ԵՍԱՅԻ. Chapter 57

1 Տեսէ՛ք, ինչպէ՜ս կորաւ արդարը, եւ չկայ մէկը, որ սրտով կարեկցի. արդար մարդիկ վերանում են, եւ ոչ ոք ուշադրութիւն չի դարձնում, որ արդարն անիրաւութեան պատճառով է վերանում։
2 Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացաւ մէջտեղից։
3 Բայց դուք մօտեցէ՛ք, առա՛ջ եկէք, անօրէ՛ն որդիներ, պոռնկածի՛ն որդիներ, շնութեա՛ն որդիներ։
4 Ինչո՞վ էք պարծենում, ո՞ւմ վրայ էք բացում ձեր բերանները եւ կամ ո՞ւմ վրայ էք հանում ձեր լեզուները. մի՞թէ դուք կորստեան որդիներ չէք, անօրէնութեան սերունդ,
5 որ անտառախիտ ծառերի տակ ընկած՝ աղաչում էիք ձեր կուռքերին, անդունդներում՝ ժայռերի կատարներին եւ խոր ձորերում զոհում էիք ձեր որդիներին։
6 Այդ է քո բաժինը, այդ նոյնն է քո վիճակը. նրանց առաջ նուէրներ թափեցիր, նրանց զոհեր մատուցեցիր, եւ այս ամենի վրայ միթէ չե՞մ բարկանալու, -ասում է Տէրը։
7 Այնտեղ, բարձր ու մեծ լերան վրայ է քո անկողինը, եւ դու այնտեղ ելար զոհեր մատուցելու։
8 Ապա դռների դրանդիների վրայ հաստատեցիր քո յիշատակները։ Կարծում էիր՝ եթէ ինձնից հեռանաս, աւելի՞ բան պիտի գտնես։ Քո անկողինները լայնացրիր եւ փռուեցիր դրանց վրայ. սիրեցիր քո հոմանիներին
9 եւ յաճախակի դարձրիր քո պոռնկութիւնը նրանց հետ։ Հեռաւորներից շատերին քե՛զ կապեցիր եւ պատգամաւորներ ուղարկեցիր քո սահմաններից դուրս։
10 Նկուն դարձար ու իջար գերեզման, յոգնատանջ եղար քո բազում ճանապարհորդութիւններից եւ չասացիր, թէ՝ Այժմ հանգստանամ, որովհետեւ ուժիդ համեմատ էիր գործում, դրա համար էլ չհնազանդուեցիր ինձ։
11 Ո՞ւմից վախեցար ու զարհուրեցիր, որ ստեցիր եւ չյիշեցիր ինձ, միտքդ չբերիր, սրտիդ մէջ չդրիր, իսկ ես քեզ տեսայ ու անտեսեցի։ Ես այն եմ, որ յաւիտենական եմ, իսկ դու ինձնից չվախեցար։
12 Արդ, ես պիտի պատմեմ իմ արդարութեան եւ քո չարիքների մասին,
13 որոնք քեզ չեն օգնելու, երբ աղաղակես, եւ քեզ չեն փրկելու քո նեղութիւնից. դրանց բոլորին հողմերը պիտի տանեն եւ մրրիկները բաժան-բաժան պիտի անեն։ Իսկ նրանք, ովքեր ինձ վրայ են յոյս դրել, պիտի ստանան երկիրը եւ ժառանգեն իմ սուրբ լեռը։
14 Նրանք պիտի ասեն. Բացէ՛ք նրա առաջ ճանապարհները, խոչ ու խութերը հեռացրէ՛ք իմ ժողովրդի ճանապարհից։
15 Այսպէս է ասում Բարձրեալը, որ յաւիտենապէս բնակւում է բարձունքներում, սուրբը սրբերի մէջ. նրա անունը Բարձրեալ է, եւ նա սրբերի մէջ է մնում, համբերութիւն է տալիս տարակուսանքի մէջ ընկածներին եւ կեանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
16 Ես յաւիտեան վրէժխնդիր չեմ լինելու ձեզանից եւ ոչ էլ մշտապէս բարկանալու եմ ձեզ վրայ, քանզի հոգին ինձնից է բխում, եւ ամէն շունչ ես եմ ստեղծել։
17 Մեղքի պատճառով սակաւ ժամանակ տրտմութիւն հասցրի նրան, հարուածեցի նրան ու իմ երեսը շրջեցի նրանից, եւ նա տրտմեց ու իմ առաջ թախծոտ՝ անցաւ իր ճանապարհները։
18 Ես տեսայ նրա սրտի ճանապարհները եւ բժշկեցի նրան, սփոփեցի ու ճշմարիտ մխիթարութիւն տուի նրան։ Նրա սգաւորների համար պտուղ ստեղծեցի։
19 Թող խաղաղութիւն, խաղաղութիւն լինի հեռաւորներին եւ մերձաւորներին, -ասում է Տէրը, -ու ես պիտի բժշկեմ նրանց։
20 Իսկ անօրէնները պիտի ծփան ծովի նման եւ հանգիստ չգտնեն, ու նրա ջրերը պիտի անհետանան՝ կաւի հետ խառնուելով։ Ամբարիշտների համար խաղաղութիւն չկայ, -ասում է Տէրը։