ԵՍԱՅԻ. Chapter 3

1 Ահաւասիկ Զօրութիւնների Տէր Աստուածը Հրէաստանից եւ Երուսաղէմից պիտի վերացնի հզօր տղամարդուն եւ զօրաւոր կնոջը, հացի զօրութիւնը եւ ջրի զօրութիւնը,
2 հսկային, զօրեղին եւ քաջամարտիկին, դատաւորին, մարգարէին, քննիչին եւ ծերին,
3 յիսնապետին եւ սքանչելի խորհրդականին, իմաստուն ճարտարապետին եւ խելամիտ ատենակալին։
4 Նրանց վրայ իշխան պիտի կարգեմ մանուկներին, խաբեբաները պիտի տիրեն նրանց։
5 Ժողովուրդն իրար պիտի անցնի, տղամարդը տղամարդու դէմ պիտի ելնի, ընկերն՝ ընկերոջ դէմ, մանուկը ծերի հետ պիտի ընդհարուի, անարժանն՝ արժանաւորի հետ։
6 Ու մարդ պիտի բռնի իր եղբօրը կամ իր հօր ընտանիքից մէկին եւ ասի. Դու վերարկու ունես, մեզ իշխա՛ն դարձիր, թող մեր կերակուրը քո հրամանով լինի։
7 Այն ժամանակ պատասխան է տալու՝ ասելով. Իշխան չեմ լինի, որովհետեւ իմ տանը ո՛չ հաց կայ եւ ո՛չ էլ հագուստ. ես այս ժողովրդի վրայ իշխան չեմ դառնայ։
8 Եւ այսպէս, Երուսաղէմը լքուեց, Հրէաստանը կործանուեց, եւ նրանց լեզուները անօրէնութեամբ ապստամբեցին Տիրոջ դէմ։
9 Ահա թէ ինչու նրանց փառքը նսեմացաւ, ամօթը ծածկեց նրանց երեսը, եւ նրանք, սոդոմայեցիների նման, իրենց մեղքերը պատմեցին ու յայտնի դարձրին։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետեւ իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին
10 եւ ասացին. Կապենք արդարին, քանի որ նա մեզ անհաճոյ է։ Այսուհետեւ նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն։
11 Վա՜յ անօրէնին, չարիքներ պիտի գան նրա վրայ՝ ըստ իրենց կատարած չար գործերի։
12 Ո՛վ իմ ժողովուրդ, ձեր հարկահանները ձեզ ճռաքաղ են անում, հարկապահանջները տիրում են ձեզ. ո՛վ իմ ժողովուրդ, նրանք, ովքեր երանի են տալիս ձեզ, խաբում են ձեզ եւ խոտորում ձեր շաւիղները։
13 Բայց ահա ներկայանալու է Տէրը, որ դատաստան անի, եւ իր ժողովրդին կանգնեցնելու է ատեանում։
14 Տէրն ինքը դատելու է իր ժողովրդի ծերերին եւ նրանց իշխաններին. Դուք ինչո՞ւ հրկիզեցիք իմ այգին. տնանկից յափշտակուածը ձեր տներում է։
15 Դուք ինչո՞ւ էք զրկում իմ ժողովրդին եւ ամօթահար անում տնանկներին,ասում է Տէրը, Զօրութիւնների Տէրը։
16 Այսպէս է ասում Տէրը. Սիոնի դուստրերը հպարտացան, քայլում էին բարձրապարանոց, աչքով-ունքով էին անում, շարժուելիս իրենց քղանցքներն էին քարշ տալիս ու ոտքերով կաքաւում։
17 Դրա համար էլ Աստուած պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանուհի դուստրերին, այն օրը Տէրը պսակազերծ պիտի անի նրանց։
18 Տէրը նրանց վրայից պիտի հանի նրանց վայելուչ զգեստները եւ պատմուճանները,
19 պիտի քանդի նրանց հիւսերը,վերացնի նրանց ծամակալները,
20 նրանց պսակակալներն ու մահիկաձեւ վզնոցները, նրանց դէմքի քօղազարդերն ու վայելուչ պաճուճազարդերը, քօղէքներն ու ապարանջանները, մեհեւանդներն ու գինդերը,
21 նրանց մատանիներն ու ոսկեշար մանեակները, դիպակներն ու թելաւոր զարդերը,
22 եզրածիրանին ու միջնածիրանին, առտնին հագուստն ու պերճաշուք լակոնականը,
23 բեհեզն ու երկնագոյնը, կարմիր շղարշաքօղը, բանուածոյ, ոսկեճամուկ ու ոսկեծոպ զգեստներն ու գօտիները։
24 Եւ քո արարքների պատճառով անուշահոտութիւնների փոխարէն փոշի պիտի լինի, զարդանախշ զգեստների փոխարէն՝ չուան գօտի, ոսկեայ գլխազարդի փոխարէն՝ ճաղատութիւն, իսկ ոսկեհիւս դիպակի փոխարէն քուրձ պիտի հագնես։
25 Քո գեղեցիկ զաւակը, որին դու սիրում ես, սրով պիտի մեռնի, ձեր իշխանները եւս սրով պիտի ընկնեն։
26 Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան,պիտի մատնուեն սգի,իսկ դու պիտի մնաս մեն-մենակ ու տապալուես գետին։