ԵՍԱՅԻ. Chapter 52

1 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Սիո՛ն, հագի՛ր քո զօրութիւնը, Սիո՛ն. դու էլ քո փա՛ռքը հագիր, ո՛վ սուրբ քաղաքդ Երուսաղէմ, որովհետեւ պիղծերն ու անթլփատներն այլեւս չեն անցնելու քո միջով։
2 Թօթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղէմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր.
3 Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. Դուք ձրի վաճառուեցիք եւ արծաթով չէք փրկուելու։
4 Այսպէս է ասում Տէրը. Իմ ժողովուրդը նախ Եգիպտացիների երկիրն իջաւ, որպէսզի իբրեւ նժդեհ ապրի այնտեղ, ապա բռնութեամբ Ասորեստան քշուեց։
5 Բայց այժմ ինչո՞ւ էք այստեղ։ Այսպէս է ասում Տէրը. Իմ ժողովուրդը զուր տեղը քշուեց. նրանք ապշահար էին մնացել եւ լաց էին լինում։ Այսպէս է ասում Տէրը. Ձեր պատճառով իմ անունը մշտապէս հայհոյւում է հեթանոսների մէջ։
6 Դրա համար իմ ժողովուրդն այդ օրը պիտի ճանաչի իմ անունը, գիտենայ, որ ես նոյնն եմ, որի մասին խօսում էին, եւ ահա եկել հասել եմ։
7 Լեռների վրայ ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղութեան լուրն է աւետում, ով բարութեան աւետիսն է բերում եւ քո փրկութեան մասին յայտնում՝ ասելով Սիոնին, թէ՝ Քեզ վրայ թագաւորելու է Աստուած։
8 Քո պահապանների ձայնն է հնչելու, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետեւ իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տէրը ողորմելու է Սիոնին։
9 Լեռները Երուսաղէմի աւերակների հետ միասին ցնծութեան կոչ պիտի արձակեն, քանզի Տէրը ողորմեց նրանց եւ փրկեց Երուսաղէմը։
10 Տէրն իր սուրբ բազուկը պիտի ցոյց տայ ի տես բոլոր ազգերի, եւ երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկութիւնը։
11 Հեռացէ՛ք, հեռացէ՛ք, ելէ՛ք այդտեղից եւ պիղծերին մի՛ մօտեցէք. ելէ՛ք այդ երկրի միջից եւ հեռացէ՛ք, դուք, որ վերցրել բերում էք Տիրոջ սպասքը։
12 Ո՛չ խռովութեամբ պիտի ելնէք եւ ո՛չ էլ փախչելով գնաք, քանզի ձեր առջեւից Տէրն ինքն է ընթանալու, եւ ձեզ հաւաքելու է նա, որ Աստուածն է Իսրայէլի։
13 Ահաւասիկ խելահաս պիտի դառնայ իմ ծառան, պիտի յառնի, բարձրանայ ու մեծապէս փառաւորուի։
14 Ինչպէս որ շատերը քեզ վրայ պիտի զարմանան, երբ անշքանա մարդկային քո տեսքը եւ քո փառքը, որ մարդկանց որդիներից է,
15 այդպէս էլ բազում ազգեր զարմանալու են քեզ վրայ, եւ թագաւորների բերանները պապանձուելու են, որովհետեւ տեսնելու են այն, ինչի մասին նրանց չի պատմուել, եւ իմանալու են այն, ինչի մասին չեն լսել։