ԵՍԱՅԻ. Chapter 53

1 Ո՞վ հաւատաց Տիրոջ մասին մեր տուած լուրին, եւ ո՞ւմ յայտնի դարձաւ Տիրոջ բազուկը։
2 Նրա առաջ մենք յայտնուեցինք որպէս մանուկ, որպէս արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ունէր նա եւ ո՛չ էլ վեհութիւն։ Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ գեղեցկութիւն։
3 Նրա տեսքն աւելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարուածների ենթակայ մի մարդ եղաւ, որ ցաւերին համբերել գիտէ. իր երեսը դարձնելով՝ արհամարհուեց ու բանի տեղ չդրուեց։
4 Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարւում, սակայն մենք նրա ցաւերը, հարուածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան։
5 Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրէնութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա՛ պատիժ կրեց, եւ նրա՛ վէրքերով մենք բժշկուեցինք։
6 Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորուեց, բայց Տէրը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։
7 Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Ինչպէս ոչխար՝ նա մորթուելու տարուեց, եւ ինչպէս գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջեւ նրա նման իր բերանը չի բացում։
8 Խոնարհութեան շնորհիւ նրա դատաստանը վերացաւ, եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրայ վերջ տուին նրա կեանքին. իմ ժողովրդի անօրէնութիւնների պատճառով նա մահուան մատնուեց։
9 Նրա գերեզմանի համար՝ չարութեամբ, իսկ նրա մահուան համար մեծամեծ հարուածներով պիտի վրէժխնդիր լինեմ, որովհետեւ նա անօրէնութիւն չգործեց, եւ նենգութիւնը տեղ չգտաւ նրա բերանում։
10 Տէրը կամենում է մաքրել նրան վէրքերից։ Եթէ մեղքերի համար հատուցում տաք, ապա երկարակեաց սերնդի կ՚արժանանաք, որի միջոցով Տէրը կը ցանկանայ ազատել նրան իր ցաւերից,
11 ցոյց տալ նրան լոյս եւ օժտել իմաստութեամբ, արդարացնել արդարին, որը յօժարակամ ծառայեց շատերին եւ իր վրայ է վերցնելու նրանց մեղքերը։
12 Ահա թէ ինչու նա շատ բան պիտի ժառանգի եւ հզօրների աւարը պիտի բաժանի, որովհետեւ նրա անձը մահուան մատնուեց, եւ նա յանցաւորներին հաւասար համարուեց։ Նա շատերի մեղքերը կրեց եւ նրանց անօրէնութիւնների համար դատապարտուեց։