ՍԱՂՄՈՍ. Chapter 87

1 Այսուհետեւ՝ Մալալէթի իմաստութեան մասին. իմաստութիւն, որով պատասխան տուեց Եման Եզրայելացին.
2 Իմ փրկութեա՛ն Տէր Աստուած, գիշեր-ցերեկ քե՛զ կանչեցի։
3 Թող աղօթքս հասնի քե՛զ, Տէ՛ր, ականջդ թող մօտենայ խնդրանքիս,
4 քանզի հոգիս չարչարանքով լցուեց, եւ կեանքս դժոխքին մերձեցաւ։
5 Ես համարուեցի նրանցից, ովքեր մահուան փոսն են իջնում, եղայ անօգնական մի մարդ, լքուած՝ մեռեալների մէջ,
6 գերեզմանում պառկած սպանուածների պէս, որոնց դու չես յիշում, եւ որոնք մերժուած են քեզնից։
7 Ինձ խորախոր փոսի մէջ դրին, խաւարի եւ մահուան ստուերների մէջ։
8 Բարկութիւնդ ծանրացաւ ինձ վրայ, ողջ յորձանքներդ իմ դէմ ուղղեցիր։
9 Իմ ծանօթներին ինձնից հեռացրիր, եւ նրանք ինձ նշաւակ դարձրին. ես մատնուած էի դժբախտութեան ու դուրս չէի գալիս։
10 Աչքերս տկարացան թշուառութիւնից, գիշեր-ցերեկ առ Տէր աղաղակեցիեւ դէպի քեզ կարկառեցի ձեռքերն իմ։
11 Միթէ մեռելների՞ համար պիտի հրաշագործութիւններ անես, կամ բժիշկները պիտի կենդանացնե՞ն նրանց, եւ նրանք գոհութի՞ւն պիտի մատուցեն քեզ։
12 Մի՞թէ որեւէ մէկը երբեւէ պիտի պատմի քո ողորմութիւնը գերեզմանում, կամ քո ճշմարտութիւնը՝ կորստեան մէջ։
13 Քո հրաշալի գործերը միթէ խաւարի՞ մէջ պիտի ճանաչուեն, կամ քո արդարութիւնը՝ մոռացուած երկրում։
14 Ես, Տէ՛ր, առ քեզ աղաղակեցի, առաւօտեան իմ աղօթքը քեզ պիտի հասնի։
15 Ինչո՞ւ, Տէ՛ր, մերժում ես իմ հոգին, կամ շրջում երեսդ ինձնից։
16 Տնանկ եւ չարքաշ եմ ես մանկութիւնից ի վեր, բարձրութիւնից ընկայ ու շուարեցի։
17 Քո բարկութիւնը ծանրացաւ ինձ վրայ, քո արհաւիրքները խռովեցրին ինձ։
18 Ջրի պէս օրնիբուն շրջապատեցին ինձ,պաշարեցին ինձ բոլորը միասին։
19 Իմ թշուառութեան պատճառով բարեկամներիս ու ծանօթներիս հեռացրիր ինձնից։