ԵՍԱՅԻ. Chapter 31

1 Վա՜յ նրանց, ովքեր օգնութիւն գտնելու համար իջնում են Եգիպտոս, ովքեր հեծեալներին ու մարտակառքերին են ապաւինում, թէ շատ են, եւ ձիերի մեծ բազմութեանը. նրանք Իսրայէլի սրբի վրայ յոյս չեն դնում, Աստծուն չեն փնտռում։
2 Բայց Տէրն իմաստուն է, նրանց վրայ չարիք է բերելու, եւ նրա խօսքը չի անարգուի. նա կը կանգնի չար մարդկանց տների, նրանց սնոտի յոյսի վրայ։
3 Եգիպտացի մարդուն են ապաւինում եւ ոչ թէ Աստծուն, ձիերի մարմիններին, բայց օգնութիւն չի լինի. Տէրը իր ձեռքը կ՚երկարի նրանց վրայ, եւ օգնողները տանջանքի կ՚ենթարկուեն, իսկ նրանցից օգնութիւն սպասողները կը կործանուեն, ամէնքն անխտիր կ՚ոչնչանան։
4 Այսպէս ասաց ինձ Տէրը. Ինչպէս որ առիւծը եւ առիւծի կորիւնը մռնչում են դէպի այն որսը, որի վրայ են յարձակւում, այնպէս էլ ինքը պիտի բացականչի, լեռները լցնի իր ձայնով, եւ նրանք պարտութեան պիտի մատնուեն, նրա բարկութեան սաստկութիւնից պիտի հալուեն. այդպէս է իջնելու Զօրութիւնների Տէրը Սիոն լերան եւ նրա բլուրների վրայ։
5 Ինչպէս թեւածող թռչունները, այդպէս էլ Զօրութիւնների Տէրը պիտի հովանի լինի Երուսաղէմին, նրա թիկունքին կանգնի, օգնի, փրկի եւ ապրեցնի։
6 Դարձէ՛ք դէպի Տէրը, ո՛վ Իսրայէլի որդիներ, որ գաղտնի ու չար խորհուրդներ էք խորհում.
7 քանզի այն օրը մարդիկ պիտի վերացնեն իրենց արծաթէ եւ ոսկէ կուռքերը՝ իրենց ձեռքերի գործած մեղքերը։
8 Եւ ասորեստանցին պիտի ընկնի, բայց ոչ մարդու սրով. մարդու սուրը չի ուտելու նրան, նա փախուստի պիտի մատնուի, բայց ոչ սուսերի պատճառով. նրա երիտասարդները եւս պարտութեան պիտի մատնուեն։
9 Նրանք, ովքեր բանտարկուածների պէս թաքնուած են լինելու ժայռերի մէջ,
10 նոյնպէս պարտութեան են մատնուելու. փախչողն էլ պիտի բռնուի։Այսպէս է ասում Տէրը. Երանի՜ նրան, ով զաւակ ունի Սիոնում, եւ ում տանեցիները Երուսաղէմում են։