ԵՍԱՅԻ. Chapter 32

1 Ահա մի թագաւոր, որ արդարութեամբ պիտի թագաւորի, եւ իշխաններ, որոնք իրաւունքով պիտի իշխեն։
2 Եւ այն մարդը, որն իր մտքերն է թաքցնում, այնպէս պիտի լինի,ինչպէս յորդ ջրերի մէջ թաքնուած մէկը։ Իսկ Սիոնը նմանուելու է մի փառաւոր գետի, որ յորդել է տոչորուած երկրում։
3 Այլեւս յոյս չեն դնելու մարդկանց վրայ, այլ իրենց ականջները պահելու են լսելու համար.
4 տկարների սրտերը պիտի անսան ու հնազանդուեն, թոթովախօս լեզուներն արագօրէն պիտի սովորեն բարբառել խաղաղութիւն։
5 Էլ չեն դիմելու յիմարին, որ լինի իրենց իշխան, եւ ոչ էլ քո պաշտօնեաներն են ասելու, թէ՝ լո՛ւռ կաց.
6 քանզի յիմարը յիմարութիւն դուրս կը տայեւ իր սրտում փուչ բաներ կը մտածի՝ անօրէնութիւն անելով, Աստծու մասին մոլորութիւններ խօսելով, հալածելով քաղցած հոգիներին եւ ծարաւած մարդկանց դատարկ արձակելով։
7 Չարագործերն անօրէն խորհուրդներ են խորհում՝ անիրաւ խօսքերով ապականելով խեղճերին եւ դատի ժամանակ արհամարհելով աղքատների խօսքը.
8 իսկ արդարները իմաստուն բաներ են խորհում, եւ այդ խորհուրդը կայ ու կը մնայ։
9 Ո՛վ բարեկեցիկ կանայք,եկէք ակա՛նջ դրէք իմ ձայնին, եւ դուք, դուստրե՛ր, խոհե՛մ եղէք ու լսեցէ՛ք իմ խօսքերը։
10 Ցաւով ու տագնապով պիտի յիշէք տարեկան տօների օրերը, քանզի այգեկութը նուազեց, ցանքսը դադարեց, եւ այլեւս յետ չեն գալու։
11 Զարհուրեցէ՛ք, բարեկեցիկնե՛ր, տրտմեցէ՛ք, մեծամիտնե՛ր, հանուեցէ՛ք, մերկացէ՛ք, քո՛ւրձ հագէք,
12 լա՛ց եղէք եւ կո՛ւրծք ծեծեցէք սիրելի հանդերի համար եւ այգիների բերքի համար։
13 Իմ ժողովրդի հողում փուշ ու մոլախոտ պիտի բուսնի, եւ բոլոր ապարանքների միջից ուրախութիւնը պիտի վերանայ. փարթամ քաղաքի ապարանքները պիտի լքուեն։
14 Պիտի լքեն այդ քաղաքի հարստութիւնը եւ ցանկալի տները, քո աւանները յաւիտենապէս քարանձաւների պիտի վերածուեն, ցիռերը պիտի զուարճանան այնտեղ,եւ հօտերը պիտի արածեն,
15 մինչեւ որ բարձրից ձեզ վրայ գայ Հոգին, եւ Քերմէլն անապատ դառնայ, Քերմէլ լեռն անտառ համարուի,
16 եւ իրաւունքը հանգրուանի անապատում, արդարութիւնը բնակուի Քերմէլում։
17 Արդարութեան գործերը խաղաղութեամբ պիտի կատարուեն, արդարութիւնը անդորրութիւն պիտի հաստատի, յոյս ունեցողները յաւիտեան պիտի մնան։
18 Եւ իմ ժողովուրդը պիտի բնակուի խաղաղութեան քաղաքում, պիտի բնակուի յոյսով եւ լինի ապահով ու հանգիստ։
19 Եթէ կարկուտ էլ թափուի, նրանց վրայ չի գալու։ Անտառում բնակուողները նոյնպէս պիտի լինեն այնպէս ապահով, ինչպէս նրանք, որոնք դաշտում են։
20 Երանի՜ նրանց, ովքեր սերմ են ցանում այն բոլոր ջրերի մօտ, ուր ոտք են դնում եզն ու էշը։