ՍԱՂՄՈՍ. Chapter 39

1 Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2 Համբերութեամբ սպասեցի Տիրոջը, եւ նա նայեց ինձ ու լսեց իմ աղօթքը։
3 Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից. ոտքերս ժայռի վրայ հաստատեց եւ ուղղեց իմ քայլերը։
4 Բերանս դրեց մի նոր օրհներգ՝ օրհներգը մեր Տէր Աստծու։Շատերը պիտի տեսնեն ու վախենան եւ իրենց յոյսը դնեն Տիրոջ վրայ։
5 Երանի այն մարդուն, որի յոյսը Տիրոջ անունն է, եւ որը ունայնութեանն ու սուտ մոլորութեանն ուշ չի դարձրել։
6 Բազում են քո սքանչելիքները, Տէ՛ր իմ Աստուած, քո խորհուրդներում ոչ ոք նման չէ քեզ։ Պատմեցի ու խօսեցի դրանց մասին, բայց դրանք անթիւ են։
7 Զոհերն ու ընծաները հաճելի չեղան քեզ, ինձ լսողութիւն տուիր եւ ողջակէզ ու մեղայագին չպահանջեցիր։
8 Այն ժամանակ ասացի, թէ՝ Ահա գալիս եմ ես, գրքի գլուխներում գրուած է իմ մասին։
9 Ուզեցի կամքդ կատարել, Աստուա՛ծ իմ, եւ օրէնքդ, որ իմ ներսում է։
10 Մեծ հաւաքներում ես քո արդարութիւնն աւետեցի, եւ արդ շրթունքներս չեմ կտրում քեզնից։
11 Տէ՛ր, դու գիտես, որ քո արդարութիւնը, քո ճշմարտութիւնն ու փրկութիւնը ծածուկ չեմ պահել իմ սրտում, պատմել եմ եւ մեծ հաւաքներից չեմ թաքցրել քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը։
12 Իսկ դու, Տէ՛ր, գթութիւնդ հեռու մի՛ պահիր ինձնից, քո ողորմութիւնն ու ճշմարտութիւնը միշտ պահապան լինի ինձ։
13 Ինձ պաշարեցին չարիքներ, որոնք անթիւ էին. անօրէնութիւններս ինձ վրայ հասան, եւ ես չկարողացայ նկատել. գլխիս մազերից աւելի շատ եղան դրանք, եւ սիրտս ինձ լքեց։
14 Կամեցի՛ր փրկել ինձ, Տէ՛ր, նայի՛ր, որ օգնես ինձ, Տէ՛ր։
15 Թող խայտառակուեն ու ամօթահար լինեն նրանք, որ ուզում էին կործանել ինձ. թող ետ դառնան ու ամօթով մնան ինձ չար կամեցողները։
16 Թող շուտափոյթ անարգանք կրեն նրանք, որ չարախնդում էին իմ դէմ։
17 Թող քեզանով ցնծան ու ուրախանան բոլոր նրանք, որ փնտռում են քեզ, Տէ՛ր։ Քո տուած փրկութիւնը սիրողներն ամէն ժամ թող ասեն՝ Մեծ է Աստուած։
18 Ես աղքատ եմ եւ տնանկ, Աստուա՛ծ, հո՛գ տար իմ մասին. իմ օգնականն ու պաշտպանը դու ես. Աստուած իմ, մի՛ ուշացիր։