ԵՍԱՅԻ. Chapter 26

1 Այն օրը Հրէաստան երկրում այս երգն են երգելու. Ահա մեր զօրաւոր քաղաքը եւ մեր փրկութիւնը, որ կանգնելու է ինչպէս պարիսպ ու պատուար։
2 Բացէ՛ք ձեր դռները. թող մտնի ժողովուրդը, որ յարգում է արդարութիւնը, պահպանում ճշմարտութիւնը,
3 որ հոգում է ճշմարտութեան մասին եւ ապահովում խաղաղութիւնը։
4 Յոյսով ապաւինեցինք քեզ յաւիտենապէս, ո՛վ Տէր։
5 Դու, որ խոնարհեցրիր եւ ներքեւ իջեցրիր բարձունքների բնակիչներին, հզօր քաղաքներն ես կործանում եւ գետնին հաւասարեցնում դրանք։
6 Հեզ ու խոնարհ մարդիկ՝ կոխոտում,եւ աղքատները ոտքի տակ են տալիս դրանք։
7 Բարեպաշտների ճանապարհներն ուղիղ են, հարթ ու դիւրին են աստուածապաշտների ճանապարհները։
8 Տիրոջ ճանապարհներն արդար են։ Քո անուանն ենք ապաւինել մենք եւ քո յիշատակին, որին տենչում է մեր հոգին։
9 Գիշերով իմ հոգին դէպի քեզ է շտապում, Աստուա՛ծ, քանզի քո հրամանները լոյս են երկրի վրայ։ Արդարութի՛ւն սովորեցէք, ո՛վ երկրի բնակիչներ,
10 որովհետեւ ամբարիշտը պապանձուեց։ Ով երկրի վրայ արդարութիւն չի ուսանում,նա ճշմարիտ բան չի կատարի։ Թող կորչի ամբարիշտը, որպէսզի չտեսնի փառքը Տիրոջ։
11 Տէ՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չգիտեն. պիտի գիտենան ու ամաչեն, վրէժխնդրութիւնը պիտի սպառնայ չխրատուող ժողովրդին, եւ այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։
12 Տէ՛ր Աստուած մեր, տո՛ւր մեզ խաղաղութիւն, դու, որ ամէն ինչով վարձատրել ես մեզ։
13 Տէ՛ր Աստուած մեր, թող քոնը լինենք մենք. քեզնից բացի ուրիշ ոչ ոքի չգիտենք, ո՛վ Տէր, եւ քո անունն ենք տալիս։
14 Իսկ մեռածները կեանքը չեն տեսնելու. բժիշկները յարութիւն չեն կարող տալ։ Դրա համար էլ ոչնչացրիր ու կորստեան մատնեցիր նրանց բոլոր արուներին.
15 դու նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տէր, չարիք աւելացրիր երկրի փառաւորուածների վրայ, տարածեցիր աշխարհի բոլոր կողմերում։
16 Տէ՛ր, նեղութեան մէջ յիշեցինք քեզ, որովհետեւ քո տուած փոքր նեղութիւնը խրատ է մեզ համար։
17 Ինչպէս որ երկունքի մէջ գտնուողը, որ մօտ է ծննդաբերելու, ճչում է իր ցաւերից, այդպէս եղանք նաեւ մենք քո երկիւղից, Տէ՛ր, մենք, որ քո սիրելին ենք.
18 յղիացանք, երկունքով բռնուեցինք, ծնեցինք ու երկրի վրայ ստեղծեցինք փրկութեան քո ոգին։ Այլեւս մենք չենք կործանուի, կը կործանուեն աշխարհի բնակիչները։
19 Պիտի յառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, եւ ուրախանալու են երկրի վրայ, որովհետեւ այն ցօղը, որ քեզնից է, բժշկութիւն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանուի։
20 Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո շտեմարանները, փակի՛ր քո դռները, թաքնուի՛ր միառժամանակ, մինչեւ որ անցնի Տիրոջ բարկութիւնը,
21 քանզի Տէրն ահաւասիկ իր սրբարանից բարկութիւն է բերում երկրի բնակիչների վրայ, իսկ երկիրը պիտի ցոյց տայ իր արիւնը եւ չպիտի թաքցնի սպանուածներին։