ՍԱՂՄՈՍ. Chapter 3

1 Սաղմոս Դաւթի, երբ նա փախել էր իր որդու՝ Աբիսողոմի երեսից
2 Տէ՛ր, ինչո՞ւ բազմացան ինձ հալածողները, եւ շատերը ելան իմ դէմ։
3 Շատերն էին ասում իմ մասին՝ Սա փրկութիւն չունի իր Աստծուց։
4 Բայց դու, Տէ՛ր, իմ օգնականն ես, իմ փառքը եւ գլուխս բարձր պահողը։
5 Իմ ձայնով ես Տիրոջը դիմեցի, եւ նա լսեց ինձ իր սուրբ լերան վրայից։
6 Ես ննջեցի ու քուն մտայ. զարթնեցի, եւ Տէրն իմ ապաւէնն է։
7 Չեմ սոսկայ ես նրանց բիւրաւոր զօրքերից, որոնք ամէն կողմից պատել ու պաշարել էին ինձ։
8 Արի՛, Տէ՛ր, փրկի՛ր ինձ, Աստուած իմ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. դու մեղաւորների ատամները կը փշրես։
9 Տիրոջից է փրկութիւնը, Քո օրհնութիւնը ժողովրդիդ վրայ թող լինի։