ԵՍԱՅԻ. Chapter 21

1 Տեսիլք ծովափնեայ անապատի վրայ։Ինչպէս անապատով անցնող մրրիկ, այդպէս նա եկաւ անապատային երկրից։
2 Ահաւոր էր եւ սարսափելի այն տեսիլքը, որ երեւաց ինձ։ Անարգողն անարգում է, անիրաւը՝ անիրաւութիւն գործում։ Ինձ վրայ յարձակուեցին էլամացիք, ինձ վրայ եկան պարսից պատգամաւորները։ Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում։
3 Ահա թէ ինչու մէջս սարսուռ ընկաւ, ցաւերը բռնեցին ինձ, ինչպէս ծննդկան կնոջը։ Փախայ, որպէսզի չլսեմ, շտապեցի, որպէսզի չտեսնեմ։
4 Միտքս շուարեց, յանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկաւ։ Նայի՛ր, թէ ինչ դիտաւորութիւն ունես.
5 սեղա՛ն պատրաստիր, կե՛ր, խմի՛ր։ Եկէ՜ք, իշխաննե՛ր, պատրաստեցէ՛ք ձեր վահանները,
6 քանզի այսպէս ասաց ինձ Տէրը. Ինքդ անձամբ գնա դէ՛տ եղիր, ինչ որ տեսնես՝ կը պատմես։
7 Եւ ես տեսայ երկու հեծեալ, մի հեծեալը՝ էշի վրայ, միւս հեծեալը՝ ուղտի։ Մեծ ուշադրութեամբ ականջ դրեցի։ Ուրիային կանչիր քո դիտանո՛ցը, -ասաց Տէրը։
8 Ու ամբողջ ցերեկը եւ ողջ գիշերը հետեւեցի բանակին
9 ու տեսայ, որ գալիս է նոյն հեծեալ զոյգը՝ ձայն տալով եւ ասելով. Ընկաւ, կործանուեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետին տապալուեցին։
10 Լսեցէ՛ք, կենդանի մնացածնե՛ր եւ տանջուածնե՛ր, լսեցէ՛ք այն, ինչ ես լսեցի Զօրութիւնների Տիրոջից, ինչ մեզ պատմեց Իսրայէլի Աստուածը։
11 Տեսիլք եդոմայեցիների վրայ։ Մի ձայն ինձ կանչում է Սէիր լերան վրայից. Պահպանեցէ՛ք պարսպաբուրգերը։
12 Ես կը պահպանեմ առաւօտ ու գիշեր։ Եթէ դու ինձ հարցնես, հարցրո՛ւ եւ եկ ինձ մօ՛տ բնակուիր։
13 Պատգամ արաբացիների մասին։ Գիշերները կը ննջես անտառում, Դոդանիմի ճանապարհին։
14 Ընդառա՛ջ եկէք եւ ջո՛ւր բերէք ծարաւածներին, ո՛վ Թեմանի բնակիչներ, հացո՛վ ընդառաջ ելէք փախստականներին,
15 որովհետեւ անթիւ են սպանուածները եւ բազում՝ մոլորեալները, անթիւ են սրերը եւ բազում՝ լարուած աղեղները, որովհետեւ բազմաթիւ են պատերազմում ընկածները։
16 Այսպէս ասաց ինձ Տէրը. Եւս մի տարի՝ նման վարձկանի տարուան, եւ կը վերանայ Կեդարի որդիների փառքը։
17 Կեդարի աղեղնաւոր ու զօրաւոր որդիներից մնացածները եւս սակաւաթիւ կը լինեն, -քանզի Իսրայէլի Տէր Աստուա՛ծը խօսեց։