ԵՍԱՅԻ. Chapter 30

1 Այսպէս է ասում Տէրը. Վա՜յ ձեզ, ապստա՛մբ որդիներ, քանզի խորհուրդ էք անում, բայց ոչ իմ կամքով, դաշինք էք կռում, բայց ոչ իմ հոգով, մեղքերի վրայ մեղքեր էք բարդում։
2 Առանց ինձ հարցնելու գնում իջնում էք Եգիպտացիների երկիրը՝ Փարաւոնից օգնութիւն գտնելու եւ եգիպտացիներին ձեզ թիկունք դարձնելու։
3 Բայց Փարաւոնի պաշտպանութիւնը ձեզ համար ամօթ է լինելու, իսկ եգիպտացիներին ապաւինելը՝ նախատինք.
4 քանզի Տայանիս երկրում իշխանները չար պատգամաբերներ են.
5 զուր տեղը ջանք կը թափե՞ն մի ժողովրդի համար, որից ո՛չ շահ եւ ո՛չ էլ օժանդակութիւն ու օգուտ է լինելու իրենց, այլ՝ ամօթ ու նախատինք։
6 Տեսիլք անապատում նեղութեան եւ տառապանքի մէջ գտնուող չորքոտանիների մասին։
7 Առիւծն ու առիւծի կորիւնը եւ իժերն ու թռչող իժերի ձագերը, իրենց գանձերը բարձած էշերին եւ իրենց հարստութիւնը դրած ուղտերի վրայ, գնում են մի ազգի մօտ, որից իրենց օգուտ ու օժանդակութիւն չի լինելու, այլ՝ ամօթ ու նախատինք։
8 Եգիպտացիներին, որոնք իզուր եւ ապարդիւն են օգնում ձեզ, յայտնի՛ր. Զուր է ձեզնից ստացած մեր մխիթարանքը։
9 Արդ, նստի՛ր ու գրի՛ր տախտակի վրայ եւ գրքի մէջ, որպէսզի դա պահպանուի իր ժամանակի համար եւ յաւիտեանս յաւիտենից,
10 քանզի ժողովուրդն անհաւատ է, որդիները՝ սուտ, որոնք չկամեցան հետեւել Աստծու օրէնքին։
11 Նրանք մարգարէներին ասում էին. Մի՛ մարգարէացէք, այլ խօսեցէ՛ք մեզ հետու մեզ պատմեցէ՛ք մի այլ մոլորութեան մասին.
12 մեզ յե՛տ դարձրէք այդ ճանապարհից, հեռացրէ՛ք մեզ այդ շաւղից, մեր միջից հանեցէ՛ք Իսրայէլի Աստծու օրէնքները։
13 Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը. Որովհետեւ դուք անարգեցիք այդ խօսքերը եւ ապաւինեցիք սնոտի ստին, տրտնջացիք եւ յոյս դրիք դրա վրայ,
14 այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկոյն խորտակուած պարսպի պէս, որը գրաւուած է, եւ որին հասել է յանկարծակի կործանում։
15 Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցէ անօթի ջարդուելուն, այնքան մանր փշրուած, որ որեւէ մէկը դրանից մի կտոր էլ չգտնի, որպէսզի դրանով կրակ վերցնի եւ կամ կարողանայ մի քիչ ջուր առնել։
16 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբ Աստուածը. Երբ դարձի գաս եւ հոգոց հանես, այն ժամանակ կ՚ապրես եւ կ՚իմանաս, թէ որտեղ ես գտնւում։ Որովհետեւ յոյսդ դրել էիր սնոտի բաների վրայ, դրա համար էլ սնոտի դարձաւ եւ ձեր զօրութիւնը։ Դուք չէիք կամենում լսել,
17 այլ ասում էիք. Մենք կը փախչենք մեր երիվարներով։ Դրա համար էլ փախստական պիտի դառնաք։ Ասում էիք. Մենք կը փախչենք մեր արագընթաց երիվարներով։ Դրա համար առաւել արագընթաց պիտի լինեն նրանք, որոնք ձեզ հալածելու են.
