ԵՍԱՅԻ. Chapter 45

1 Այսպէս է ասում Տէր Աստուած իր օծեալ Կիւրոսին. Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպէսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագաւորների զօրութիւնը, բացեմ քո առաջ դռները, եւ քաղաքները չփակուեն։
2 Ես կ՚ընթանամ քո առջեւից, կը հարթեցնեմ լեռները, կը խորտակեմ պղնձէ դռները եւ կը փշրեմ երկաթէ նիգերը։
3 Ես քեզ կը տամ խաւարի մէջ պահուող գանձերը եւ քեզ համար կը բացեմ աներեւոյթ հարստութիւնները, որպէսզի իմանաս, որ ես եմ Տէր Աստուածը, Իսրայէլի Աստուածը, որը կանչեց քո անունը։
4 Իմ Յակոբի համար եւ իմ ընտրեալ Իսրայէլի համար ես քո անունով կանչեցի քեզ եւ ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր,
5 որ ես եմ Տէր Աստուածը,եւ չկայ մէկ ուրիշը։
6 Թող իմանան արեւելքից ու արեւմուտքից, որ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ։
7 Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը։
8 Երկինքը թող ուրախ լինի վերուստ, եւ ամպերը արդարութիւն ցօղեն, թող երկիրը ողորմութիւն բխեցնի, լիովին արդարութիւն թող բխեցնի։ Ես եմ Տէրը, որ հաստատեցի քեզ որպէս մի լաւ բան, ստեղծեցի քեզ իբրեւ բրուտի կաւ։
9 Մի՞թէ նա, որ հողն է հերկում, ամէն օր հերկ կ՚անի. մի՞թէ կաւը բրուտին կարող է ասել, թէ՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կարող է ասել, թէ՝ ինչո՞ւ այսպէս ստեղծեցիր ինձ։
10 Վա՜յ նրան, որ իր հօրը կ՚ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ։
11 Այսպէս է ասում Տէր Աստուած՝ Իսրայէլի սուրբը, որ արարեց նրանց, ովքեր յետոյ են գալու. Դուք ինձ հարցնում էք իմ որդիների ու դուստրերի մասին եւ իմ ձեռքի գործերի համար պատուէր էք տալիս ինձ։
12 Ես ստեղծեցի երկիրը, եւ մարդուն՝ նրա վրայ. ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տուեցի բոլոր աստղերին։
13 Ես արդարութեամբ նրան թագաւոր հաստատեցի,եւ նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կը կառուցի իմ քաղաքը եւ իմ գերուած ժողովրդին յետ կը բերի՝ առանց կաշառքի եւ առանց ընծաների, ասում է Զօրութիւնների Տէրը։
14 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առեւտուրը եւ սաբայեցի մեծամեծ այրերը քո ձեռքը պիտի անցնեն եւ քեզ ծառայեն, ձեռնակապերով շղթայուած՝ քո յետեւից պիտի շրջեն եւ քեզ պիտի ներկայանան, քեզ պիտի երկրպագեն եւ ուխտ պիտի դնեն քեզ հետ, որովհետեւ Աստուած քո մէջ է, ու պիտի ասեն, թէ՝ ուրիշ Աստուած չկայ, բացի քեզնից։
15 Դու ես Աստուածը, իսկ մենք չգիտէինք, ո՛վ Աստուած՝ փրկիչդ Իսրայէլի։
16 Պիտի ամաչեն, ամօթահար պիտի լինեն նրա բոլոր հակառակորդները, ամօթով պիտի հեռանան։
17 Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի Իսրայէլը փրկուեց յաւիտենական փրկութեամբ։ Դուք չէք ամաչելու, այլեւս ամօթահար չէք լինելու մինչեւ յաւիտենութիւն։
18 Արդարեւ, այսպէս է ասում Տէրը, որ ստեղծեց երկինքը, Աստուած, որ արարեց ու հաստատեց երկիրը, նա, որ կարգաւորեց այն. զուր տեղը չստեղծեց այն, այլ ստեղծեց բնակութեան համար. Ես եմ Տէրը, ուրիշը չկայ։
19 Ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ երկրի մութ տեղում. Յակոբի սերնդին չասացի, թէ՝ սնոտի բաներ էք փնտռում։ Ես եմ, ես եմ Տէրը, որ խօսում եմ արդարութիւնը եւ յայտնում ճշմարտութիւնը։
20 Հաւաքուեցէ՛ք եւ եկէք միասին խորհեցէ՛ք, ո՛վ դուք հեթանոսներից փրկուածներ։ Ովքեր վերցրել, բերում էին փայտէ կուռքը եւ աղօթում էին աստուածներին, չգիտակցեցին, որ նրանք չէին կարող փրկել իրենց։
21 Երբ նրանց յայտնեն, թող մօտ գան, որպէսզի միասին իմանան, թէ այդ ամենի մասին սկզբից ո՛վ լուր տուեց.եւ այժմ էլ ասւում է ձեզ. Ես եմ Աստուածը, ինձնից բացի ուրիշը չկայ, արդար ու փրկող Աստուածը, ինձնից բացի մէկ ուրիշը չկայ։
22 Դարձէ՛ք ինձ մօտ, եւ կը փրկուէք, դուք, որ եկել էք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստուածը, ուրիշը չկայ։
23 Անձովս եմ երդւում, որ ինչ էլ դուրս գայ իմ բերանից՝ արդարութիւն է, եւ իմ խօսքերը չեն եղծուելու։ Ամէն ծունկ ինձ է խոնարհուելու, ամէն լեզու Աստծուն է խոստովանելու
24 եւ ասելու, թէ արդարութիւնն ու փառքը նրա միջոցով են գալու։ Եւ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամօթով են մնալու։
25 Աստուծով պիտի արդարանայ եւ փառաւորուի իսրայէլացիների ամէն մի սերունդ։