ԵՍԱՅԻ. Chapter 48

1 Լսեցէ՛ք այս, ո՛վ Յակոբի տուն, Իսրայէլի անունով կոչուածներդ եւ Յուդայի սերնդից ծնուածներդ, որ երդւում էք Իսրայէլի Աստծու անունով եւ յիշում նրան, բայց ո՛չ ճշմարտութեամբ, ո՛չ արդարութեամբ։
2 Դուք ձեզ խրախուսում էք սուրբ քաղաքի անունով եւ ձեզ հաստատուն էք համարում Իսրայէլի Աստծու շնորհիւ, որի անունը Զօրութիւնների Տէր է։
3 Մինչեւ հիմա պատմում էի առաջին եղելութիւնների մասին. դրանք իմ բերանից ելան եւ լսելի դարձան. ես յանկարծակի կատարեցի, եւ դրանք վրայ հասան։
4 Գիտէի, որ դու խիստ ես, քո պարանոցը երկաթէ ջղերից է, ու քո ճակատը՝ պղնձից։
5 Քեզ պատմուեց մինչեւ այժմ կատարուածը, դեռ չեղած՝ դրանց մասին լուր տուի քեզ, որպէսզի երբեք չասես, թէ՝ Դրանք իմ կուռքերը կատարեցին, չասես, թէ՝ Քանդակուածները եւ ձուլածոյ կուռքերը պատմեցին ինձ։
6 Լսեցիք ամէն ինչ եւ մտքներդ չպահեցիք, սակայն քեզ լուր պիտի տամ այն նորի մասին, որ այսուհետեւ պիտի լինի։
7 Բայց չես ասում, որ՝ հիմա պիտի լինի եւ ոչ թէ վաղուց է եղել, հին ժամանակներում, ու դու չես լսել այդ մասին։
8 Մի՛ ասա, թէ՝ Այո՛, գիտեմ դա, որովհետեւ ո՛չ գիտես եւ ո՛չ էլ իմացել ես, եւ սկզբից իսկ քո ականջները չբացեցիր. քանզի գիտեմ, որ չափազանց արհամարհող ես եւ դեռ որովայնից անօրէն ես կոչւում։
9 Իմ անուան համար ես քեզ պէտք է ցոյց տամ իմ բարկութիւնը եւ իմ փառքը,որ բերել եմ քեզ վրայ,բայց քեզ չեմ ոչնչացնելու։
10 Ահաւասիկ վաճառեցի քեզ, բայց ոչ յանուն արծաթի, եւ փրկեցի քեզ աղքատութեան հնոցից։
11 Իմ անուան համար արեցի այդ, որպէսզի իմ անունը չհայհոյուի.ես իմ փառքը ուրիշին չեմ տայ։
12 Լսի՛ր ինձ, Յակո՛բ, եւ դու, Իսրայէ՛լ, ում ես կանչում եմ. ե՛ս եմ առաջինը, ե՛ս եմ եւ յաւիտենականը։
13 Իմ ձե՛ռքը դրեց երկրի հիմքերը, եւ իմ ա՛ջը հաստատեց երկինքը. կը կանչեմ նրանց բոլորին, եւ նրանք միասին կը գան։
14 Կը հաւաքուեն ամէնքը եւ կը լսեն, թէ սա ո՞վ պատմեց նրանց։ Յանուն քո սիրոյ կատարեցի կամքդ Բաբելոնի նկատմամբ՝ վերացնելու համար քաղդէացիների սերունդը։
15 Ե՛ս կանչեցի եւ ե՛ս խօսեցի, ե՛ս բերի նրան եւ յաջողեցրի նրա ճանապարհը։
16 Մօտեցէ՛ք ինձ եւ լսեցէ՛ք այս. սկզբից իսկ ես ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ ինչ-որ խաւար տեղում. երբ դրանք կատարւում էին, ես այնտեղ էի։ Եւ այժմ Տէրն ինձ ուղարկեց,Տէրը եւ նրա Հոգին։
17 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը, որ փրկեց քեզ. Ես եմ քո Աստուածը, ե՛ս քեզ ճանապարհ ցոյց տուի, որով դու գնացիր։
18 Եւ եթէ դու հետեւէիր իմ պատուիրաններին, ապա քո խաղաղութիւնը գետի նման կը լինէր, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքների նման։
19 Քո սերունդը աւազի չափ կը լինէր, եւ քո որովայնից ծնուածները՝ երկրի հողի չափ։ Եւ սակայն դու այժմ չես ոչնչանալու, եւ քո անունը չի կորչելու իմ առաջ։
20 Դո՛ւրս եկէք Բաբելոնից, փախէ՛ք քաղդէացիներից, ուրա՛խ ձայնով պատմեցէք, թող լսելի լինի այն, մինչեւ աշխարհի ծագերը յայտնեցէ՛ք ու ասացէ՛ք, թէ՝ Տէրը փրկեց իր ծառայ Յակոբին։
21 Եւ եթէ անապատում ծարաւեն նրանք, նրանց համար նա քարից ջուր պիտի հանի։ Քարը պիտի պատռուի, ջրերը պիտի բխեն, եւ իմ ժողովուրդը պիտի խմի։ Աամբարիշտներն ուրախութիւն չեն տեսնելու, -ասում է Տէրը։