ԵՍԱՅԻ. Chapter 14

1 Պիտի գայ ժամանակը, շտապ հասնի, չի յապաղելու, օրերը երկար սպասել չեն տալու։ Տէրը գթալու է Յակոբին, Իսրայէլին դարձեալ իր ընտրեալն է դարձնելու։ Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, եւ պանդուխտներն աւելանալու են Յակոբի տանը։
2 Նրանց ընդունելու են հեթանոսները եւ բերելու են իրենց տեղերը, որ ժառանգեն եւ բազմանան Աստծու երկրում՝ ծառաներով ու աղախիններով։ Նրանց գերեվարողները գերիներ են դառնալու, նրանց տիրողները նրանց ծառայութեան տակ են ընկնելու։
3 Այն օրը Տէրը հանգստացնելու է քեզ քո ցաւերից ու նեղութիւններից եւ այն դաժան ծառայութիւնից, որ նրանց համար կատարեցիր։
4 Ու այս ողբը պիտի յօրինես Բաբելոնի թագաւորի վրայ եւ ասես այն օրը. Ինչպէ՜ս այլեւս չկայ հարկապահանջը, ինչպէ՜ս լռեց կողոպտիչը։
5 Տէրը խորտակեց մեղաւորների լուծը, իշխանների լուծը,
6 զայրոյթով, սոսկալի հարուածներով ու անողոք բարկութեամբ ոչնչացրեց նրանց ցեղերին։
7 Ողջ երկիրը յոյսով խաղաղուեց եւ կանչում է ցնծութեամբ։
8 Անգամ Լիբանանի ծառերը ցնծում են քեզ համար, Լիբանանի մայրիներն ասում են. Այն օրից, երբ դու ընկար, անտառահատները մեզ չեն դիպել։
9 Այդ բանը երբ պատահեց քեզ հետ, դժոխքն ալեկոծուեց ներքեւում,միանգամից ոտքի կանգնեցին բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին եղել,եւ բոլոր ազգերի թագաւորներին վերացրին իրենց գահերից։
10 Ամէնքը դիմեցին քեզ՝ ասելով. Դու էլ մեզ նման բռնուեցիր եւ դարձար մեզ պէս։
11 Քո փառքը, քո մեծ ուրախութիւնը դժոխք իջան. ցեցը պիտի տարածուի քո տակ, իսկ վրադ որդը պիտի պատի։
12 Արդ, ինչպէ՜ս երկնքից ընկաւ արուսեակը, որ ծագում էր առաւօտեան. նա, որ ուղարկւում էր բոլոր ազգերին,ընկաւ գետին ու խորտակուեց։
13 Մտքիդ մէջ ասում էիր. Երկինք կը բարձրանամ, իմ գահը կը դնեմ երկնային աստղերից աւելի վեր. կը նստեմ բարձր լերան վրայ, հիւսիսի բարձր լեռների վրայ.
14 կը բարձրանամ ամպերից էլ վեր, կը նմանուեմ Բարձրեալին։
15 Բայց ահաւասիկ դժոխք ես իջնելու եւ երկրի խորքերը։
16 Ովքեր տեսնեն քեզ, պիտի զարմանան քեզ վրայ եւ ասեն. Սա այն մարդն է, որ ահաբեկում էր երկիրը, ցնցում թագաւորներին,
17 աւերակ էր դարձնում աշխարհներ, քանդում նրանց քաղաքները, գերիներին չէր թողնում վերադառնալ։
18 Բոլոր ազգերի թագաւորները պատուով ննջեցին՝ ամէն մէկն իր տանը,
19 իսկ դու պիտի ընկնես լերան վրայ՝ իբրեւ մեռել գարշելի՝ սրակոտոր բազում դիակների մէջ, որոնք դժոխք են իջնելու։ Ինչպէս արնաթաթախ անմաքուր ձորձը, այնպէս էլ դու չպիտի մաքրուես,
20 որովհետեւ ապականեցիր իմ երկիրը եւ կոտորեցիր իմ ժողովրդին. յաւիտեանս յաւիտենից դու չպիտի յիշուես։
21 Չա՛ր զաւակ, պատրաստի՛ր քո որդիներին՝ իրենց հայրերի մեղքերի պատճառով սպանուելու համար, որպէսզի ոտքի չելնեն նրանք, չնուաճեն երկիրը եւ այն չլցնեն պատերազմներով։
22 Պիտի ելնեմ նրանց դէմ, -ասում է Զօրութիւնների Տէրը,-պիտի կորցնեմ նրանց անունը, նրանց զարմն ու զաւակը։ Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Բաբելոնն աւերակ պիտի դարձնեմ,
23 որ այնտեղ ոզնիները բնակուեն, եւ նա ոչնչութեան վերածուի. այն պիտի դարձնեմ տիղմի ու կորստեան խորխորատ։
24 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Ինչպէս ասացի, այնպէս պիտի լինի,
25 եւ ինչպէս մտածել եմ, այնպէս էլ պիտի կատարուի. ասորեստանցիներին իմ երկրի մէջ եւ իմ լեռների վրայ պիտի կոտորեմ, թող նրանք ոտքի տակ գնան, եւ նրանց լուծն ընկնի ձեր վրայից, նրանց բռնութիւնը վերանայ ձեր պարանոցից։
26 Այս է այն խորհուրդը, որ խորհեց Տէրը համայն աշխարհի մասին, եւ այս ձեռքն է, որ բարձրացել է հանուր ազգերի վրայ։
27 Արդարեւ, այն, ինչ սուրբ Աստուած խորհեց, ո՞վ կարող է խափանել, եւ ո՞վ կարող է նրա բարձրացած ձեռքը կասեցնել։
28 Այլազգիներին ուղղուած այս պատգամը եղաւ այն տարում, երբ մեռաւ Աքազ արքան.
29 Մի՛ ուրախացէք, ո՛վ դուք, բոլո՛ր այլազգիներ, թէ ձեզ հարուածողների լուծը խորտակուեց, որովհետեւ օձի զարմից դուրս են գալիս իժի ծնունդներ, իսկ սրանց ծնունդներից էլ՝ թեւաւոր օձեր։
30 Աղքատները պիտի կերակրուեն Տիրոջ շնորհիւ, տկար մարդիկ պիտի ապրեն խաղաղութեան մէջ, իսկ քո զաւակին Նա քաղցով պիտի սպանի, քո մնացորդներին էլ պիտի կոտորի։
31 Ողբացէ՛ք, քաղաքների՛ դարպասներ, ձա՛յն բարձրացրէք, տագնապա՛ծ քաղաքներ եւ բոլո՛ր այլազգիներ, ծուխ ելաւ հիւսիսից, եւ այլեւս ոչ ոք չի լինի։
32 Իսկ ի՞նչ պատասխան են տալու ազգերի թագաւորները, քանզի Տէրը հաստատեց Սիոնի հիմքերը, եւ նրա շնորհիւ պիտի փրկուեն ժողովրդի թշուառները։