ԵՍԱՅԻ. Chapter 5

1 Իմ սիրեցեալի համար պիտի երգեմ նրա սիրելի այգու երգը.Մի անկիւնում, արգաւանդ մի տեղում, այգի ունէր իմ սիրելին։
2 Ցանկապատեցի, բարձր ձողեր կանգնեցրի եւ ընտիր որթատունկ տնկեցի։ Աշտարակ շինեցի նրա մէջ, նաեւ հնձան փորեցի այնտեղ եւ սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։
3 Այժմ, Յուդայի երկրի մարդի՛կ եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր, իմ ու իմ այգու դա՛տն արէք.
4 էլ ի՞նչ պիտի անէի իմ այգու համար, որ չարեցի։
5 Սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։ Հիմա ես ինքս կ՚ասեմ, թէ ինչպէս եմ վարուելու իմ այգու հետ. կը քանդեմ նրա ցանկապատը, եւ թող յափշտակութեան ենթարկուի այն. կը կործանեմ նրա պարիսպները, եւ թող ոտքի կոխան լինի այն։
6 Կը լքեմ իմ այգին, թող չէտուի ու չփորուի, թող նրա մէջ փուշ բուսնի, ինչպէս խոպան տեղում, եւ կը պատուիրեմ իմ ամպերին, որ չանձրեւեն իմ այգում։
7 Զօրութիւնների Տիրոջ այգին Իսրայէլի տունն է, Յուդայի երկրի մարդը՝ նրա սիրած դալար որթատունկը. սպասեցի, որ նա իրաւունքը պահի, առաջ տանի, բայց նա անիրաւութիւն արեց, արդարութեան փոխարէն՝ ողբ ու աղաղակ։
8 Վա՜յ նրանց, որոնք տանը տուն են կցում եւ ագարակին ագարակ միացնում, որպէսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թէ երկրի վրայ մենակ դուք էք ապրելու։
9 Ահաւասիկ այդ ամէնը հասաւ Զօրութիւնների Տիրոջ ականջին։ Եւ թէկուզ տները բազմաթիւ լինեն, նրանք աւերակ են դառնալու. եթէ մեծ ու գեղեցիկ էլ լինեն, մարդ չի գտնուելու, որ բնակուի նրանց մէջ։
10 Տասը լուծ եզան վարատեղը տալու է մէկ սափոր արդիւնք, տասը արդու սերմանողը երեք գրիւ է հաւաքելու։
11 Վա՜յ նրանց, ովքեր առաւօտեան վեր կենալով՝ ընկնում են օղու յետեւիցեւ օրն անցկացնում դրանով, եւ հէնց գինին նորից բորբոքում է նրանց։
12 Փողով ու թմբուկով, քնարով ու երգով գինին խմում,բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի կատարածներին ուշադրութիւն չեն դարձնում։
13 Իմ ժողովուրդն այսուհետեւ գերութեան է մատնուելու այն պատճառով, որ չի ճանաչում Տիրոջը. հացի սովից եւ ջրի ծարաւից բազմանալու են նրանց դիակները։
14 Դժոխքն էլ ինքն իրեն լայնացրել եւ բացել է իր երախները, որպէսզի դադար չունենայ. փառաւորուածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զուարճամոլները նրա մէջ պիտի իջնեն։
15 Մարդը պիտի ստորացուի, անուանի տղամարդը պիտի անարգուի, ամբարտաւան աչքերը պիտի խոնարհուեն,
16 եւ Զօրութիւնների Տէրն արդարութեամբ պիտի բարձրանայ, սուրբ Աստուածն արդարութեամբ պիտի փառաւորուի։
17 Յափշտակուածները պիտի արածեն ինչպէս ցուլեր, եւ մնացածների աւերակների վրայ գառները պիտի ճարակեն։
18 Վա՜յ նրանց, ովքեր կարծես երկար պարանով իրենց մեղքերն են քարշ տալիս եւ ասես երինջների լծափոկով՝ իրենց անօրէնութիւնները։
19 Նրանք ասում են. Այն, ինչ որ կատարելու է, թող շուտ վրայ հասնի, որ տեսնենք. թող ժամանի Իսրայէլի սրբի խորհուրդը, որ իմանանք։
20 Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կ՚անուանեն եւ բարին՝ չար, որոնք լոյսը խաւար կը համարեն եւ խաւարը՝ լոյս, որոնք դառնը քաղցր կը համարեն եւ քաղցրը՝ դառնը։
21 Վա՜յ նրանց, որոնք իրենք իրենց իմաստունի տեղ կը դնեն, իրենք իրենց աչքին խորագէտ կ՚երեւան։
22 Վա՜յ ձեր այդ հզօրներին, որոնք գինի են ըմպում, եւ ձեր իշխաններին, որոնք խառնուած թունդ օղի են խմում,
23 որոնք կաշառքի համար արդարացնում են ամբարշտին եւ արդարի իրաւունքն են գողանում։
24 Դրա համար էլ, ինչպէս եղէգն է վառւում կրակի կայծերից, այնպէս էլ նրանք են այրուելու բորբոքուած բոցից, նրանց արմատը դառնալու է մղեղի նման, նրանց ծաղիկը փոշու պէս վեր է ելնելու, որովհետեւ նրանք մերժեցին Զօրութիւնների Տիրոջ օրէնքը, առաւել եւս անարգեցին Իսրայէլի սրբի խօսքը։
25 Եւ սաստկացաւ Զօրութիւնների Տիրոջ զայրոյթը իր ժողովրդի դէմ. Նա ձեռքը ձգեց նրանց վրայ եւ ոչնչացրեց՝ իր բարկութիւնը տարածելով նաեւ լեռների վրայ, եւ նրանց դիակները, իբրեւ աղբ, թափուած են ճանապարհներին։ Բայց այս բոլորով հանդերձ՝ նրա բարկութիւնը չիջաւ. տակաւին նրա ձեռքը մնում է բարձրացած։
26 Այսուհետեւ ազդանշան կը տայ հեռաւոր ազգերին ու նրանց կը բերի երկրի ծայրերից. եւ ահա նրանք առանց յապաղելու արագ կ՚ընթանան եւ թեթեւօրէն տեղ կը հասնեն։
27 Ո՛չ քաղց են զգալու եւ ո՛չ էլ յոգնելու, ո՛չ նիրհելու են եւ ո՛չ էլ ննջելու, ո՛չ իրենց մէջքի գօտիներն են արձակելու, ո՛չ էլ իրենց կօշիկների կապերն են քանդուելու։
28 Նրանց նետերը սուր են, աղեղները՝ լարուած, նրանց երիվարների սմբակները կարծր ապառաժի նման են, մարտակառքերի անիւները՝ մրրիկի պէս։
29 Նրանք յարձակուելու են ինչպէս առիւծներ, վրայ են հասնելու ինչպէս առիւծի կորիւններ. գոչիւն են հանելու, յարձակուելու են եւ գազանաբար կոտորելու. եւ չի լինելու ոչ ոք, որ փրկի նրանց։
30 Այն օրը, ինչպէս ալեծուփ ծովի ձայնը, աղաղակ պիտի բարձրացնեն նրանց վրայ։ Պիտի նայեն դէպի վեր՝ երկնքին, եւ դէպի վար՝ երկրին, բայց ահա նրանց տագնապին ի պատասխան լինելու է դաժան խաւար։