18 քանզի մէկի աղաղակից հազարը պիտի փախչի, հինգի աղաղակից՝ տասը հազարը, մինչեւ որ մնաք լերան վրայ ցցուած ձողի նման եւ կամ ինչպէս բլրի վրայ կանգնեցուած քարակոթող։
19 Սակայն շուտով Աստուած նորից գթալու է ձեզ, վեր է կենալու, որպէսզի ողորմի ձեզ։ Տէր Աստուած մեր դատաւորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,
20 որովհետեւ արդար ժողովուրդը պիտի բնակուի Սիոնում։ Եւ Երուսաղէմը լալով պիտի պաղատի, թէ՝ ողորմի՛ր ինձ։ Պիտի ողորմի քեզ, պիտի գթայ քո ձայնին ու աղաղակին, հէնց որ տեսնի ու լսի քեզ։
21 Տէրը նեղութեան մէջ քեզ՝ հաց եւ թշուառութեան մէջ ջուր պիտի տայ. էլ քեզ չեն մօտենալու նրանք, ովքեր մոլորեցնում էին քեզ, որովհետեւ աչքերդ բացուելու են քեզ մոլորեցնողների հանդէպ,
22 եւ ականջներդ քեզ մոլորեցնողների յետեւից լսելու են նրանց ասած խօսքերը, թէ՝ Սա է ճանապարհը, այստեղով գնանք, եւ կամ թէ՝ Դէպի ա՛ջ, կամ՝ դէպի ձա՛խ։
23 Դու պիտի պղծես արծաթապատ եւ ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք եւ թափես ինչպէս դաշտանի ջուր, ինչպէս աղբ՝ պիտի հեռացնես դրանք։
24 Այն ժամանակ քո հողի սերմերի համար անձրեւ պիտի լինի, քո հողի հացն ու բերքը պիտի լինեն առատ ու յուռթի, եւ այն օրը քո հօտերը պիտի արածեն փարթամ ու ընդարձակ վայրում։
25 Ձեր արջառներն ու եզները, որոնք հողն են վարում, պիտի ուտեն յարդ՝ խառնուած գարու հետ, որ բերելու են կալից։
26 Այն օրը բոլոր բարձր լեռների եւ բոլոր բարձրաբերձ բլուրների վրայ ջուր պիտի բխի, երբ ոչնչանան շատերը, եւ կործանուեն աշտարակները։
27 Այն օրը լուսնի լոյսն արեգակի լոյսի պէս պիտի լինի, իսկ արեգակի լոյսը պիտի լինի եօթնապատիկ շատ, պիտի դառնայ եօթը օրուայ լոյսի չափ, ու Տէրը պիտի բուժի իր ժողովրդի կրած հարուածը, պիտի բուժի քո վէրքերի ցաւերը։
28 Ահաւասիկ, երկար տարիներ ու բազում ժամանակներ անց պիտի գայ Տիրոջ անունը՝ բարկութեամբ վառուած եւ փառքով լի. բարկութեամբ լի են լինելու նրա շուրթերի ու բերանի խօսքերը։ Նրա բարկութիւնն ու ցասումը կրակի պէս պիտի լափեն,
29 իսկ նրա հոգին, ինչպէս ձորը լցուող յորդահոս հեղեղ, պիտի հասնի մինչեւ պարանոցը։ Եւ պիտի բաժանի ու խռովութեան մատնի ազգերին՝ իրենց սնոտի մոլորութեան համար, պիտի հալածի նրանց մոլորութիւնըեւ նրանց հանի միմեանց դէմ։
30 Մի՞թէ դուք հանապազ ուրախութեամբ պիտի մտնէք իմ սրբութիւնները, մի՞թէ ամէն ժամ տօնախմբութիւններով, ցնծութեամբ ու փողերով պիտի մուտք գործէք Տիրոջ լեռը՝ Իսրայէլի սուրբ Աստծու մօտ։
31 Տէրը լսելի պիտի դարձնի իր փառաւոր ձայնը, ցոյց պիտի տայ իր բազկի զայրոյթը՝ սրտմտութեամբ ու ցասման ամենակուլ բոցով, կրակ սփռող իր ահաւոր բարկութեամբ, ինչպէս եւ ջրհեղեղով ու սաստկատարափ կարկուտով։
32 Ասորեստանցիները պիտի ընկճուեն Տիրոջ ձայնից եւ այն հարուածներից, որ Նա հասցնելու է նրանց։
33 Եւ իրենց օգնականները, որոնց վրայ յոյս էին դրել, ամէն կողմից շրջապատման մէջ են առնելու նրան. փողերով ու թմբուկով նրանք շատ անգամ փոխնիփոխ պիտի կռուեն նրանց դէմ ու ոչ թէ վաղօրօք, այլ հէնց ժամանակին վրէժխնդիր պիտի լինեն նրանցից։
34 Եւ արդ, մի՞թէ ձեզ համար եւս նախատեսուած է թագաւորել։ Խոր ձորի մէջ փայտ է դիզուած, մեծ փայտակոյտն է բորբոքուել հրով. Տիրոջ զայրոյթն է բորբոքուած, ինչպէս ծծմբով լի ձոր։