ԵՍԱՅԻ. Chapter 36

1 Այնպէս պատահեց, որ Եզեկիայի թագաւորութեան տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան յարձակուեց Հրէաստանի ամուր քաղաքների վրայ եւ գրաւեց։
2 Ասորեստանի արքան Լաքիսից մեծ զօրքով Երուսաղէմ, Եզեկիա արքայի մօտ ուղարկեց Ռափսակին, որը եկաւ կանգ առաւ Կտաւ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վերեւի աւազանի ջրմուղի մօտ։
3 Նրան ներկայացան Քեղկիայի որդի Եղիակիմը, որը հազարապետն էր, գրագիր Սոմնասը, որ հրովարտակներ էր գրում, եւ Ասափի որդի Յովաքը, որը ատենադպիրն էր։
4 Ռափսակը նրանց ասաց. Գնացէք յայտնեցէ՛ք Եզեկիային, որ այսպէս է ասում Ասորեստանի մեծ արքան. Ո՞ւմ վրայ ես յոյս դրել.
5 խորհրդով կամ բերանի խօսքերով պատերազմի հարց կը լուծուի՞. իսկ հիմա ո՞ւմ վրայ ես յոյս դրել, որ չես հնազանդւում ինձ։
6 Ահա դու յոյսդ դրել ես ջախջախուած եղեգնեայ ցուպի՝ եգիպտացու վրայ, որին եթէ որեւէ մէկը յենուի՝ պիտի խորտակուի, եւ այն պիտի ընկնի ձեռքից. ահա այդպիսին է Եգիպտոսի Փարաւոն արքան ամենքի համար, որոնք ապաւինել են նրան։
7 Իսկ եթէ ասէք, թէ՝ մեր Տէր Աստծուն ենք ապաւինել, ապա մի՞թէ դա նա չէ, որի բարձրադիր մեհեաններն ու զոհասեղանները Եզեկիան քանդեց եւ Հրէաստանին ու Երուսաղէմին հրաման տուեց, որ միայն իր առջեւ գտնուող զոհասեղանին երկրպագութիւն մատուցեն։
8 Դէ ուրեմն եկէք միացէ՛ք իմ տիրոջը՝ Ասորեստանի արքային, եւ ես ձեզ երկու հազար երիվար կը տամ, եթէ դուք կարողանաք դրանց համար հեծեալներ տալ։
9 Եւ դուք, որ յոյս էք դրել Եգիպտոսի վրայ, նրանց հեծեալների ու երիվարների վրայ, ինչպէ՞ս պիտի կարողանաք կռուել իմ տիրոջ աշխարհակալ զօրապետներից որեւէ մէկի հետ։
10 Արդ, ի՛նչ է, առանց Տիրոջ հրամանի՞ ենք եկել այս երկիրը՝ նրա հետ պատերազմելու համար։ Տէրն ինձ ասաց. Գնա՛ այդ երկիրը եւ աւերի՛ր այն։
11 Ապա Եղիակիմը, Սոմնասը եւ Յովաքը ասացին նրան. Մեզ՝ քո ծառաների հետ խօսի՛ր ասորերէն, որովհետեւ մենք այն հասկանում ենք, մեզ հետ հրէերէն մի՛ խօսիր. ինչո՞ւ ես այդպէս խօսում, որ հասնի այն մարդկանց ականջին, որոնք պարիսպների վրայ են։
12 Ռափսակը նրանց ասաց. Մի՞թէ միայն ձեր տիրոջ մօտ կամ ձեզ մօտ է ուղարկել ինձ իմ տէրը, որ խօսեմ այս բաները, եւ ո՞չ արդեօք այն մարդկանց մօտ, որոնք նստում են այդ պարսպի վրայ, որպէսզի ձեզ հետ միասին չուտեն իրենց աղբը եւ չխմեն իրենց մէզը։
13 Ռափսակը ոտքի ելաւ եւ բարձր ձայնով հրէերէն կանչեց ու ասաց. Լսեցէ՜ք Ասորեստանի մեծ արքայի թագաւորական պատգամները։
14 Այսպէս է ասում արքան. Թող Եզեկիան ձեզ չմոլորեցնի այնպիսի խօսքերով, որոնցով չի կարող փրկել ձեզ։
15 Եւ թող չխաբի ձեզ Եզեկիան, թէ Աստուած փրկելու է ձեզ, եւ այս քաղաքը Ասորեստանի թագաւորի ձեռքը չի մատնուելու։ Մի՛ լսէք Եզեկիային։
16 Այսպէս է ասում Ասորեստանի արքան. Եթէ դուք ձեր բարին էք կամենում, եկէք ի՛նձ յանձնուէք, եւ իւրաքանչիւրդ կ՚ուտէք ձեր այգու եւ թզենու պտուղը ու կը խմէք ձեր ջրհորի ջուրը,
17 մինչեւ որ գամ եւ տանեմ ձեզ մի երկիր, որ նման է ձեր երկրին, երկիր ցորենի ու գինու, հացառատ ու այգեշատ։
18 Թող ձեզ չխաբի Եզեկիան՝ ասելով, թէ՝ Աստուած պիտի փրկի ձեզ. արդեօք ազգերի աստուածները կարողացա՞ն Ասորեստանի արքայի ձեռքից փրկել իրենց այս կամ այն երկիրը։
19 Ո՞ւր են Եմաթի ու Արփաթի աստուածները, ո՞ւր է Սեփարուիմ քաղաքի աստուածը. միթէ իմ ձեռքից կարողացա՞ն փրկել Սամարիան։
20 Այդ բոլոր ազգերի աստուածներից արդեօք ո՞ր մէկն էր, որ կարողացաւ իմ ձեռքից փրկել իր երկիրը, որ ձեր Աստուածն էլ կարողանայ իմ ձեռքից փրկել Երուսաղէմը։
21 Լուռ մնացին նրանք եւ ոչ մի պատասխան չտուին, որովհետեւ թագաւորը հրամայել էր պատասխան չտալ։
22 Ապա Քեղկիայի որդի Եղիակիմը, որը հազարապետն էր, գրագիր Սոմնասը, որը հրովարտակներ էր գրում, Ասափի որդի Յովաքը, որը ատենադպիրն էր, օձիքները պատռելով, վերադարձան Եզեկիայի մօտ եւ նրան հաղորդեցին Ռափսակի խօսքերը։