ԵՍԱՅԻ. Chapter 41

1 Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի իշխանները նորոգուելու են զօրութեամբ, մօտենալու են ու միասին խօսելու եւ պատմելու են արդար դատաստանի մասին։
2 Ո՞վ արթնացրեց արդարին Արեւելքից եւ կանչեց իր յետեւից. նա գնալու է եւ հեթանոսների յանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագաւորներին, հողին է յանձնելու նրանց սրերը, խռիւի պէս վանելու է նրանց նետերը,
3 նրանց փախստական է դարձնելու եւ խաղաղութեամբ անցնելու է այն ճանապարհները, որոնք իր ոտքերի համար են։
4 Արդ, կ՚ասէ՞ք, թէ Նա չի գալու. ո՞վ արեց ու կատարեց այս ամէնը, ո՞վ կանչեց նրան, որ կանչւում էր առաջին ցեղերից։ Ես եմ Տէրն առաջին, նոյնն եմ լինելու եւ յաւիտեան։
5 Տեսան ինձ հեթանոսները եւ վախեցան, երկրի բոլոր ծագերը սարսափեցին. իրար մօտեցան եւ միասին եկան։
6 Ամէն մէկը մտքում դրեց ընկերոջն ու եղբօրն օգնական լինել՝ ասելով.
7 Թող հիւսնը քաջալերի դարբնին՝ կռելու, կոփելու եւ մուրճով հարուածելու, եւ ասի՝ ինձ համար լաւ օգնութիւն եղաւ։ Գամերով գամում են կուռքերը, դնում գետնի վրայ, որպէսզի չշարժուեն։
8 Բայց դու, ո՛վ իմ ծառայ Իսրայէլ, ո՛վ Յակոբ, որին ընտրեցի, ո՛վ դու Աբրահամի զաւակ, որին սիրեցի,
9 որին օգնական եղայ՝ երկրի ծայրերից ու նրա եզերքներից կանչելով նրան եւ ասելով, թէ՝ Դու իմ ծառան ես, քեզ ընտրեցի ես եւ չեմ լքի քեզ, -
10 դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբուիր, քանզի ես եմ քո Աստուածը, ես, որ զօրացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
11 Ահա պիտի ամաչեն ու պատկառեն քո բոլոր հակառակորդները, չեղածի նման պիտի լինեն նրանք, եւ բոլոր քեզ ամբաստանողները պիտի կորչեն։
12 Եթէ փնտռես էլ, չես գտնելու այն մարդկանց, որոնք քո դէմ թշնամութիւն էին անում, քեզ հետ պատերազմողներն ի չիք պիտի դառնան։
13 Արդարեւ, ես եմ քո Տէր Աստուածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, որ ասում եմ քեզ, թէ՝ Մի՛ վախեցիր, ես կ՚օգնեմ քեզ։
14 Չվախենաս, Յակո՛բ, որ որդ ես հիմա,եւ դու, Իսրայէ՛լ, որ սակաւամարդ ես այժմ,ես օգնեցի քեզ, - ասում է Աստուած՝ Իսրայէլի սուրբը, որը փրկելու է քեզ։ -
15 Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիւների պէս. լեռները պիտի կալսես, բլուրները պիտի մանրես, փոշու պիտի վերածես դրանք ու քշես տանես։
16 Հողմերը պիտի տանեն դրանք, եւ մրրիկները պիտի ցրեն։ Բայց դու ուրախ պիտի լինես Տիրոջով՝ Իսրայէլի սրբով։
17 Պիտի ցնծան տնանկներն ու չքաւորները, որոնք ջուր էին փնտռում ու չէին գտնում, եւ նրանց լեզուները ծարաւից ցամաքում էին։ Ես՝ Տէր Աստուածս, Իսրայէլի Աստուածս, կը լսեմ նրանց եւ չեմ լքի նրանց։
18 Գետեր կը բխեցնեմ լեռների վրայ եւ դաշտերի մէջ՝ աղբիւրներ, անապատը կը վերածեմ ջրերի լճակների եւ տոչորուած երկիրը՝ վտակների։
19 Անջրդի հողում մայրի ու տօսախ, մրտենի ու նոճի, սօսի ու դափնի, սոճի ու կաղամախի, գիհի ու ձիթենի կ՚աճեցնեմ,
20 որպէսզի տեսնեն ու գիտենան, ճանաչեն ու իմանան բոլորը, թէ Տիրո՛ջ ձեռքը կատարեց այդ ամէնը, եւ Իսրայէլի սո՛ւրբը հաստատեց։
21 Մօտեցել է ձեր արդար դատաստանը, - ասում է Տէր Աստուած, -Մօտեցել է ձեր արդար դատաստանը, - ասում է Յակոբի թագաւորը։
22 Թող մօտենան ու պատմեն ձեզ, թէ ի՛նչ դէպքեր են կատարուելու։ Եւ կամ առաջներում կատարուածներն էլ թող մեզ պատմեն, որպէսզի մտքներս պահենք եւ գիտենանք, թէ ի՛նչ եղաւ առաջ, եւ ի՛նչ է լինելու յետոյ։
23 Ասացէ՛ք, պատմեցէ՛ք մեզ, թէ վերջում ի՛նչ է լինելու, որ իմանանք. եթէ աստուածներ էք՝ բա՛րին կատարեցէք, չարը կատարեցէք, որպէսզի տեղնուտեղը տեսնենք ու զարմանանք, թէ ո՛րտեղից էք դուք, եւ ո՛րտեղից է գալիս ձեր արածը,
24 որովհետեւ պիղծ են նրանք, որ երկրից ընտրել են ձեզ։
25 Բայց ես պիտի արթնացնեմ հիւսիսային մարդուն եւ արեւելեանին, նրանք պիտի կանչուեն իմ անունից, պիտի գան իշխանները, եւ բրուտի կաւի նման դուք պիտի տրորուէք այնպէս, ինչպէս բրուտն է տրորում։
26 Ո՞վ կը պատմի սկզբում եղածի մասին, որ գիտենանք, եւ կամ աւելի առաջ կատարուածի մասին, որ ասենք, թէ ճշմարիտ է. ո՛չ առաջներում եղածի մասին պատմող կայ, եւ ո՛չ էլ մէկը, որ լսի ձեր խօսքերը։
27 Սկսեմ Սիոնից եւ ճանապարհին մխիթարեմ Երուսաղէմին։
28 Ահաւասիկ ոչ մի հեթանոս չկայ, չկայ նաեւ նրանց կուռքերից ոչ մէկը, որ պատմի, ու եթէ հարցնեմ իսկ նրանց, թէ՝ որտեղի՞ց էք, ինձ պատասխան չեն տայ։
29 Ունայն են նրանք, որ կերտել են ձեզ, սնոտի են նրանք, որ ստեղծել են ձեզ։