ԵՍԱՅԻ. Chapter 24

1 Ահաւասիկ Տէրը ամայացնելու է աշխարհը, աւերելու է այն, խորտակելու է նրա հիմքերը եւ ցանուցիր է անելու նրա բնակիչներին։
2 Նոյն բախտին պիտի արժանանան ժողովուրդը եւ քահանան, ծառան եւ տէրը, աղախինը եւ տիրուհին, միմեանցից չպիտի տարբերուեն գնողն ու վաճառողը, փոխատուն եւ փոխառուն, պարտապանը եւ պարտատէրը։
3 Ամբողջովին պիտի աւերուի երկիրը, լրիւ պիտի կողոպտուի երկիրը, քանզի Տէրն իր բերանով ասաց այդ.
4 Սո՛ւգ արա, որովհետեւ երկիրը կործանուեց,աշխարհն աւերուեց ու ամայացաւ, երկրի բարձունքները սուգ մտան։
5 Երկիրն իր բնակիչներով մեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրէնքները, խեղաթիւրեցին նրա պատուիրանները եւ դրժեցին յաւիտենական ուխտը։
6 Նզովքը պիտի ճարակի երկիրը, որովհետեւ նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, եւ սակաւաթիւ մարդիկ են կենդանի մնալու։
7 Պիտի սգայ գինին, պիտի սգայ այգին, խրախճանքով տարուածները բոլորը հոգոց պիտի հանեն։
8 Թմբուկների ցնծութիւնը դադարեց, ամբարիշտների հպարտութիւնն ու մեծութիւնը տեղի տուեցին, քնարների ձայները լռեցին։
9 Խմողներն ամօթահար եղան ու այլեւս գինի չէին խմում, օղին դառնութեան փոխուեց նրանց համար։
10 Բոլոր քաղաքներն աւերակ դարձան, ապարանքների դռները գոց մնացին, որովհետեւ ներս մտնող չկար։
11 Ամէն, ամէն տեղ գինու վրա՛յ ողբացէք. ամէն ուրախութիւն լռեց, վերացաւ ողջ երկրի ցնծութիւնը։
12 Աւերակ քաղաքները պիտի լքուեն, կանգուն մնացած ապարանքները պիտի կործանուեն։ Այս ամէնը պիտի կատարուի երկրի վրայ, հեթանոսների մէջ։
13 Ինչպէս վերջին պտուղը քաղելու համար ճռաքաղ են անում ձիթենին, այդպէս ճռաքաղ պիտի անեն եւ նրանց։ Եւ երբ այգեկութը դադարի, նրանք բարձրաձայն պիտի աղաղակեն։
14 Իսկ երկրի վրայ կենդանի մնացածները միահամուռ պիտի ուրախանան Տիրոջ փառքով, եւ ծովի ջրերը պիտի յուզուեն։
15 Դրա համար էլ Տիրոջ փառքը պիտի պարուրի ծովի կղզիները, եւ Տիրոջ անունը պիտի փառաւորուի։ Ո՛վ Տէր Աստուած Իսրայէլի,
16 երկրի ծայրերից հրաշալի օրհնութիւն լսեցինք. Յո՛յս բարեպաշտին. եւ թող ասեն. Ինձ համար է իմ խորհուրդը,իմ խորհուրդն ինձ եւ իւրայիններիս համար է։ Վա՜յ նրանց, որոնք արհամարհում են, արհամարհելով արհամարհում են օրէնքները։
17 Ահը, գուբը եւ որոգայթը թող սպառնան ձեզ, ո՛վ երկրի բնակիչներ։
18 Ով որ ահից փախչի՝ թող ընկնի գուբը, եւ ով որ ելնի գբից՝ թող բռնուի որոգայթի մէջ։ Ահա բացուեցին երկնքի պատուհանները, եւ երկրի հիմքերը ցնցուեցին։
19 Երկիրը շփոթի ու խռովութեան մէջ պիտի ընկնի, երկիրը պիտի տագնապի,տարակուսի եւ խոնարհուի։
20 Երկիրը պիտի շարժուի ու ցնցուի ինչպէս այգու պահապանի տնակ, հարբածի ու երերուողի պէս պիտի գլորուի եւ պիտի չկարողանայ ոտքի կանգնել, որովհետեւ նրա վրայ ծանրացել է անօրէնութիւնը։
21 Այն օրը Աստուած իր ձեռքը պիտի տարածի երկնային լուսատուների վրայ, իսկ երկրում՝ երկրի թագաւորների վրայ։
22 Եւ պիտի հաւաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մէջ, պիտի պաշարեն ամրոցները եւ շատ սերունդներ անց պիտի պատժեն նրանց։
23 Ու պիտի հալուի աղիւսը, կործանուի պարիսպը, քանզի Սիոնի լերան վրայ եւ Երուսաղէմում Տէրն է թագաւորելու եւ փառաւորուելու ծերերի առաջ։