ԵՍԱՅԻ. Chapter 43

1 Արդ, այսպէս է ասում Տէր Աստուածը, որ արարեց քեզ, Յակո՛բ, եւ ստեղծեց քեզ, Իսրայէ՛լ. Մի՛ վախեցիր, որովհետեւ փրկեցի քեզ եւ կոչեցի քեզ քո անունով, թէ իմն ես։
2 Եթէ ջրերի միջով անցնես՝ քեզ հետ կը լինեմ, եւ գետերը քեզ չեն խեղդի.եթէ կրակի միջով անցնես՝ չես այրուի, եւ նրա բոցը քեզ չի կիզի.
3 քանզի ես եմ քո Տէր Աստուածը՝ Իսրայէլի սուրբը, որ պիտի փրկեմ քեզ։ Եգիպտոսն ու Եթովպիան որպէս փրկագին տուի քեզ համար եւ Սուհէնը քեզ հետ փոխանակեցի։
4 Ուստի թանկ եղար ինձ համար, իմ առաջ փառաւորուեցիր, ու ես սիրեցի քեզ. մարդիկ կը տամ քո փոխարէն, իշխաններ՝ քո գլխի դիմաց։
5 Մի՛ վախեցիր, որովհետեւ քեզ հետ եմ. արեւելքից կը բերեմ քո սերունդը եւ արեւմուտքից կը հաւաքեմ քեզ։
6 Հիւսիսին կ՚ասեմ՝ բե՛ր, եւ հարաւին, թէ՝ մի՛ արգելիր. բերէ՛ք իմ որդիներին հեռաւոր երկրից եւ իմ դուստրերին՝ երկրի ծագերից,
7 բոլորի՛ն, որոնք երբեւէ կոչուել են իմ անունով. որովհետեւ իմ փառքով հաստատեցի նրան, ստեղծեցի եւ արարեցի նրան։
8 Բարձրացրի կոյր ժողովրդին. եւ թէպէտ աչքեր ունեն, սակայն կուրացած են նրանք, եւ խցանուած են նրանց ականջները։
9 Թող բոլոր ազգերը հաւաքուեն միասին, թող նրանց իշխանները ժողովուեն, բայց ո՞վ կարող է պատմել այս, եւ կամ ո՞վ կարող է ձեզ ազդարարել այն, ինչ առաջ է կատարուել. թող բերեն իրենց վկաներին եւ արդարանան, թող լսեն եւ ասեն ճշմարտութիւնը։
10 Եղէ՛ք ինձ համար վկաներ, ես էլ ձեզ համար վկայ լինեմ, -ասում է Տէր Աստուած. -ծառայ ընտրեցի ձեզ, որ հասկանաք ու հաւատաք ինձ եւ գիտակցէք, թէ ո՛վ եմ ես։ Ինձնից առաջ ուրիշ Աստուած չի եղել, ինձնից յետոյ եւս չի լինի։
11 Ե՛ս եմ Աստուած, ինձնից բացի չկայ մէկը, որ փրկութիւն տայ։
12 Յայտնեցի եւ փրկեցի. նախատեցի, ու ձեր մէջ օտար չկար. դուք ինքներդ կարող էք վկայ լինել ինձ համար։
13 Ես եմ Տէր Աստուածը ի սկզբանէ եւ միշտ.չկայ մէկը, որ իմ ձեռքից կարողանայ ազատուել. ինչ որ ես անեմ, ոչ ոք չի կարող հակառակն անել։
14 Այսպէս է ասում Տէր Աստուածը՝ Իսրայէլի սուրբը, որ փրկելու է ձեզ. Ձեզ համար Բաբելոն կ՚ուղարկեմ, բոլորին տեղահան կ՚անեմ ու փախստական կը դարձնեմ, եւ քաղդէացիները նաւերով պաշարման մէջ կ՚առնուեն։
15 Ե՛ս եմ Տէր Աստուածը՝ ձեր սուրբը, որ ցոյց տուի ձեզ Իսրայէլի թագաւորին։
16 Այսպէս է ասում Տէրը, որ ճանապարհ է բացում ծովում եւ շաւիղներ՝ յորդահոս ջրերի մէջ,
17 Նա, որ կառքեր ու նժոյգներ է հանում եւ բազմահամար զօրքեր. բայց նրանք կարող են քնել ու վեր չկենալ, մարել ինչպէս հանգած պատրոյգ։
18 Առաջուայ բաները մի՛ յիշէք, հինը մտքներդ մի՛ բերէք,
19 քանզի ես նորն եմ անելու, որ հիմա յայտնուելու է, եւ դուք պիտի ճանաչէք. ճամփայ պիտի բացեմ անապատով եւ անջրդի հողում գետեր պիտի բխեցնեմ։
20 Ինձ պիտի օրհնեն անապատի գազանները, համբարուներն ու ջայլամների ձագերը, որովհետեւ ես ջուր եմ տալու անապատին եւ անջրդի երկրին՝ գետեր, խմեցնելու համար իմ ընտրեալ ազգին։
21 Եւ իմ ժողովուրդը, որին ստեղծեցի, պիտի պատմի իմ սխրանքների մասին։
22 Հիմա չէ, որ կանչեցի քեզ, Յակո՛բ, եւ ոչ էլ չարչարեցի քեզ, Իսրայէ՛լ։
23 Ողջակէզներիցդ ոչխարներ չմատուցեցիր ինձ եւ ոչ էլ քո զոհերով փառաւորեցիր ինձ. քո ընծաներով չծառայեցիր ինձ, եւ ոչ էլ ես նեղութիւն պատճառեցի քեզ՝ ծախսել տալով քո կնդրուկները։
24 Ինձ համար արծաթով խունկ չգնեցիր, եւ ոչ էլ քո զոհերի ճարպին ես ցանկացող եղայ, բայց քո մեղքերի ու անօրէնութիւնների մէջ քեզ վերակացու եմ լինելու։
25 Ե՛ս եմ, ե՛ս եմ այն նոյնը, որ ջնջում եմ իմ հանդէպ կատարած քո անօրէնութիւններըեւ քո մեղքերն այլեւս չեմ յիշելու։
26 Բայց դու յիշի՛ր, որ իրար հետ դատ ենք ունենալու. նախ դու խոստովանի՛ր քո անօրէնութիւնները, որ արդարացուես։
27 Նախ ձեր հայրերը մեղք գործեցին, եւ ձեր իշխանները օրինազանց եղան իմ հանդէպ։
28 Իշխանները պղծեցին իմ սրբութիւնները, ուստի Յակոբին կորստեան մատնեցի եւ Իսրայէլը՝ նախատինքի։