ԵՍԱՅԻ. Chapter 9

1 Նախ դուք ա՛յդ նեղութիւնները տարէք եւ շո՛ւտ թօթափեցէք,Զաբուղոնի՛ երկիր, երկի՛ր Նեփթաղիմի, ճանապա՛րհ ծովի, նաեւ միւսներդ, որ բնակւում էք ծովեզերքին եւ Յորդանան գետի այն կողմում, հեթանոսների՛ Գալիլիա եւ Հրէաստանի՛ կողմեր։
2 Այն ժողովուրդը, որն ընթանում էր խաւարի միջով, տեսաւ մեծ լոյս. ձեզ համար էլ, որ բնակւում էք աշխարհում եւ մահուան ստուերների մէջ, լոյս պիտի ծագի։
3 Ժողովրդի մեծ մասը, որին մասնակից դարձրիր քո ուրախութեանը, ուրախանալու է քո առաջ, ինչպէս հնձի ժամանակ են ուրախանում եւ կամ աւարը բաժանելիս,
4 որովհետեւ վերացաւ այն մեծ լուծը, որ նրանց վրայ էր դրուած, եւ գաւազանը, որ նրանց պարանոցին էր։ Ինչպէս Մադիամի օրերին, նա մերժեց հարկապահանջների գաւազանը։
5 Ամէն մի պատմուճանի եւ հանդերձի համար, որ նենգութեամբ էին հաւաքել, տուգանքով պիտի հատուցեն, նոյնիսկ եթէ դրանք այրուած լինէին, նրանք պիտի յօժարէին հատուցել,
6 քանզի մեզ համար մանուկ ծնուեց, մի որդի տրուեց մեզ, որի իշխանութիւնն իր ուսերի վրայ պիտի լինի. նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի։
7 Ես խաղաղութիւն կը բերեմ նրա իշխաններին, իսկ իրեն՝ առողջութիւն։ Մեծ է նրա իշխանութիւնը, եւ նրա խաղաղութիւնը սահման չունի։ Նա պիտի նստի Դաւթի աթոռին, առաջ պիտի տանի նրա թագաւորութիւնը, իրաւունքով ու արդարութեամբ պիտի զօրացնի այն այսուհետեւ եւ յաւիտեանս յաւիտենից։ Զօրութիւնների Տիրոջ նախանձախնդրութեամբ պիտի կատարուի դա։
8 Տէրը Յակոբի տան վրայ մահ արձակեց, բայց այն եկաւ հասաւ Իսրայէլի վրայ։
9 Թող Եփրեմի ողջ ժողովուրդը եւ Սամարիայում ապրողներն իմանան, որ հպարտութեամբ եւ ամբարտաւան սրտով խօսեցին՝ ասելով.
10 Աղիւսները թափուեցին, բայց եկէք քար տաշենք, մայրիներ ու եղեւնու ծառեր կտրենք եւ մեզ համար աշտարակ կառուցենք։
11 Աստուած պիտի կործանի Սիոնի լերան վրայ բարձրացածներին եւ ցիրուցան պիտի անի Յուդայի երկրի թշնամիներին,
12 արեւելքից՝ ասորեստանցիներին եւ արեւմուտքից՝ յոյներին, որոնք լիաբերան կերան Իսրայէլին։ Այնուամենայնիւ, նրա բարկութիւնը տեղի չտուեց, տակաւին նրա ձեռքը բարձրացած է։
13 Ժողովուրդն էլ դարձի չեկաւ, մինչեւ չենթարկուեց հարուածի։ Զօրութիւնների Տիրոջը փնտռող չեղաւ։
14 Եւ Տէրը մէկ օրում վերացրեց Իսրայէլի գլուխն ու պոչը, մեծին ու փոքրին։
15 Ծերն ու ականաւորը գլուխն են, իսկ մարգարէն, որ անօրէնութիւն էր ուսուցանում, պոչն է։
16 Եւ պիտի այնպէս լինի, որ երանի պիտի տան այս ժողովրդին,բայց մոլորեալները պիտի մոլորեցնեն նրան, որպէսզի կուլ տան։
17 Դրա համար էլ Տէրը բարեհաճ չի լինելու նրանց երիտասարդների հանդէպ, նրանց որբերին ու այրիներին չի գթալու, որովհետեւ նրանք ամէնքն էլ անօրէն են ու չար, ամէն բերան անարդարութիւն է խօսում։ Այս ամենի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած։
18 Անօրէնութիւնը պիտի վառուի ինչպէս կրակ, չորացած սիզախոտի պէս պիտի այրուի կրակից, պիտի վառուի մայրիների անտառում, որոնց շուրջը, բոլոր բլուրների վրայ, հուրը պիտի ճարակի նրանց։
19 Տիրոջ զայրոյթի ու բարկութեան հետեւանքով համայն երկիրը կրակի պիտի մատնուի, եւ ժողովուրդն էլ հրով կիզուածի պէս պիտի լինի։ Մարդ իր եղբօրը չի խղճալու,
20 քաղցից նա պիտի շրջուի դէպի աջ,պիտի շրջուի դէպի ձախ,պիտի ուտի, բայց չյագենայ՝ մինչեւ իսկ իր բազուկների միսն ուտելով։
21 Մանասէն Եփրեմին պիտի ուտի, եւ Եփրեմը՝ Մանասէին, ապա միասին պիտի պաշարեն Յուդայի երկիրը։ Այս ամենի հետեւանքով Տիրոջ զայրոյթը չի իջել, տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած։