ԵՍԱՅԻ. Chapter 27

1 Այն օրը Տէրը պիտի քաշի սուրբ, մեծ ու հզօր սուրը փախչող վիշապ օձի վրայ, գալարուող վիշապ օձի վրայ՝ ծովի մէջ սպանելով վիշապին։
2 Այն ժամանակ մի սքանչելի այգի է լինելու, որին տիրանալը ցանկալի պիտի լինի։
3 Ես մի անառիկ քաղաք եմ, քաղաք, որին պաշարելը զուր է։ Ես պիտի հարբեցնեմ նրան, որ գիշերը գրաւուի, իսկ ցերեկը խորտակուի նրա պարիսպը։
4 Չեղաւ մէկը, որ ձեռք չտար նրան։ Ո՞վ է, որ կ՚օգնի ինձ ագարակի մէջ պահպանելու արտի հունձը։ Սրա համար պատերազմողին այսուհետեւ պիտի անարգեմ։ Ահա թէ ինչու Տէրը կատարեց այն ամէնը, ինչ որ կարգադրեց։ Այրուեցինք, -ասում են ու բողոքում նրա բնակիչները. -
5 եկէ՛ք նրա հետ խաղաղութիւն պահենք։
6 Յակոբի հաւաքուած որդիները նոր տունկի նման պիտի ընձիւղներ տան. Պիտի ծաղկի Իսրայէլը, եւ աշխարհը պիտի լցուի նրա պտղով։
7 Մի՞թէ սա այնպէս պիտի վիրաւորուի, ինչպէս որ Նա հարուածեց նրան, կամ այնպէս պիտի սպանուի, ինչպէս որ սպանեց նրան։
8 Նա պատերազմով ու նախատինքով է արձակելու նրանց. Դու չէի՞ր, արդեօք, որ խստասրտօրէն եւ բարկացած հոգով մտածում էիր սպանել նրանց։
9 Ուստի Յակոբի անօրէնութիւնը պէտք է վերանայ, եւ այս է լինելու նրա օրհնութիւնը, երբ ազատեմ նրան իր մեղքերից։ Այն ժամանակ նրա մեհեանների բոլոր քարերը մանր փոշու պէս պիտի փշրեն, այլեւս չեն պահպանուելու նրանց պաշտամունքի կուռքերը,
10 այլ կտոր-կտոր պիտի արուեն, ինչպէս մայրի ծառը՝ փայտահատի ձեռքով։ Եթէ մի շէն վայր մնայ, ապա պիտի վերածուի այնպիսի տեղի, ուր հօտն է մակաղելու կամ ուր լքուած ոչխարներ են լինելու, երկար ժամանակ անասունների արօտավայր է դառնալու այն, որտեղ եւ նրանք հանգրուանելու են։
11 Երկար ժամանակ անց այնտեղ դալար բոյս չի գտնուելու, որովհետեւ այդ տեղը պիտի չորանայ։ Ո՛վ կանայք, որ ահա գալիս էք հանդէսից, առա՛ջ եկէք, դուք, որ այն ժողովուրդը չէք, որն իմաստուն է։ Ահա թէ ինչու ձեզ չի գթալու Աստուած, նա, որ ստեղծել է ձեզ։ Ձեր Արարիչը ձեզ չի ողորմելու։
12 Այն օրը Տէրն արգելք պիտի դնի գետի փոսից մինչեւ Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մէկ առ մէկ հաւաքեցէ՛ք իսրայէլացիներին։
13 Այն օրը պիտի հնչեցնեն մեծ փողը, եւ նրանք, ովքեր ցրուած են Ասորեստանի երկրում եւ կորած՝ Եգիպտոսի երկրում, պիտի վերադառնան ու Երուսաղէմի սուրբ լերան վրայ երկրպագեն Տիրոջը։