ՍԱՂՄՈՍ. Chapter 70

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի, Յոնադաբի որդիներից եւ առաջին գերութիւնից
2 Տէ՛ր, յոյսս քեզ վրայ դրի, թող յաւէտ ամօթով չմնամ, քո արդարութեամբ ինձ փրկի՛ր ու պահպանի՛ր։ Ականջդ մօտեցրո՛ւ ինձ եւ ազատի՛ր ինձ։
3 Ինձ համար ապաւէն եւ ամուր վա՛յր եղիր, Աստուա՛ծ, որ ինձ փրկես, քանզի իմ հիմքն ու յենարանը դու ես։
4 Աստուա՛ծ իմ, փրկի՛ր ինձ մեղաւորի ձեռքից, անօրէնի եւ անիրաւի ձեռքից։
5 Դու ես իմ ակնկալութիւնը, Տէ՛ր. Տէ՛ր, դո՛ւ ես իմ յոյսը մանկութիւնիցս ի վեր։
6 Քե՛զ կռուան ունեցայ ես արգանդից, մօրս որովայնից դո՛ւ ես իմ ապաւէնը, եւ յարաժամ քեզնի՛ց է իմ օգնութիւնը։
7 Ես շատերի համար ծաղր դարձայ, բայց դու իմ օգնականն ու քաջալերողը եղար։
8 Բերանս թող գովաբանութեամբ լցուի, որ օրհնեմ փառքը քո եւ յաւիտեան՝ քո մեծ վայելչութիւնը։
9 Ծերութեան ժամանակ ինձ մի՛ վանիր, Տէ՛ր. երբ ուժս պակասի՝ դու ինձ մի՛ լքիր։
10 Թշնամիներս իմ մասին խօսեցինեւ ինձ պաշարողները միասին խորհուրդ արեցին ու ասացին.
11 Աստուած լքել է նրան, հալածենք նրան ու հասնենք նրա վրայ, քանզի չկայ մէկը, որ նրան փրկի։
12 Աստուա՛ծ իմ, հեռու մի՛ մնա ինձնից, եւ ինձ օգնութեա՛ն հասիր, Աստուա՛ծ։
13 Թող ամաչեն ու կորստեան մատնուեն ինձ չարախօսողները, թող ամօթանք ու խայտառակութիւն կրեն իմ դէմ չար խորհողները։
14 Ես յարաժամ պիտի յուսամ եւ աւելի ու աւելի պիտի օրհնեմ քեզ։
15 Բերանս պիտի պատմի քո արդարութիւնն ու ամէն օր՝ քո գովքը, եւ ես մատեանում արձանագրուած դրանց թիւը չպիտի խարդախեմ։
16 Ես պիտի մտնեմ Տիրոջ զօրութեան տակեւ պիտի յիշեմ քո արդարութիւնը միայն, Տէ՛ր։
17 Աստուա՛ծ իմ, ինձ սովորեցրիր մանկութիւնից ի վեր, եւ այժմ էլ քո արդարութիւնը պիտի պատմեմ։
18 Մինչեւ իմ ալեւորութիւնն ու ծերութիւնը ինձ մի՛ լքիր, Աստուա՛ծ իմ, մինչեւ որ գալիք բոլոր սերունդներին պատմուի ուժը քո բազկի։ Քո զօրութիւնն ու արդարութիւնը հասնում են մինչեւ բարձունքները,
19 Նոյնպէս եւ քո մեծամեծ գործերը, ո՛վ Աստուած. ո՞վ է քեզ նման։
20 Որքան էլ որ բազում նեղութիւն եւ չարչարանք ցոյց տուիր ինձ, դարձեալ մխիթարեցիր ինձ եւ հանեցիր երկրի խոր անդունդներից։
21 Բազմապատկեցիր քո զօրութիւնը, դարձեալ մխիթարեցիր ինձ եւ մի անգամ եւս հանեցիր երկրի խոր անդունդներից։
22 Եւ արդ, սաղմոսերգութեամբ գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, ճշմարի՛տդ Աստուած. պիտի օրհնութեամբ սաղմոս երգեմ քեզ, ո՛վ սուրբդ Իսրայէլի։
23 Երբ քեզ սաղմոս երգեմ, պիտի ցնծան շրթունքներն իմ, եւ իմ հոգին, որը դո՛ւ փրկեցիր։
24 Ու լեզուս ամէն օր քո արդարութունից պիտի խօսի։ Իր ժամանակին պիտի խայտառակուեն ու ամօթահար լինեն իմ մասին չար խորհողները։