ԵՍԱՅԻ. Chapter 12

1 Այն օրը պիտի ասես. Օրհներգում եմ քեզ, Տէ՜ր, որ բարկացար ինձ վրայ, բայց քո զայրոյթը հեռացրիր ինձնից եւ ողորմեցիր ինձ։
2 Ահա Աստուածն իմ եւ փրկիչ Տէրն իմ. ես յոյսս դրեցի նրա վրայ եւ երկիւղ չեմ կրելու, քանզի Տէրն իմ փառքն է ու իմ օրհնութիւնը, եւ փրկութիւն եղաւ ինձ համար։
3 Ուրախութեան ջո՛ւր առէք փրկութեան աղբիւրներից։
4 Եւ այն օրը պիտի ասես. Օրհներգեցէ՛ք Տիրոջը, հնչեցրէ՛ք նրա անունը, նրա փառքը տարածեցէ՛ք հեթանոսների մէջ, յիշեցէ՛ք, որ բարձր է նրա անունը։
5 Օրհնեցէ՛ք Տիրոջ անունը, քանզի նա մեծամեծ գործեր կատարեց, պատմեցէ՛ք այդ մասին արար աշխարհում։
6 Ցնծացէ՛ք եւ ուրա՛խ եղէք, Սիոնի՛ բնակիչներ, քանզի Իսրայէլի սուրբը վեր բարձրացաւ նրա մէջ։