ԵՍԱՅԻ. Chapter 39

1 Այն ժամանակ Բաբելոնի արքան Մարոդաք Բաղդանը՝ Բաղդանի որդին, պատգամաւորներ ուղարկեց Եզեկիայի մօտ՝ հրովարտակներով ու նուէրներով, որովհետեւ լսել էր, թէ նա հիւանդացել է մերձիմահ եւ առողջացել։
2 Նրանք ուրախութիւն պատճառեցին Եզեկիային, որը ցոյց տուեց նրանց իր գանձերի տները, խնկերի ու օծանելիքների, ոսկու եւ արծաթի, զէնքերի բոլոր պահեստները, ամէն բան, ինչ կար իր գանձարաններում։ Իր տանը, իր ամբողջ տէրութեան սահմաններում բան չմնաց, որ Եզեկիան նրանց ցոյց չտար։
3 Եւ ահա Եսայի մարգարէն ներկայացաւ Եզեկիա արքային եւ ասաց նրան. Ի՞նչ են ասում այդ մարդիկ, ո՞ր կողմերից են եկել մօտդ։ Իսկ Եզեկիան պատասխանեց. Հեռաւոր աշխարհից են եկել մօտս, Բաբելոնից։
4 Եսային ասաց. Ի՞նչ տեսան քո տան մէջ։ Եզեկիան պատասխանեց. Ամէն բան, ինչ որ կայ իմ տանը, տեսան։ Բան չկայ իմ տան մէջ, որ չտեսնէին, տեսան նաեւ իմ գանձերը։
5 Եսային ասաց նրան. Հիմա դու լսի՛ր Զօրութիւնների Տիրոջ պատգամները.
6 Ահա գալու են օրեր, երբ պիտի խլեն ամէն բան, ինչ որ կայ քո տան մէջ, ինչ որ հաւաքել են քո հայրերը մինչեւ այսօր։ Դրանք Բաբելոն պիտի տարուեն, ոչ մի բան չեն թողնելու։ Աստուած ասաց,
7 թէ պիտի տարուեն նաեւ քո որդիներից շատերը, որոնք քեզնից են լինելու, որոնց դու ես ծնելու, տանելու եւ ներքինիներ են դարձնելու Բաբելոնի թագաւորի պալատում։
8 Իսկ Եզեկիան ասաց Եսայուն. Տիրոջ այդ խօսքը, որ դու յայտնեցիր, բարի է. թող արդարութիւն ու խաղաղութիւն լինի իմ օրերում։