ԵՍԱՅԻ. Chapter 13

1 Ամոսի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին
2 Լերան բարձունքին, սարահարթի վրայ դրօ՛շ կանգնեցրէք, ձեր ձայնը բարձրացրէ՛ք նրանց վրայ, մի՛ վախեցէք, ձեռքով նշա՛ն արէք, դո՛ւրս եկէք, իշխաննե՛ր, որ ես հրաման տամ։
3 Իմ նուիրեալներն են նրանք, որոնց ես եմ բերել. ելել գալիս են հսկաները, որպէսզի գոհացում տան իմ բարկութեանը. միահամուռ գալիս են խինդով ու նախատինք թափում։
4 Լեռների վրայ բազում ցեղերի ձայնն է հնչում, կարծես անհամար ժողովուրդներ լինեն. միահամուռ հաւաքուած թագաւորների ու ցեղերի ձայնն է հնչում։ Զօրութիւնների Տէրը հրաման է արձակել սպառազէն ազգերին,
5 որ գան հեռու երկրներից. երկնային հաստատութեան ծայրերից հասել է Տէրն իր սպառազէններով՝ բնաջնջելու ամբողջ աշխարհը։
6 Ողբացէ՛ք, քանզի մօտ է Տիրոջ օրը, եւ հասել է Աստծու պատուհասը։
7 Ահա թէ ինչու բոլորի ձեռքերը պիտի թուլանան, ամէն մարդու սիրտը պիտի դողայ։
8 Պատգամախօսները տագնապի մէջ պիտի ընկնեն, երկունքի ցաւը պիտի բռնի նրանց, ինչպէս ծննդաբերող կանանց։ Տրտնջալով մէկը միւսին պիտի նայի, պիտի զայրանան, եւ զայրոյթից պիտի կարմրեն իրենց դէմքերը,
9 քանզի Տիրոջ օրն ահաւասիկ հասել է՝լի անսահման բարկութեամբ, ոխակալութեամբ ու զայրոյթով, որպէսզի աշխարհն անապատ դարձնի եւ մեղաւորներին վերացնի այնտեղից։
10 Արդարեւ, երկնքի աստղերը, Հայկի համաստեղութեան եւ երկնային բոլոր լուսատուների հետ միասին, լոյս չեն տալու, արեգակն իր ծագման պահին պիտի խաւարի, լուսինը նոյնպէս իր լոյսը չպիտի տայ։
11 Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրաւների հպարտութիւնը, ամբարտաւանների մեծամտութիւնը պիտի խոնարհեցնեմ։
12 Իսկ մնացածներն աւելի յարգի պիտի լինեն, քան մաքուր ոսկին, մարդն աւելի յարգանքի պիտի արժանանայ, քան սոփերական թանկագին քարերը։
13 Այն օրը, երբ Զօրութիւնների Տիրոջ բարկութիւնը վրայ հասնի, նրա զայրոյթից ու ցասումից երկինքը պիտի մոլեգնի, եւ երկիրն իր հիմքերից պիտի սասանուի։
14 Կենդանի մնացածները պիտի լինեն ինչպէս սարսափից փախած այծեամ եւ մոլորեալ ոչխար, նրանց հաւաքող չի լինելու, ամէն մարդ իր ժողովրդի մօտ պիտի վերադառնայ, իւրաքանչիւր մարդ իր երկիրը պիտի փախչի։
15 Ով որ բռնուի, պարտութեան պիտի մատնուի, իսկ մի տեղ հաւաքուածները սրով պիտի ընկնեն։
16 Նրանց որդիներին նրանց աչքերի առաջ պիտի սպանեն, նրանց տները պիտի կողոպտեն, իսկ նրանց կանանց պիտի խայտառակեն։
17 Ահա նրանց վրայ պիտի հանեմ մարերին, որոնք արհամարհում են արծաթն ու ոսկին։
18 Նրանք երիտասարդների աղեղները պիտի ջարդեն, ձեր որդիներին չեն գթալու, նրանց աչքը չի խնայելու ձեր մանուկներին։
19 Եւ Բաբելոնը, որ քաղդէացի թագաւորից փառապանծ է կոչւում, պիտի դառնայ այնպէս, ինչպէս Սոդոմն ու Գոմորը, որոնց Աստուած կործանեց։
20 Այնտեղ յաւիտեանս յաւիտենից բնակուող չպիտի լինի, բազմաթիւ ցեղեր այլեւս այնտեղ մուտք չպիտի գործեն, արաբացիներն այլեւս այնտեղով չպիտի անցնեն, հովիւներն այնտեղ այլեւս հանգիստ չպիտի առնեն։
21 Այնտեղ կայան են գտնելու վայրի գազանները, նրանց տները լցուելու են աղաղակով, այնտեղ բուն են դնելու համբարուները, դեւերն են կաքաւելու այնտեղ, յուշկապարիկներն են բնակուելու նրա մէջ, ոզնիներն են ձագ հանելու նրա ապարանքներում։