ՍԱՂՄՈՍ. Chapter 104

1 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջն ու նրա անո՛ւնը կանչեցէք, հեթանոսների մէջ պատմեցէ՛ք գործերը նրա։
2 Օրհնեցէ՛ք ու սաղմո՛ս երգեցէք նրան, պատմեցէ՛ք բոլոր հրաշագործութիւնները նրա։
3 Պարծեցէ՛ք նրա սուրբ անունով, թող ուրախ լինի սիրտը նրանց, ովքեր փնտռում են Տիրոջը։
4 Փնտռեցէ՛ք Տիրոջն ու հզօրացէ՛ք, փնտռեցէ՛ք նրա երեսն ամէն ժամ։
5 Յիշեցէ՛ք հրաշագործութիւնները նրա, սքանչելիքներն ու բերանի պատուիրանները նրա։
6 Աբրահամի՛ սերունդներ, դուք ծառաներն էք նրա, ընտրեալներն էք նրա, դուք՝ Յակոբի՛ որդիներ։
7 Նա ինքը Տէր Աստուածն է մեր, եւ ողջ աշխարհում են դատաստանները նրա։
8 Իր ուխտը նա յաւիտեան յիշեցեւ իր պատուիրած խօսքը՝ մինչեւ հազար տարի։
9 Ուխտ, որ Աբրահամի հետ կնքեց, եւ երդումն իր՝ Իսահակի հետ։
10 Յակոբի համար իր հրամանն հաստատեց,եւ Իսրայէլի համար՝ ուխտն իր յաւիտենական։
11 Ասաց. Ձեզ պիտի տամ երկիրը Քանանի՝ բաժինը ձեր ժառանգութեան։
12 Երբ սակաւ էին նրանք թուով, տկար էին եւ օտար այդ երկրում,
13 դեգերում էին սերնդից սերունդ, մի թագաւորութիւնից դէպի մի այլ ժողովուրդ,
14 նա թոյլ չտուեց մարդկանց, որ վնասեն նրանց, կշտամբեց թագաւորներին նրանց համար։
15 Մի՛ մօտեցէք, - ասաց, - իմ օծեալներին, եւ մարգարէներիս վնաս մի՛ հասցրէք։
16 Սովի մատնեց երկիրը նրանց, հացի ամբողջ զօրութիւնը կոտրեց։
17 Նրանց առաջից մարդ ուղարկեց՝ Յովսէփին, որ վաճառուեց որպէս ստրուկ։
18 Նրա ոտքերը ցաւեցրին շղթաների մէջ, եւ նրա մարմինը երկաթով պնդեցրին,
19 մինչեւ որ նրա խօսքը կատարուեց,եւ Տիրոջ խօսքը փորձեց նրան։
20 Թագաւորը մարդ ուղարկեց ու կապանքներից արձակեց նրան, ժողովրդի իշխանը բաց թողեց նրան,
21 իր տան վրայ նրան տէր կարգեցեւ իր ողջ ունեցուածքի տնօրինող,
22 որպէսզի իր ուզածի պէս խրատի նրանց իշխաններին,եւ նրանց ծերերին իմաստուն դարձնի։
23 Իսրայէլը մտաւ Եգիպտոս, Յակոբը պանդխտութեան գնաց երկիրը Քամի։
24 Խիստ բազմացրեց Տէրն իր ժողովրդին,եւ նրան իր թշնամիներից զօրեղ դարձրեց։
25 Թշնամիների սիրտը շրջեց, որ ատեն իր ժողովրդին,եւ իր ծառաների դէմ նենգութիւն գործեն։
26 Տէրն ուղարկեց իր ծառայ Մովսէսին եւ իր ընտրեալ Ահարոնին՝
27 տալով նրանց իր նշանների ու սքանչելիքների խօսքը Քամի երկրում։
28 Խաւար ուղարկեց ու խաւարի մէջ թողեց նրանց, քանզի դառնացրին իր խօսքը։
29 Նրանց գետերն արիւն դարձրեց,եւ ոչնչացրեց բոլոր ձկները նրանց։
30 Նրանց երկիրն ու նրանց թագաւորների շտեմարանները լցրեց գորտերով։
31 Հրամայեց՝ եւ շնաճանճ ու մժեղ թափուեց նրանց երկրի բոլոր սահմաններում։
32 Նրանց անձրեւները կարկտի վերածեց, եւ նրանց երկրում հուր բորբոքուեց։
33 Հարուածեց այգիներն ու թզենիները նրանց, եւ փշրեց նրանց երկրի սահմաններում եղած ծառերը բոլոր։
34 Ասաց՝ եւ եկաւ մարախ ու խառնիճ, որոնց թիւ չկար։
35 Մարախը կերաւ նրանց երկրի ամբողջ խոտը, սպառեց նրանց դաշտի ամբողջ բերքը։
36 Տէրը հարուածեց եգիպտացիների բոլոր անդրանիկ ծնունդներին՝ իրենց ամբողջ վաստակի առաջնեկներին։
37 Նրանց հանեց Եգիպտոսից ոսկով ու արծաթով, եւ նրանց ցեղի մէջ հիւանդ չկար։
38 Եգիպտոսն ուրախացաւ, որ նրանք դուրս եկան, քանզի Տիրոջ ահն ընկել էր իրենց վրայ։
39 Ցերեկն ամպ սփռեց նրանց ստուերելու համար, եւ գիշերն հրով լուսաւորեց նրանց։
40 Նրանք խնդրեցին՝ ու լորամարգիներ իջան, եւ Տէրը երկնային հացով կշտացրեց նրանց։
41 Հարուածեց ժայռին՝ ու ջրեր բխեցին, եւ գետեր հոսեցին անապատով։
42 Յիշեց խօսքն իր սուրբ, որ տուել էր իր Աբրահամ ծառային։
43 Հանեց իր ժողովրդին ցնծութեամբ, եւ իր ընտրեալներին՝ ուրախութեամբ։
44 Նրանց տուեց գաւառներն հեթանոսների,եւ ժողովուրդների վաստակի ժառանգ դարձրեց նրանց,
45 որ պահեն պատուիրաններն իր, ու հետեւեն իր օրէնքներին։