ՍԱՂՄՈՍ. Chapter 93

1 Աստուած՝ վրէժխնդի՛ր Տէր, Աստուա՛ծ վրէժխնդիր, դու յայտնուեցիր։
2 Բա՛րձր եղիր, որ երկիրը դատես, հատուցո՛ւմ տուր ամբարտաւաններին։
3 Մինչեւ ե՞րբ մեղաւորները, Տէ՛ր, մինչեւ ե՞րբ մեղաւորները պիտի պարծենան,
4 յոխորտալով անիրաւութիւն բարբառեն, բարբառեն բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում։
5 Քո ժողովրդին, Տէ՛ր, ճնշեցին,եւ քո ժառանգութիւնը չարչարեցին։
6 Այրուն ու պանդխտին սպանեցին, որբերին կոտորեցին ու ասացին.
7 Տէրը դա չի տեսնում, եւ Յակոբի Աստուածն ուշ չի դարձնում։
8 Ուշքի՛ եկէք, ժողովրդի անզգամնե՛ր ու անմիտնե՛ր, մինչեւ ե՞րբ պիտի չըմբռնէք։
9 Միթէ ականջ ստեղծողն՝ ինքը չի՞ լսի, կամ աչք ստեղծողն՝ ինքը չի՞ տեսնի։
10 Ազգերին խրատողն ու մարդուն գիտութիւն ուսուցանողը միթէ չի՞ յանդիմանի։
11 Տէրը գիտէ մարդկանց խորհուրդները, որոնք ունայն են։
12 Երանի այն մարդուն, որին խրատում ես դու, Տէ՛ր, եւ օրէնքներդ նրան սովորեցնում։
13 Դու նրան հանդարտեցնում ես չար օրերին, մինչեւ որ մեղաւորի համար խոր փոս փորուի։
14 Տէրը չի մերժի իր ժողովրդին, եւ իր ժառանգութիւնը չի անտեսի,
15 մինչեւ որ դատաստանն արդար դառնայ, եւ բոլոր նրանք, որ սրտով ուղիղ են, ընդունեն այն։
16 Ո՞վ ինձ հետ պիտի ելնի չարամիտների դէմ, կամ ո՞վ ինձ հետ պիտի միաբանի ընդդէմ նրանց, ովքեր անօրէնութիւն են գործում։
17 Եթէ Տէրն ինձ չաջակցէր, մի փոքր եւս՝ եւ հոգիս կը բնակուէր դժոխքում։
18 Երբ ասում էի, թէ՝ ահա ոտքերս սասանուեցին, քո ողորմութիւնը, Տէ՛ր, օգնում էր ինձ։
19 Սրտիս ցաւերի բազմանալու ժամինքո մխիթարութիւնը հրճուեցնում էր իմ հոգին։
20 Թող չհաւասարուի քեզ աթոռն անօրէնութեան, որ վնաս է պատճառում օրէնքին։
21 Արդարի հոգին որսացին, եւ անմեղի արիւնն էին դատապարտում։
22 Տէրն եղաւ իմ ապաւէնը, իմ յոյսի օգնական Աստուածը։
23 Տէրը նրանց պիտի հատուցի իրենց անօրէնութեան համեմատ, իրենց չարութեան համեմատ պիտի կործանի նրանց Տէր Աստուածը մեր։