ԵՍԱՅԻ. Chapter 28

1 Վա՜յ Եփրեմի վարձկաններիդ հպարտութեան պսակին, փառքից թառամած մի ծաղիկ՝ փարթամ լերան գագաթին. դուք հարբած էք, բայց ոչ գինուց։
2 Ահաւասիկ Տիրոջ ահաւոր ու խիստ բարկութիւնը, որ թափւում է ինչպէս կարկուտ, եւ ապաստանելու ոչ մի տեղ չկայ. նա նման է բուռն հեղեղներին ու յորդառատ ջրերին, որ ողողում են երկիրը, եւ երկրին հանգստութիւն է բերելու։
3 Եփրեմի վարձկաններիդ հպարտութեան պսակը ոտքի կոխան պիտի լինի,
4 եւ բարձր լերան գագաթին յուսոյ ծաղիկը փառքից պիտի թառամի ինչպէս վաղահաս թուզ, որ, երբ որեւէ մէկը նկատում է, դեռ ձեռքը չառած՝ ուզում է կուլ տալ։
5 Այն օրը Զօրութիւնների Տէրը յոյսի նրբահիւս պսակ պիտի դառնայ՝ պատրաստուած ի փառս ժողովրդի մնացորդների,
6 որպէսզի նրանք լինեն հոգով արդար ու դատաստանի երկիւղով յետ կանգնեն ծուլութիւնից։
7 Արդարեւ, նրանք մոլորուած են գինիով, նրանք իրենց կորցրին օղու համար. քահանան ու մարգարէն օղու համար յիմարացան, գինու համար ցնորուեցին. օղով հարբած՝ նրանք դանդաչեցին ու մոլորուեցին, որովհետեւ դա ինքնին յիմարութիւն է։
8 Թող այդ մոլութիւնն անէծքի բաժին դառնայ, որովհետեւ այդ մոլութիւնը ագահութիւնից է։
9 Ո՞ւմ պատմենք չարիքների մասին, ո՞ւմ գուժենք այդ, կաթից բաժանուածների՞ն, կրծքից կտրուածների՞ն։
10 Ո՛չ, ընդունի՛ր նեղութիւններ նեղութիւնների վրայ. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրայ։ Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր շրթունքներիդ անզգամութեան համար.
11 այդ ժողովրդի հետ խորթ լեզուով պիտի խօսեն
12 եւ ասեն դրանց, թէ քաղցածի հանգիստը դա է, եւ դա է աղէտը. բայց նրանք չեն կամենում լսել։
13 Հետեւապէս նրանց է ուղղուած Տիրոջ խօսքը. Ընդունի՛ր նեղութիւններ նեղութիւնների վրայ. ընդունի՛ր կասկածներ կասկածների վրայ։ Մի քիչ էլ, մի քի՛չ էլ ընդունիր, մինչեւ որ գնան, թիկունքի վրայ տապալուեն, խորտակուեն, տանջուեն ու մեռնեն։
14 Ուրեմն լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ նեղուած մարդիկ եւ Երուսաղէմի ժողովրդի իշխաննե՛ր։
15 Դուք ասացիք. Ուխտ կնքեցինք դժոխքի հետ եւ դաշինք կռեցինք մահուան հետ. եթէ փոթորկուող մրրիկ էլ բարձրանայ, մեզ վրայ չի գայ, քանզի սուտը մեզ համար յոյս դարձրինք, ուրեմն ստութեամբ էլ կը պաշտպանուենք։
16 Դրա համար էլ այսպէս է ասում Տէր Աստուած. Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատուական ու ազնիւ անկիւնաքար՝ նրա հիմքում, եւ ով որ հաւատայ նրան՝ չի ամաչի։
17 Յոյսով պիտի հաստատեմ իմ իրաւունքը եւ կշեռքով՝ իմ ողորմութիւնը, եւ իզուր իրենց յոյսը պիտի դնեն ստութեան վրայ՝ ասելով, թէ՝ Մեզ չի հասնի մրրիկը,
18 չի վերացնի մահուան հետ կնքած մեր ուխտը։ Ձեր յոյսը, որ դժոխքի վրայ է, չի հաստատուելու, որովհետեւ եթէ փոթորկուող մրրիկը սպառնայ, ոտքի տակ պիտի գնաք։
19 Իսկ երբ այն գայ անցնի, պիտի վերցնի ու տանի ձեզ,առաւօտից առաւօտ, օր ու գիշեր պիտի անցնի,եւ դուք պիտի լինէք չարիքների կասկածի մէջ։Ո՛վ դուք նեղեալներ, սովորեցէ՛ք լսել։
20 Մարտնչել եւս չենք կարող, որովհետեւ երբ հաւաքուեցինք, տկարացանք ինչպէս ամբարիշտների լեռը։
21 Տէրը, բարկութեամբ լի, յառնելու է Գաբաւոնացիների հովտում եւ կատարելու է իր գործը, դառն գործը, քանզի նրա բարկութիւնը օտարի պէս է դատելու, եւ օտարի պէս է վրայ հասնելու նրա դառնութիւնը։
22 Իսկ դուք մի՛ ցնծացէք, որ չամրանան ձեր կապանքները, քանզի Տիրոջից, Զօրութիւնների Տիրոջից լսեցի այնպիսի հաստատուն ու կտրուկ բաներ, որ Նա կատարելու է ողջ երկրի վրայ։
23 Ունկնդի՛ր եղէք եւ անսացէ՛ք իմ ձայնին, ո՛ւշ դրէք եւ լսեցէ՛ք իմ խօսքերը։
24 Մի՞թէ հերկուորն ամբողջ օրը կը հերկի, կամ մի՞թէ սերմը նախապէս կը ցանի, քանի դեռ նա հողը չի հերկել։
25 Մի՞թէ նախ նրա երեսը չի փխրեցնի, յետոյ մի փոքր արջնդեղ եւ չաման չի ցանի, ապա սահմանուած տեղում ցորեն ու գարի, կորեկ ու հաճար չի սերմանի։
26 Իսկ դու պիտի սովորես դա քո Աստծու արդարութեամբ, որով եւ ուրախ ես լինելու։
27 Արջնդեղը կալսելով չի մաքրուի, եւ կամնասայլի անիւը չամանի վրայ չեն պտտեցնի. արջնդեղը թակիչով է ծեծւում-անջատւում, իսկ չամանը հացով է ուտւում։
28 Բայց ես ձեզ վրայ յաւիտեան չպիտի բարկանամ, եւ ոչ էլ իմ դառնութեան ձայնն է ձեզ ճնշելու։
29 Այս իմաստուն գործերը եղան Զօրութիւնների Տիրոջից։ Արդ, մտածեցէ՛ք, վերացրէ՛ք ձեզնից ձեր ունայն մխիթարութիւնը։