ԵՍԱՅԻ. Chapter 60

1 Լուսաւորուի՛ր, լուսաւորուի՛ր, Երուսաղէ՛մ, քանզի հասել է քո լոյսը, եւ Տիրոջ փառքը քեզ վրայ է ծագելու։
2 Ահա խաւարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մէջ է յայտնուելու Տէրը, եւ նրա փառքը քո մէջ է երեւալու։
3 Թագաւորները գալու են դէպի քո լոյսը, հեթանոսները՝ դէպի քո լոյսի փայլը։
4 Աչքերդ բարձրացրո՛ւ եւ շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մօտդ հաւաքուած քո բոլոր մանուկներին. քանզի որդիներդ եկան հասան հեռուներից եւ, իրենց ուսերին առած, բերում են քո դուստրերին։
5 Ահա դու պիտի տեսնես ու խնդաս, զարմանաս ու ապշես քո մտքում, որովհետեւ ծովերի, ազգերի ու ժողովուրդների հարստութիւնը քո կողմը պիտի դառնայ։
6 Դէպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի եւ Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր եւ տալու են Տիրոջ փրկութեան աւետիսը։
7 Կեդարի ոչխարների բոլոր հօտերը քեզ մօտ պիտի հաւաքուեն, Նաբէօթի խոյերը պիտի բերուեն ու իմ սեղանի վրայ պիտի մատուցուեն իբրեւ ընդունելի զոհ, եւ իմ աղօթքի Տունը պիտի փառաւորուի։
8 Ովքե՞ր են սրանք, որ թռել են ինչպէս ամպ եւ ինչպէս ձագերի հետ խառնուած աղաւնիներ՝ երամով գալիս են ինձ մօտ։
9 Ինձ են սպասում կղզիները եւ Թարսիսի նաւերը, որպէսզի նախօրօք հեռուներից բերեն քո որդիներին եւ նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անուան համար, Իսրայէլի փառաւորեալ սրբի համար։
10 Օտարազգիների որդիները պիտի շինեն քո պարիսպները, ու նրանց թագաւորները պիտի ծառայեն քեզ, որովհետեւ իմ բարկութեան պատճառով հարուածեցի քեզ եւ իմ գթասրտութեան համար սիրեցի քեզ։
11 Քո դռներն օր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն եւ չպիտի փակուեն, որպէսզի քո մէջ տեղափոխեն ազգերի հարստութիւնը եւ նրանց թագաւորներին բերեն քեզ մօտ։
12 Իսկ այն ազգերն ու թագաւորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանուեն։
13 Լիբանանի փառքը դէպի քեզ է գալու՝ դափնիով, սօսիով, նոճիով ու մայրիով, որպէսզի լիապէս փառաւորեն իմ սրբարանի տեղը, եւ ես փառաւորեմ իմ ոտքերի տեղը։
14 Քեզ մօտ պիտի գան քեզ նեղողների եւ զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագութիւն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչուես Տիրոջ քաղաք, Իսրայէլի սրբի Սիոն։
15 Դու եղար լքուած ու ատելի, եւ ոչ ոք չկար, որ օգնէր քեզ, ես քեզ կը դարձնեմ յաւիտենական ուրախութիւն, ցնծութիւն՝ սերնդից սերունդ։
16 Դու պիտի ծծես հեթանոսների կաթը եւ ուտես թագաւորների հարստութիւնը, պիտի գիտակցես, որ ես եմ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, որ ազատում ու փրկում եմ քեզ։
17 Պղնձի փոխարէն ոսկի եմ բերելու քեզ, երկաթի փոխարէն արծաթ եմ բերելու քեզ, փայտի փոխարէն պղինձ եմ բերելու քեզ, քարի փոխարէն երկաթ եմ տալու քեզ, խաղաղութիւն եմ տալու քո իշխաններին, եւ քո վերակացուներին՝ արդարութիւն։
18 Քո երկրում անիրաւութեան մասին այլեւս չի լսուելու եւ ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշուառութեան մասին. քո պարիսպները պիտի անուանուեն փրկութիւն, եւ քո դռները՝ ցնծութիւն։
19 Այլեւս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկուայ լոյս է լինելու, եւ ոչ էլ լուսնի ծագումն է, որ քեզ գիշերը լոյս է տալու, այլ քեզ համար Տէրն է յաւիտենական լոյս լինելու, եւ Աստուած՝ քո փառքը։
20 Արեգակը քեզ համար մայր չի մտնելու, եւ լուսինը քեզնից չի պակասելու, որովհետեւ Տէրը քեզ համար յաւիտենական լոյս է լինելու։ Քո սգոյ օրերը պիտի վերջանան։
21 Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի եւ յաւիտենապէս պիտի ժառանգի երկիրը՝ պահպանելով իր նոր տունկը՝ իր ձեռքի գործը յանուն իմ փառքի։
22 Սակաւաթիւը հազարաւոր պիտի դառնայ, փոքրը՝ մեծ ազգ, քանզի ես՝ Տէրս, ժամանակ առ ժամանակ պիտի հաւաքեմ նրանց։