ԵՍԱՅԻ. Chapter 2

1 Ամոսի որդի Եսայուն ուղղուած խօսքը Հրէաստանի եւ Երուսաղէմի մասին
2 Վերջին օրերին պիտի յայտնուի Տիրոջ լեռը, Աստծու տունը՝ լեռների գագաթներին, պիտի բարձրանայ բլուրների վրայ, եւ բոլոր հեթանոսները պիտի շարժուեն դէպի նա։
3 Գալու են բազում ժողովուրդներ՝ ասելով. Եկէ՛ք ելնենք Տիրոջ լեռն ու Յակոբի Աստծու տունը։ Նա մեզ կը սովորեցնի իր ճանապարհները, որոնցով եւ կը գնանք։ Օրէնքները Սիոնից են դուրս գալիս, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից։
4 Նա դատաստան պիտի տեսնի հեթանոսների մէջ ու պիտի յանդիմանի բազում ժողովուրդների։ Նրանք իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն, եւ իրենց սուիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրայ սուր չպիտի բարձրացնի,եւ նրանք այլեւս չեն սովորելու պատերազմել։
5 Արդ, ո՛վ տունդ Յակոբի, եկէ՛ք քայլենք Տիրոջ լոյսի մէջ։
6 Նա երես դարձրեց իր ժողովրդից՝ Յակոբի տնից, որովհետեւ նրանց երկիրը, ինչպէս այլազգիներինը, առաջուայ պէս լցուեց կախարդներով, եւ նրանք բազում այլազգի որդիներ ունեցան։
7 Նրանց երկիրը լցուեց ոսկով ու արծաթով, նրանց գանձերին թիւ չկար. նրանց երկիրը լցուեց երիվարներով, նրանց ռազմակառքերին թիւ չկար։
8 Նրանց երկիրը լցուեց իրենց իսկ ձեռքերով կերուտած գարշելի կուռքերով, եւ նրանք երկրպագեցին նրա՛նց, որ իրենց մատներն էին ստեղծել։
9 Ստորացաւ մարդը, գետնամած խոնարհուեց տղամարդը, ես չեմ ների նրանց։
10 Արդ, Տիրոջ սարսափից ու նրա փառքի զօրութիւնից գնացէք քարերի տա՛կ մտէք, հողի մէ՛ջ թաքնեցուէք, երբ նա կը յառնի երկիրը պատուհասելու։
11 Տէրը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտաւանութիւնը պիտի խոնարհուի, ու այդ օրը միայն Տէրը պիտի բարձրանայ,
12 քանզի Զօրութիւնների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտաւանների վրայ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների վրայ, որոնք պիտի խոնարհուեն,
13 նաեւ Լիբանանի բոլոր բարձր ու սլացիկ մայրիների վրայ եւ Բասանի բոլոր կաղնի ծառերի վրայ,
14 բոլոր բարձր լեռների եւ բարձրիկ բլուրների վրայ,
15 բոլոր վերասլաց աշտարակների եւ բարձր պարիսպների վրայ,
16 ծովի բոլոր նաւերի վրայ, բոլոր վեհաշուք նաւերի վրայ։
17 Ամէն մարդ պիտի խոնարհուի, մարդկանց հպարտութիւնը պիտի իջնի, եւ միայն Տէրը պիտի բարձրանայ այդ օրը։
18 Նրանք իրենց բոլոր ձեռակերտ կուռքերը պիտի տանեն թաքցնեն
19 քարայրներում, ժայռերի ծերպերում ու գետնի խոռոչներում՝ սարսափած Տիրոջից ու նրա փառքի զօրութիւնից, երբ նա կը յառնի՝ երկիրը պատուհասելու։
20 Այն օրը մարդ իր արծաթէ ու ոսկէ գարշելի կուռքերը, որ պատրաստել էր սնոտի բաներին ու չղջիկներին երկրպագելու համար, պիտի հանի՝
21 Տիրոջ սարսափից եւ նրա փառքի զօրութիւնից մտնելով ամրակուռ ապառաժների խոռոչներն ու ծերպերը, երբ Տէրը կը յառնի՝ երկիրը պատուհասելու։
22 Դադարեցէ՛ք յոյս դնել այն մարդու վրայ, որի շունչը ռունգերի մէջ է, որովհետեւ ի՞նչ վստահութիւն կարող է ներշնչել նա։