածութիւնը, չար հրեշտակի ձեռքով տանջանքներ ուղարկեց նրանց վրայ։
49 Նրանց վրայ թափեց իր զայրալից բարկութիւնը, նրանց հոգին զերծ չպահեց մահուանից, եւ կոտորեց նրանց անասունները։
50 Նա հարուածեց Եգիպտոսի բոլոր անդրանիկ ծնունդներին՝ իրենց վաստակի առաջնեկներին Քամի վրանների տակ։Հանգիստ։
51 Իր ժողովրդին քշեց ոչխարների պէս, եւ ինչպէս հօտ նրանց հանեց անապատ։
52 Նրանց առաջնորդեց յոյսով՝ եւ նրանք չվախեցան, եւ ծովը ծածկեց նրանց թշնամիներին։
53 Նրանց բարձրացրեց իր սուրբ լեռը՝ լեռն այն, որ իր Աջն էր նուաճել։
54 Նրանց առջեւից վանեց հեթանոսներին, իր ժառանգութիւնից բաժին բաշխեց նրանցեւ Իսրայէլի ցեղերին բնակեցրեց նրանց վրաններում։
55 Նրանք փորձեցին, դառնացրին Բարձրեալ Աստծունու նրա վկայութիւնը չպահեցին։
56 Դարձեալ խոտորուեցին ինչպէս իրենց հայրերը, դարձեալ նմանուեցին ծուռ աղեղի։
57 Դարձեալ բարկացրին նրան իրենց բագիններով, եւ իրենց կուռքերով շարժեցին նախանձը նրա։
58 Լսեց Աստուած ու զայրացաւ նրանց վրայ, եւ խիստ անարգեց Իսրայէլը։
59 Մերժեց նա խորանը Սելովի, խորանն այն, որ հաստատել էր մարդկանց մէջ։
60 Նրանց զօրութիւնը գերութեան մատնեց, իսկ նրանց գեղեցկութիւնն՝ իրենց թշնամիների ձեռքը։
61 Իր ժողովրդին սրի մատնեցեւ անտեսեց իր իսկ ժառանգութիւնը։
62 Նրանց երիտասարդներին հուրը լափեց, եւ նրանց կոյսերի համար ոչ ոք չսգաց։
63 Նրանց քահանաները սրի քաշուեցին, եւ նրանց այրիներին ոչ ոք չվշտակցեց։
64 Տէրը կարծես քնից արթնացաւ, ինչպէս գինուց սթափուող հսկայ։
65 Նա թշնամիներին ետ շպրտեց՝ յաւիտենական նախատինք տալով նրանց։
66 Մերժեց նա խորանը Յովսէփի, եւ Եփրեմի ցեղին նա չընտրեց,
67 այլ նա ընտրեց Յուդայի ցեղին, լեռը Սիոնի, որը եւ սիրեց։
68 Նրա սրբարանը շինեց միեղջերուի նմանութեամբ՝ յաւիտեան գետնի վրայ հաստատելով այն։
69 Ընտրեց Դաւթին՝ իր ծառային,եւ նրան դուրս քաշեց ոչխարների հօտից։
70 Նորածին գառների միջից վերցրեց նրան, որ հովուի իր ծառայ Յակոբի ցեղին եւ իր ժառանգութիւնը՝ Իսրայէլը։
71 Նա արածեցնում էր նրանց իր սրտի իմաստութեամբ, իր անմեղունակ ձեռքերով առաջնորդում էր նրանց։