ՍԱՂՄՈՍ. Chapter 68

1 Այսուհետեւ՝ անցած ժամանակների մասին սաղմոս Դաւթի
2 Փրկի՛ր ինձ, Աստուա՛ծ, քանզի ջրերը հասան իմ անձին, ես ընկղմուեցի խոր անդնդի մէջ, որտեղ ինձ համար հանգիստ չկայ։
3 Մտայ ես խորքերը ծովի, եւ յորձանքներն ինձ ընկղմեցին։
4 Ես յոգնեցի աղաղակելուց, կոկորդն իմ կերկերաց, եւ աչքերս նուաղեցին քեզ վրայ յոյս դնելուց, Տէ՛ր իմ Աստուած։
5 Գլխիս մազերից շատ եղան նրանք, ովքեր յանիրաւի ատում էին ինձ, թշնամիներս եւ ինձ իզուր ատողները զօրացան ինձնից աւելի,իմ չյափշտակած բաների համար ես վճարեցի նրանց։
6 Աստուա՛ծ, դու իմացար անմտութիւնն իմ, եւ յանցանքներս չծածկուեցին քեզնից։
7 Թող իմ պատճառով չամաչեն քեզ սպասողները, Տէ՛ր, զօրութիւնների՛ Տէր. թող իմ պատճառով չամաչեն քեզ փնտռողները, Աստուա՛ծ Իսրայէլի։
8 Քեզ համար նախատինք հանդուրժեցի, եւ ամօթը ծածկեց երեսն իմ։
9 Եղբայրներիս համար ես օտար եղայ, եւ մօրս որդիների համար՝ հիւր։
10 Քո տան նախանձախնդրութիւնն ինձ կերաւ, եւ նախատողներիդ նախատինքն ընկաւ ինձ վրայ։
11 Ծոմապահութեամբ խոնարհեցրի ինձ, եւ դա ինձ համար նախատինք եղաւ։
12 Քուրձն ինձ հագուստ դարձրի, եւ նրանց համար ծաղրուծանակի առարկայ եղայ։
13 Ինձ չարախօսում էին դռանը նստողները, գինի խմողները ծաղրում էին ինձ։ Ընդունելի ժամին ես աղօթում էի քեզ, Տէ՛ր։ Լսի՛ր ինձ, Աստուա՛ծ, քո առատ ողորմութեամբ, քո փրկութեան ճշմարտութեամբ։
14 Ազատի՛ր ինձ ցեխից, որ չխրուեմ եւ փրկուեմ իմ ատելիներից ու խոր ջրերից։
15 Ջրերի յորձանքները թող չկլանեն ինձ, եւ անդունդներն ինձ թող չընկղմեն, ոչ էլ ջրհորն ինձ վրայ բերանն իր փակի։
16 Լսի՛ր ինձ, Տէ՛ր, քանզի քաղցր է ողորմութիւնը քո, նայի՛ր ինձ քո գթառատութեամբ։
17 Եւ մի՛ շրջիր երեսդ քո ծառայից, փութով լսի՛ր ինձ, քանզի նեղութեան մէջ եմ ես։
18 Հայեացքդ դարձրո՛ւ ինձ վրայ ու փրկի՛ր ինձ, եւ իմ թշնամիներից ինձ պահպանի՛ր։
19 Դու գիտես իմ կրած նախատինքն ու ամօթը եւ խայտառակութիւնն իմ։
20 Քո առջեւ են բոլոր ինձ նեղողները։ Սիրտս համբերեց նախատինքների եւ թշուառութեան։ Սպասում էի, թէ ո՞վ ինձ արդեօք պիտի վշտակցէր, բայց ոչ ոք չկար, եւ ինձ համար մխիթարիչ չգտնուեց։
21 Կերակրի տեղ ինձ լեղի տուին, եւ ծարաւելիս քացախ խմեցրին։
22 Թող նրանց սեղաններն իրենց առջեւ դառնան որոգայթ, պատիժ ու գայթակղութիւն։
23 Թող նրանց աչքերը խաւարեն, որպէսզի չտեսնեն, եւ նրանց թիկունքը միշտ ծռա՛ծ պահիր։
24 Նրանց վրայ թափի՛ր քո զայրոյթը, եւ քո բարկութեան սաստկութիւնը թող հարուածի նրանց։
25 Նրանց բնակավայրերը թող աւերակ դառնան, եւ նրանց յարկերի տակ ոչ ոք չապրի.
26 քանզի ում որ դու հարուածեցիր՝ նրանք հալածեցին, եւ իմ վէրքերին ցաւեր աւելացրին։
27 Նրանց մեղքերին մեղքե՛ր գումարիր, որպէսզի մուտք չունենան քո արդարութեան մէջ։
28 Թող նրանք ջնջուեն կեանքի քո մատեանից, եւ քո արդարների շարքում չարձանագրուեն։
29 Աղքատ ու վշտացած եմ ես. թող քո պարգեւած փրկութիւնն, Աստուա՛ծ, ինձ բռնած պահի։
30 Օրհնութեամբ պիտի օրհնեմ անունն իմ Աստծու, եւ գովաբանութեամբ պիտի մեծարեմ նրան։
31 Դա հաճելի կը լինի Աստծուն՝ մատաղացու հորթից աւելի, որ եղջիւրներ ու կճղակներ ունի։
32 Աղքատները կը տեսնեն ու կ՚ուրախանան. փնտռեցէ՛ք Աստծուն, եւ ձեր հոգիները կը փրկուեն,
33 քանզի Տէրը լսեց տնանկներին, եւ իր գերեալներին չարհամարհեց։
34 Թող նրան օրհնեն երկինքն ու երկիրըեւ ծովն իր մէջ վխտացող բոլոր կենդանի էակներով։
35 Աստուած կը փրկի Սիոնը, եւ Հրէաստանի քաղաքները կը ծաղկեն։Մարդիկ կը կառուցեն, կը բնակեցնեն ու կը ժառանգեն այն։
36 Քո ծառաների սերունդները կը հաստատուեն այնտեղ, եւ քո անունը սիրողները կը բնակուեն նրա մէջ։